• Latest news

Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը եւ որքա՞ն հաջող է այն Հայաստանում գործարկվում

29 օգոստոսի, 2014  21:57

Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժմանը միտված օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների համեմատաբար երիտասարդ մեթոդներից մեկն է հանդիսանում: Այն անպտղության այնպիսի դեպքերում է արդիական, երբ հնարավոր չէ բեղմնավորմանը խոչընդոտող պատճառները վերացնել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւն է խոսել:

Մի փոքր՝ պատմությունից

Լուիզ Ջոյ Բրաունը ԱՄԲ արդյունքում ծնված առաջին մարդն է: Աղջիկը «լաբորատոր անոթներում կյանք ստացած բոլոր երեխաների հայր» տիտղոսը կրող երկու բժիշկների՝ Ռոբերտ Էդվարդսի եւ Պատրիկ Սթեփթոուի ջանքերով՝ 1978թ.-ի հուլիսի 25-ին՝ Անգլիայում է լույս աշխարհ եկել: Պտղաբերության հիշյալ մեթոդը երկար տարիներ թե բժիշկների, եւ թե եկեղեցու ընկալմամբ անընդունելի էր համարվում: Սակայն հետագայում Նոբելյալ կոմիտեն որոշել էր մրցանակ սահմանել՝ ԱՄԲ միտված տեխնոլոգիաների մշակման համար, այսինքն՝ վերջինս ամուսնական զույգերի մոտ անպտղության բուժման առաջնակարգ մեթոդներից մեկն էր դարձել: Իսկ երկու բժիշկները՝ Էդվարդսն ու Սթեփթոուն ազգային հերոսների էին վերածվել:

Ցուցումներ.

1. Կանացի անպտղություն՝ խողովակային անանցանելիություն. կնոջ մոտ արգանդային խողովակների գործառույթն է խախտված

• Ձվազատման գործոն. Ցածր ձվաբջջային պաշար, ինչը ոչ միայն ձվաբջիջների փոքր քանակություն, այլ նաեւ՝ ցածր որակ է ենթադրում: Ցածր ձվաբջջային պաշարի պարագայում դոնորի ձվաբջիջների կիրառմամբ արտարգանդային բեղմնավորում է ցուցվում:

• Իմունոլոգիական գործոն՝ ամուսնու սերմնահեղուկի եւ կնոջ արգանդի վզիկի ջրանցքում առկա լորձի անհամատեղելիություն 

• Անբացատրելի անպտղություն. Սա այն դեպքն է, երբ անպտղության պատճառների բացահայտմանը միտված բոլոր հայտնի հետազոտություններն անարդյունք են մնում: 

• Ձվազատման խթանման՝ ներարգանդային բեղմնավորմանը միտված 2-4 անարդյունք փորձ՝ էնդոմետրիոզի ծանր դրսեւորում:

2. Արական գործոն (սպերմատոզոիդների ցածր քանակ եւ թույլ շարժունակություն). Նման դեպքերում արտարգանդային բեղմնավորման ներցիտոպլազմատիկ ներարկման մեթոդն է կիրառվում (ICSI — IntraCytoplasmic Sperm Injection), որի պարագայում սպերմատոիդներն անմիջապես ձվաբջջի մեջ են ներարկվում: Այս մեթոդը նույնիսկ ցածրորակ սերմնահեղուկի դեպքում է արդյունավետ:

3. Անպտղության համատեղ գործոն. Խոսքն այն ամուսնական զույգերին է վերաբերում, որոնց մոտ անպտղության թե իգական, եւ թե արական գործոններ են բացահայտվել:

Անպտղությունն այն դեպքն է, երբ մինչեւ 35 տարեկան ամուսնական զույգին, կանոնավոր սեռական կյանքի՝ առանց հակաբեղմնավորիչ միջոցների եւ մեթոդների վարման պայմաններում (սեռական շփումները՝ առնվազն շաբաթական մեկ անգամ) մեկ տարվա ընթացքում չի հաջողվում հղիության հասնել: 35 տարեկանից բարձր զույգերի պարագայում հիշյալ ժամանակահատվածը 6 ամսով է փոխարինվում:

Արտամարմնային բեղմնավորումը ամուսնական զույգերին գենետիկորեն սեփական երեխա ունենալու հնարավորություն է ընձեռում: Բացի այդ, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, այսօր հնարավոր է բեղմնավորման հետեւյալ բաղադրիչները սառեցնել.

• սպերմատոզոիդներ,

• սաղմեր,

• ձվաբջիջներ

Օրինակ՝ պրակտիկայից եւ մի քանի մանրամասներ

Մասնագետների օգնությանը դիմած մի կնոջ մոտ, արտարգանդային բեղմնավորման փորձի արդյունքում, բարձրորակ սաղմեր էին ստացվել: Դրանց մի մասը արգանդում էին ներպատվաստվել, իսկ մնացածը՝ կրիոկոնսերվացիայի (սառեցում՝ -129 աստիճանի պայմաններում) հանձնվել: Հղիության առաջին իսկ փորձը հաջողությամբ էր պսակվել. կինն իր փոքրիկին բարեհաջող լույս աշխարհ էր բերել: 4 տարի անց նա կրկին բժիշկների օգնությանն էր դիմել՝ երկրորդ երեխան ունենալու համար: Սակայն այս անգամ արդեն ձվատազում խթանող միջոցառումների եւ ձվարանների պունկցիայի կարիք բոլորովին չկար. ընդամենը նախկինում ստացված եւ սառեցման հանձնված սաղմերն էին ներպատվաստվել՝ հղիությունը կազմակերպելու համար, ինչի արդյունքում կինը երկրորդ երեխային էր բարեհաջող ծննդաբերել: «Հիմա տեսեք, թե ինչ է ստացվում: Երեխաները նույն օրվա ընթացքում են բեղմնավորվել, սակայն՝ 4 տարի տարբերությամբ ծնվել», - մեկնաբանել է բժիշկը:  

Արտարգանդային բեղմնավորման եւս մեկ մեթոդ գոյություն ունի (IVM - In vitro maturation), որի պարագայում ձվարանից արտազատված թերհաս ձվաբջիջներ են վերցվում՝ in vitro (օրգանիզմից դուրս) հասունացման համար: Այս մեթոդի առավելությունն այն է, որ ձվազատման խթանում չի պահանջում եւ կարող է բնական դաշտանային ցիկլի պայմաններում իրականացվել:

ԱՄԲ բավականին թանկ մեթոդ է, քանի որ թանկարժեք դեղորայք, ռեակտիվներ եւ այլ նյութական ծախսումներ է պահանջում: Սակայն, եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների հետ համեմատությամբ, Հայաստանում այն բավականին ցածր գներով է բնորոշվում:

Հակացուցումներ

• սոմատիկ (թերապեւտիկ) եւ հոգեկան հիվանդություններ,

• ձվարանների ուռուցք,

• արգանդի՝ վիրաբուժական միջամտություն պահանջող բարորակ ուռուցքներ,

• սուր բորբոքային հիվանդություններ՝ ցանկացած տեղակայմամբ,

• չարորակ նորագոյացություններ՝ ցանկացած տեղակայմամբ, այդ թվում նաեւ՝ հիվանդության ընտանեկան պատմության առկայություն

Արդյունավետության մասին

«Հղիությունն» ու «ծննդաբերությունը» տարբեր հասկացություններ են, քանի որ բոլոր հղիությունները չէ, որ ծննդաբերությամբ են ավարտվում: Արտարգանդային բեղմնավորման պարագայում սաղմերի ներպատվաստումը միայն 38-40 տոկոս դեպքերում է ծննդաբերությամբ ավարտվում: Ընդ որում, կնոջ տարիքից կախված՝ ցուցանիշը կրճատվելու միտում ունի: Օրինակ՝ 41 տարեկանից հետո այն կարող է 5-7 տոկոսի հասնել: Իհարկե, անպտղությամբ տառապող ամուսնական զույգերի համար այն շարունակում է «մեծ թիվ» մնալ, քանի որ առանց տվյալ մեթոդի գործարկման հղիության հասնելու հավանականությունը նրանց մոտ զրոյի է հավասար:

Անի Լիպարիտյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է