• Latest news

Սելեկտիվ աբորտների դեմ պայքարի օրինագիծը վերանայվում է

29 օգոստոսի, 2014  18:15

Սելեկտիվ աբորտների դեմ ուղղված օրինագիծը, որով առաջարկվում էր մինչեւ հղիության 30-րդ շաբաթը երեխայի սեռի մասին ծնողներին տեղեկությունների տրամադրման վրա արգելանք դնել, քննարկվել է եւ, Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների թիվը նվազեցնելու համար, այլընտրանքային տարբերակների եւ այլ եղանակների դիտարկման մասին որոշում կայացվել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Նրա խոսքով՝ քննարկումների ընթացքում շատ կարծիքներ են հնչել այն մասին, որ սեռն իմանալն արգելող օրենքը կարող է մեծացնել թե կոռուպցիոն ռիսկերը, եւ թե կրիմինալ աբորտների թիվը: Այդ պատճառով էլ օրենքի նախագծի երկրորդ փաթեթում այլ շեշտադրումներ են նախատեսվում:

Իսկ ի՞նչ այլընտրանքային ճանապարհներ կան, որոնք կարող են օգնել էֆեկտիվորեն պայքարել սելեկտիվ աբորտների դեմ:

Օրինակ, Կարինե Սարիբեկյանի խոսքով, որոշ երկրներում բավական արդյունավետորեն է կիրառվում միանգամից աբորտ անելու արգելքը. հղիությունն ընդհատել ցանկացող կնոջը մի քանի օր մտածելու ժամանակ են տալիս, ամեն ինչ բացատրում են; արդյունքում նա կարող է փոխել իր կարծիքը եւ հրաժարվել աբորտից:

Լավ գաղափար է նաեւ աբորտ անելուց առաջ սոնոգրաֆիա անել եւ ծնողներին ցույց տալ պտղին, թույլ տալ լսել նրա սրտի աշխատանքը: Շատերը, տեսնելով երեխային ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, այլեւս չեն կարողանում սպանել նրան:

«Մայրը հղիությունը ընդհատելուց առաջ պետք է տեսնի երեխային, հետո ընդհատի: Շատ արդյունավետ միջոց է: Մենք նաեւ այդ ուղղությամբ ենք մտածում՝ զգայական, հոգեբանական», - նշել է Կարինե Սարիբեկյանը:

Կարելի է նաեւ թույլատրել աբորտ անել մինչեւ հղիության 10 շաբաթը՝ 12-ի փոխարեն, քանի որ այդ ժամկետում սեռը պարզելը հնարավոր չէ:

Բացի այդ, մեր օրենսդրությունը չի թույլատրում եւ չի արգելում սեռով պայմանավորված աբորտները, նշել է նաեւ Կարինե Սարբեկյանը: Այդ պատճառով, գաղափար կա նաեւ օրենսդրորեն արգելել սեռով պայմանավորված աբորտ անել, իսկ եթե նման փաստն ապացուցվի, մեղավորները տուգանքի եւ այլ պատժամիջոցի փոխարեն արդեն քրեական պատասխանատվության կենթարկվեն:

Հնարավոր է նաեւ որոշակի սոցիալական օժանդակություն առաջարկել, եթե երրորդ եւ/կամ չորրորդ երեխաները աղջիկ են ծնվում:

Ակնկալվում է, որ օրինագծի երկրորդ փաթեթը պատրաստ կլինի մինչեւ 2015 թվականի հունվարի ավարտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել