• Latest news

Նուռը Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների դեմ պայքարի ներո՞ւժ ունի

23 օգոստոսի, 2014  23:42

Հադերսֆիլդի համալսարանի գիտահետազոտական խմբերի մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդու մտավոր կարողությունների բթացմամբ աչքի ընկնող երկու խանգարումներին՝ Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդություններին հատուկ ախտանշանները կարելի է նռան կճեպի եւ հատիկների մեջ առկա հատուկ միացության օգնությամբ մեղմել:

Հիշատակված հիվանդությունների դեմ առաջամարտ պայքար մղող ասոցիացիաներից մեկի կողմից հրապարակված կանխատեսումների համաձայն, մինչեւ 2050թ.-ը թուլամտությամբ տառապող մարդկանց թվի եռապատկում է գրանցվելու: Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները, որոնք խիստ դեստրուկտիվ առանձնահատկություններով եւ անբուժելիության բարձր մակարդակով են աչքի ընկնում, առանց այդ էլ կարող են 21-րդ դարի առողջապահության գլխավոր մարտահրավերներից մեկը համարվել, հիշեցնում է Medical Daily-ն: 

Այդուհանդերձ, ինչպես վերը հիշատակված հետազոտության արդյունքներն են վկայում, նռան բաղադրության մեջ մտնող՝ պունիկալագին անունը ստացած պոլիֆենոլը ուղեղի բջիջների բորբոքումը՝ միկրոգլիան չեզոքացնելու հատկությամբ է աչքի ընկնում:

Հետազոտությունը սննդամթերքի բնական տեսակների հակաբորբոքային հատկություններով հետաքրքրված համալսարանականներից մեկը՝ դոկտոր Օլումայոքուն Օլաջիդեն է ղեկավարել: Վերջինս, հետազոտական խմբի օգնությամբ, առնետների ուղեղի բջիջների վրա պունիկալագինի ազդեցությունը պարզելու նպատակով, հատուկ լաբորատոր փորձարկումներ է նախաձեռնել: Նշենք, որ Պարկինսոնի, որոշ չափով էլ՝ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ հիշյալ բորբոքման արդյունքում բջիջների շղթայական ոչնչացում է նկատվում:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ պունիկալագինն, իրոք, բորբոքման ծավալները նվազեցնելու հատկություն ունի: Սակայն, նախքան մարդկանց նկատմամբ փորձարկումներին անցնելը, միացության օպտիմալ չափաբաժնի որոշման տեսանկյունից գիտնականները դեռեւս հետագա հետազոտությունների կարիք են զգում: Մինչ այդ դոկտոր Օլաջիդեն համոզմունք է հայտնում, որ նռան հյութը կարող է նույնքան օգտակար գտնվել: 

«Գաղտնիք չէ, որ նռան պարբերական սպառումը կարող է առողջությանը նշանակալի օգուտ բերել: Այժմ դրա օգտակար հատկանիշների թվին կարելի է նաեւ թուլամտությանը հատուկ նյարդային բորբոքումների կանխարգելումն ավելացնել», - նշել է նա՝ հավելելով, որ սպառողները պետք է ուշադիր լինեն՝ նռան 100 տոկոսանոց հյութ գնելիս, քանի որ, ինչպես նախընթաց հետազոտությունների արդյունքներն են վկայել, բոլոր դեպքերում չէ, որ դրանք պիտակին համապատասխան բաղադրություն են ունենում: Իսկ 100 տոկոսանոց խտության պարագայում պունիկալագինի բաղադրությունն ընդամենը 3,4 տոկոս կարող է կազմել:

Մինչ ավանդական բժշկությունը շարունակում է պայքար մղել՝ թուլամտության դեմ պայքարի նպատակով առաջարկվող բուժամիջոցների պակասը լրացնելու համար, զուգահեռաբար այլընտրանքային բժշկության մի քանի եղանակներ են շրջանառվում: Կոգնիտիվ կարողությունների սրում պահանջող խնդիրները՝ ուղեղի զարգացմանը միտված խաղերի տեսքով, բազմաթիվ դեպքերում տարեց մարդկանց մոտ մտավոր առողջության պահպանման են հանգեցրել: Բացի այդ, խոտաբույսային հավելումները եւս կարող են նյարդային դեգեներացիայի՝ ուղեղի հետ նյարդային կապի խզմամբ բնութագրվող գործընթացի դանդաղեցման միջոց ծառայել: Խոսքը, մասնավորապես, հազրեվարդի եւ գանգուր անանուխի մեջ առկա միացությունների մասին է, որոնք կարող են հիշյալ ազդեցությունն ապահովել: Թեեւ կոֆեինը եւս կարող է, այդ տեսանկյունից, պաշտպանական գործառույթ իրականացնել:

Ինչ վերաբերում է նռան օգտակար հատկություններին, դոկտոր Օլաջիդեն մտադիր է հաջորդիվ օրգանական քիմիայի առաջատար մասնագետ դոկտոր Կառլ Հեմինգի հետ համագործակցել՝ մրգի՝ հակաբորբոքային հատկությամբ աչքի ընկնող բաղադրիչից ածանցված դեղահաբեր ստեղծելու նպատակով: Ընդ որում, խոսքը միայն ուղեղի բորբոքման դեմ պայքարի մասին չէ. հիշյալ դեղամիջոցները կարող են նաեւ ռեւմատոիդ արթրիտի եւ քաղցկեղի որոշ տեսակների դեմ պայքարի միջոց ծառայել:

Դոկտոր Օլաջիդեն նշում է, որ հիշյալ հետազոտությունը մասամբ իր՝ Նիգերիայում ստացած դաստիարակության արդյունքն է: «Իմ հայրենիքում բնական դեղամիջոցները տարատեսակ հիվանդությունների բուժման գրեթե միակ միջոցն են հանդիսանում: Աֆրիկացի մայրերն իրենց երեխաներին գլխավորապես բնական բաղադրիչներով՝ խոտաբույսերով են բուժում: Մայրս էլ բազմաթիվ անգամ դրանց օգնությանն է դիմել», - պատմել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել