• Latest news

5 իրեր, որոնք մանրէներով «հարստությամբ» զուգարանակոնքից էլ առաջ են անցնում

2 սեպտեմբերի, 2014  21:50

Ահա ձեզ մի ահարկու փաստ՝ շատերին զզվանք պատճառող մանրէները գրեթե ամենուրեք կարող են բնակություն հաստատել: Այնպես որ նրանք, ովքեր յուրաքանչյուր պատեհ առիթ օգտագործելով՝ լոգարան են շտապում՝ ձեռքերն օճառով լվանալու համար, միգուցե ժամանակն է, որ բջջային հեռախոսի մաքրության մասի՞ն էլ մտածեն: Կամ՝ ատամի խոզանակի: Ստորեւ մանրէների քանակով զուգարարանակոնքից էլ «հարուստ» 5 իրեր ենք ներկայացնում, որտեղ, մասնավորապես, կարելի է այդքան տհաճություններ պատճառող՝ E. coli անունը ստացած մանրէն գտնել.

Բջջային հեռախոս

Փաստորեն, խոսքն այն իրի մասին է, որ հաճախ մեր դեմքի՞ն ենք հպում: Բրիտանացի գիտնականների համոզմամբ, յուրաքանչյուր բջջային հեռախոսի մակերեսին, 16 տոկոս հավանականությամբ, կարելի է E. coli գտնել: Իսկ եթե խոսքն այլ, մասնավորապես՝ գրիպ հարուցող մանրէների կամ մետիցիլին-ռեզիստենտ ոսկեգույն ստաֆիլակոկի մասին է, ապա հավանականության բաժինը 90 տոկոսի է հասնում: Չէ՞ որ բջջային հեռախոսը ձեզ հետ ամենուր եք տանում՝ հանրային տրանսպորտ, զուգարան, գրասենյակ եւ երբեք չեք մաքրում, հիշեցնում է FoxNews-ը:

Լուծում. Բջջային հեռախոսը հարկավոր է առնվազն շաբաթը մեկ անգամ էլեկտրական սարքերի համար նախատեսված ախտահանիչ անձեռոցիկներով մաքրել, խորհուրդ է տալիս Արիզոնայի համալսարանի միկրոկենսաբանության պրոֆեսոր դոկտոր Չարլզ Գերբան:

Գրիլի սարք

Ամենայն հավանականությամբ, զուգարանը գրիլի սարքից առավել հաճախ եք մաքրում, ինչը ճիշտ ընտրություն չէ, քանի որ վերջինս ի վերջո սննդամթերքի հետ է շփման մեջ մտնում: 2013թ. Մեծ Բրիտանիայում իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, սարքի յուրաքանչյուր մեկ քառակուսի սանտիմետր մակերեսի վրա կարելի է շուրջ 300 հազար մանրէ գտնել, ինչը միջին վիճակագրական մարդու օրգանիզմում առկա մարէների թվի կրկնապատիկն է հանդիսանում: Այդչափ աղտոտվածության պատճառն այն է, որ սննդամթերքի մանր կտորները սարքի աշխատանքային մակերեսին երկար ժամանակով մնալու հնարավորություն են ձեռք բերում:

Լուծում. Սարքի ներքին՝ աշխատանքային մակերեսն ինչպես հարկն է մաքրելու համար հարկավոր է օճառաջրով թաթախված սպունգի օգնությանը դիմել եւ չորացած սննդամթերքի բոլոր խցանումներից ազատվել, իսկ ողջ արտաքին մակերեսը՝ ամոնիումի հիմքով մաքրող հեղուկի եւ թղթե սրբիչի օգնությամբ ախտահանել: 

«Մաքուր» լվացք

Մանրէներ նաեւ ներքնաշորերի մակերեսին կարելի է գտնել՝ որքան էլ որ հիգիենայի նկատմամբ ուշադիր լինեք: Յուրաքանչյուր անգամ լվացքի մեքենայի մեջ նետելով՝ դրանց հետ կարող եք լվացող սարքին շուրջ 500 մլն E. coli փոխանցել: Դոկտոր Գերբայի փոխանցմամբ, յուրաքանչյուր լվացքից հետո էլ մեքենայի մեջ որոշակի ծավալով ջուր է մնում, ինչը կարող է մանրէների տարածման համար իդեալական միջավայր ծառայել: Մինչդեռ շատերը հաջորդ լվացքին համեմատաբար մաքուր զգեստն այդ «աղբի» մեջ են նետում:

Լուծում. Համոզվելու համար, որ լվացված հագուստի վրա իրականում մանրէներ չեն վխտում, հարկավոր է նախ եւ առաջ սպիտակեղենը լվանալ՝ սպիտակեցնող հեղուկի օգնությամբ մեքենան ախտահանելու համար: Իսկ ամիսը մեկ անգամ էլ հարկավոր է սպիտակեցնող հեղուկով զինված մեքենայի դատարկ պտույտներ նախաձեռնել՝ հավաքված մանրէներից հնարավորինս արդյունավետ կերպով ազատվելու համար:

Ատամի խոզանակ

«Յուրաքանչյուր անգամ զուգարանի ջուրը քաշելիս դրա մանրագույն կաթիլները կարող են մինչեւ 6 մետր շառավղով սփռվել: Դե հիմա պատկերացրեք, թե ինչ կարող է լվացարանակոնքին դրված ատամի խոզանակի հետ պատահել», - զգուշացրել է Նյու-Յորքում գործող Լանգոնի բժշկական կենտրոնի միկրոկենսաբանության եւ իմունոլոգիայի բաժնի տնօրեն, «Մանրէների գաղտնի կյանքը» գրքի հեղինակ դոկտոր Ֆիլիպ Տիերնոն:

Լուծում. Հարկավոր է ատամի խոզանակը զուգարանակոնքից հնարավորինս հեռու՝ փակ տարածքում պահել: 2011թ.-ին  American Journal of Dentistry ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, ատամի խոզանակը կարելի է սպասք լվացող մեքենայի օգնությամբ ախտահանել: Մի հեշտ տարբերակ էլ կա. հարկավոր է խոզանակը 20 րոպե ցետիլպիրիդինի քլորիդի մեջ պահել:

Խոհանոցային սպունգ

Խոհանոցում առկա ամենակեղտոտ իրը երեւի թե կարելի է սպունգը համարել: Այն գրեթե միշտ խոնավ եւ մանրէների հետ շփման մեջ է լինում, ինչը հրաշալի պայման է՝ վերջիններիս պրոլիֆերացիայի համար:  Սիմոնսի քոլեջը ներկայացնող գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքների այն մասին են վկայում, որ յուրաքանչյուր երրորդ խոհանոցային սպունգի մակերեսին (զուգարանակոնքից երկու անգամ բարձր հավանականությամբ) կարելի է ստաֆիլակոկ գտնել: Իսկ ընդհանուր առմամբ, սպունգի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետր մակերեսի վրա կարող են մինչեւ 1,5 մլն մանրէներ բնակություն հաստատել: Այս ցուցանիշը, Արիզոնայի համալսարանականների հավաստիացմամբ, զուգարանակոնքին առկա մանրէների թվի համեմատ, շուրջ 200 հազար անգամ բարձր է: 

Լուծում. Մանրէներից ազատվելու համար հարկավոր է սպունդը 1 րոպե միկրոալիքային վառարանի մեջ պահել: Ոչ ավել եւ ոչ պակաս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել