• Latest news

Քնահարբություն. շփոթմունք եւ անհարիր վարք հրահրող վիճակ

27 օգոստոսի, 2014  12:04

Երբեւէ պատահե՞լ է, որ քնից արթնանալուն պես հասկանաք, որ ինչ-որ բան այն չէ: Խոսքն այստեղ բոլորովին էլ առավոտյան թմրածությանը չի վերաբերում: Ավելի շուտ՝ այն դեպքին, երբ հեռախոսի զարթուցիչը միանալուն պես փորձում եք զանգի պատասխանել կամ կաթի տուփը սառնարանում դնելու փոխարեն՝ սառցարանը խցկել: Ամեն դեպքում, որքան էլ որ տարօրինակ եւ շփոթեցնող լինի ձեր վարքը՝ անհանգստանալու կարիք չունեք: Նյարդաբանների ամերիկյան ակադեմիայի պաշտոնական պարբերականում՝ Neurology ամսագրում վերջերս հրապարակված հոդվածի համաձայն, վերը նկարագրված իրավիճակը, որ «քնահարբություն» անունն է ստացել, այնքան էլ հազվադեպ բնույթ չի կրում եւ ԱՄՆ-ի մինչեւ անգամ յոթ բնակիչներից մեկի մոտ կարող է ի հայտ գալ, հաղորդում է Medical Daily-ն:

«Քնահարբությունը, երբ խառնաշփոթության մեջ եք քնից արթնանում, ի տարբերություն լուսնոտության, առավել քիչ է ուսումնասիրվել, թեեւ նույնքան լուրջ հետեւանքներ կարող է ունենալ», - նշել է հետազոտության հեղինակ, Ստանֆորդի համալսարանից կից գործող բժշկական դպրոցի ներկայացուցիչ դոկտոր Մորիս Օհայոնը:

Վերջինս, իր գործընկերների հետ միասին, հարցախույզ է նախաձեռնել ԱՄՆ 19136 բնակիչների շրջանում՝ պարզելու համար, թե արդյոք նրանցից որեւէ մեկի մոտ երբեւէ քնահարբության ախտանշաններ են ի հայտ եկել: Բացի այդ, հետազոտության մասնակիցների կողմից ընդունվող դեղամիջոցների եւ նրանց մտավոր առողջության վերաբերյալ տվյալներ են հավաքագրվել: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների 15 տոկոսը վերջին մեկ տարվա ընթացքում քնահարբության առնվազն մեկ դրվագ են ունեցել: Ընդ դրում, վիճակի «համը» տեսած մասնակիցների 50 տոկոսից ավելիի պարագայում խոսքը շաբաթական առնվազն մեկ անգամ հաճախականության մասին է գնում:

Ընդ որում, թիրախային խմբին ներառված մասնակիցների 84 տոկոսը խոստովանել են, որ այլ բարդություններ՝ անքնության եւ մտավոր առողջության հետ կապված խնդիրներ ունեն եւ հոգեմետ դեղամիջոցներ, մասնավորապես՝ հակադեպրեսանտներ են ընդունում: Մասնավորապես, հոգեկան խանգարումներով, ներառյալ դեպրեսիայով, երկբեւեռ խանգարմամբ, ալկոհոլիզմով, հետտրավմատիկ սթրեսով կամ խուճապահարությամբ տառապող մասնակիցների բաժինը 37,4 տոկոս է կազմել:

Քնահարբությունը մեծ ի մասամբ արտաքին ազդակների ներգործությամբ՝ առավոտյան կամ գիշերային ժամերին քնից արթնանալու արդյունքում կարող է ի հայտ գալ  եւ անհարիր վարքի դրսեւորման պատճառ դառնալ: Ընդ որում, նման դրվագները կարճ ժամանակ անց կարող են մոռացության մատնվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել