• Latest news

Լոլիկը շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու ներուժ ունի

29 օգոստոսի, 2014  10:36

Բրիստոլի, Քեմբրիջի եւ Օքսֆորդի համալսարաններում գործող գիտահետազոտական խմբերի նախաձեռնությամբ իրականացված համատեղ հետազոտության արդյունքում պարզվել է, որ լոլիկը շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը 20 տոկոսի չափով նվազեցնելու ներուժ ունի:

Հետազոտության շրջանակում, մասնավորապես, 50-69 տարեկան՝ շագանակագեղձի քաղցկեղով ախտորոշված 1806 հիվանդների սննդակարգի եւ կենսակերպի վերաբերյալ հավաքագրված տվյալների համեմատական վերլուծություն է իրականացվել՝ 12005 առողջ մարդկանց նկատմամբ, հաղորդում է FoxNews-ը:

Cancer Epidemiology, Biomarkers and Prevention ամսագրում նկարագրված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ շաբաթական լոլիկի 10-ից ավել չափաբաժին վայելող մարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի 18 տոկոսի չափով նվազեցում է նկատվում: Հետազոտության հեղինակները վստահ են, որ երեւույթի պատճառը լոլիկի բաղադրության մեջ առկա՝ հզոր հակաօքսիդանտ համարվող լիկոպենի հարուստ պաշարն է, որի օգնությամբ մարդու օրգանիզմը ԴՆԹ-ին եւ բջիջներին լուրջ վնաս պատճառող տոքսիններից ազատվելու հնարավորություն է ստանում:

«Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ լոլիկը շագանակագեղձի քաղցկեղի դեմ պրոֆիլակտիկ պայքարի հրաշալի միջոց կարող է ծառայել», - նկատել է հետազոտական խմբի ավագ անդամ Վանեսա Էրը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, բացահայտումը հաստատող հետագա հետազոտությունների, մասնավորապես՝ մարդկանց նկատմամբ փորձարկումների կարիք է զգացվում:

«Այդուհանդերձ, ասվածից չի բխում, թե մրգերի ու բանջարեղենի տեսականուց հրաժարվելու եւ միայն լոլիկի վրա կենտրոնանալու կարիք կա: Ամեն դեպքում, առողջ սննդակարգը շարունակում է կարեւոր դերակատարում ապահովել», - զգուշացրել է փորձագետը:

Հետազոտական համատեղ խմբի անդամները քացկեղի դեմ հետազոտությունների համաշխարհային հիմնադրամի (World Cancer Research Fund) եւ ամերիկյան ինստիտուտի (American Institute for Cancer Research) կողմից քաղցկեղի դեմ պրոֆիլակտիկ պայքարի նպատակով տրամադրվող՝ ֆիզիկական ակտիվության, սննդակարգի եւ մարմնի կշռի վերաբերյալ խորհուրդներն են ուսումնասիրել, ինչի արդյունքում պարզվել է, որ շագանակագեղձի քաղցկեղի պարագայում միայն սննդակարգի վերաբերյալ խորհուրդները (մրգեր, բանջարեղեն եւ բջջանյութի բարձր բաղադրությամբ աչքի ընկող սննդամթերքի այլ տեսակներ) կարող են տվյալ հիվանդության առաջացման հետ կապված ռիսկի նվազեցման հանգեցնել:

Հետազոտության հեղինակները, շագանակագեղձի դեմ պրոֆիլակտիկ պայքարի տեսանկյունից, այսպես կոչված «սննդակարգային ինդեքս» են մշակել, որի հիմնական որոշիչները սելենիումը, կալցիումն ու լիկոպենն են հանդիսանում: Այն մարդիկ, որոնց հաջողվում է հիշյալ երեք բաղադրիչների օպտիմալ հարաբերակցությունը սպառել, շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ամենացածր ռիսկն են «վայելում»:

Միացյալ Նահանգներում քաղցկեղից մահացության երկրորդ գլխավոր պատճառ համարվող շագանակագեղձի քաղցկեղը 7 տղամարդու մեկի մոտ է ախտորոշվում: Հիշյալ ցուցանիշով առաջին տեղում թոքերի քացկեղն է:

Շագանակագեղձի քացկեղն առավելապես զարգացած երկրների բնակիչների մոտ է ախտորոշվում, ինչը, փորձագետներից շատերի համոզմամբ, արեւմտյան սննդակարգի եւ կենսակերպի արդյունքն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել