• Latest news

Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը կբացվի սեպտեմբերի վերջին

30 օգոստոսի, 2014  09:22

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը օգոստոսի 29–ին Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ուղեկցությամբ  ծանոթացավ  շինարարական աշխատանքների ընթացքին:  2013 թվականին մեկնարկած աշխատանքների ավարտից հետո ինստիտուտը կհամալրվի նոր մասնաշենքով, որտեղ  կկազմակերպվի 5-6 նոր բաժանմունք, այդ թվում` մանկական կուրության կանխարգելման գերազանցության առաջին կենտրոնը:  Շուրջ երկու տարի տեւած նախապատրաստական մանրակրկիտ աշխատանքից հետո այցելուների համար կենտրոնն իր դռները կբացի ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին:

«Գերազանցության կենտրոնը կգործի  Երեւանի Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, գինեկոլոգիայի եւ մանկաբարձության ինստիտուտի շենքում: Կենտրոնի առաքելությունը  մանկական կուրության կանխարգելումն ու անհասության ռետինոպաթիա  հիվանդության դեմ պայքարն է»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը: Նրա խոսքով` ինստիտուտում լայն թափով  իրականացվող  շինարարական աշխատանքների ավարտը նախանշված է 2015 թվականի վերջին: Շինարարությունն իրականացվում է  բացառապես ինստիտուտի ֆինանսական միջոցների հաշվին` առանց հավելյալ օժանդակության:

Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը  հանրապետության ծննդօգնություն իրականացնող ամենամեծ հիմնարկներից մեկն է, որտեղ մատուցվում է  մանկաբարձա-գինեկոլոգիական համալիր ծառայություն` սպասարկելով ողջ հանրապետության ազգաբնակչությանը, հատկապես՝ մարզերից ուղեգրված ծանր դեպքերը:

Առաջիկայում ինստիտուտում նախատեսվում է ընդլայնել եւ արդիականացնել անհաս եւ ցածր քաշով ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող նորածինների բաժանմունքը, մասնավորապես`  նրանց տեսողության հետազոտության ներդրումը, ներգանգային արյունազեղումների ժամանակին ախտորոշումը, որի համար կառուցվում է կից բաժանմունք։

Նախատեսվում է նաեւ բոլոր ծննդաբերությունների եւ ծննդկանների համար ունենալ անհատական հիվանդասենյակներ, ինչպես նաեւ արդիական պայմաններ խնամողների համար։

Նախարարը բարձր գնահատեց ինստիտուտի զարգացմանը միտված փոփոխությունները:

Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ  իր ղեկավարած կառույցում իրականացվող բոլոր բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են մեր երկրում պերինատալ ծառայության զարգացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել