• Latest news

Սայլակվ տեղաշարժվող կինը կարող է առողջ երեխա ունենալ

2 սեպտեմբերի, 2014  14:07

Շատերի մոտ կարծրատիպ կա, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն կարող կամ չպետք է երեխաներ ունենան: Սակայն նրանցից շատերն իրականում ի վիճակի են եւ կարող են երեխաներ ունենալ. ավելին՝ նրանց երեխաները կարող են բոլորովին առողջ լինել, քանի որ հաշմանդամության պատճառներից շատերը ժառանգաբար չեն փոխանցվում:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության անդամ Շուշան Նահապետյանը առաջին կարգի հաշմանդամ է եւ սայլակով է տեղաշարժվում, բայց, չնայած դրան, արդեն 6 տարեկան որդի ունի: Շուշանը, հաշմանդամություն ունեցող բոլոր այլ կանանց քաջալերելու մտադրությամբ, NEWS.am Medicine-ի թղթակցին իր պատմությունն է ներկայացրել:

Նրա համոզմամբ, հաշմանդամ կինը հասարակության լիարժեք անդամ է եւ կարող է անել ամեն ինչ՝ իր հնարավորությունների սահմաններում: Մասնավորապես, սայլակով տեղաշարժվող կինը կարող է ընտանիք կազմել եւ երեխաներ ունենալ՝ առանց որեւէ խնդիրների կամ խոչընդոտների: Հղիությունը նման կանանց մոտ ընթանում է նույն կերպ, ինչպես բոլոր այլոց մոտ:

Անդրադառնալով իր հղիության ամիսներին՝ Շուշանը պատմեց, որ հիվանդանոցում, որտեղ նա հաշվառվել եւ ծննդաբերել էր, ոչ մի խնդիր չէր առաջացել. ընդհակառակը, այնտեղ իր հանդեպ ուշադիր եւ բարեհամբույր էին, նույնիսկ շատ ավելի, քան ակնկալում էր:

«Իմ նկատմամբ շատ լավ վերաբերմունք էր՝ սկսած հավաքարարից մինչեւ բուժքույր եւ բուժող բժիշկ», - նշեց Շուշանը:

Հղիության ավարտին սայլակով տեղաշարժվող կանանց մի մասը կարող է ծննդաբերել «բնական» ճանապարհով, մյուս մասն էլ կեսարյան հատման կարիք է ունենում:

Ինքը՝ Շուշանը, որդուն կեսարյան հատման միջոցով է ունեցել, սակայն, նրա խոսքով, եթե վնասվածքը չի խանգարում եւ այլ հակացուցումներ չկան, սայլակավոր հաշմանդամ կինը կարող է նաեւ սովորական ծննդաբերություն ունենալ:

«Ես, առաջին կարգի հաշմանդամ լինելով, այսօր լավ ընտանիք ունեմ, լավ երեխա, եւ շատ երջանիկ եմ», - հավելել է Շուշանը:

Բոլոր այլ կանանց նա այսպիսի խորհուրդ է տվել.

«Թող երբեք գլուխները չկախեն: Հաշմանդամությունը կապ չունի: Եթե կինը ունի նպատակ, նպատակասլաց է, հաշմանդամությունը նրան չի խանգարի լիարժեք կյանքով ապրել՝ ամուսնանալ, երեխա ունենալ: Եթե կինը ցանկանում է երջանիկ լինել, նա ցանկացած պարագայում երջանիկ կլինի»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել