• Latest news

Թույլ հիպերտենզիան պետք է կենսակերպի փոփոխությամբ, եւ ոչ՝ դեղամիջոցներո՞վ բուժել

16 սեպտեմբերի, 2014  11:31

2013թ.-ին ընդհանուր պրակտիկայի բժիշկ դոկտոր Իոնա Հիթերը հոդված էր հեղինակել՝ Journal of  the American Medical Association ամսագրում, որտեղ, մասնավորապես, թույլ հիպերտենզիայի դեղորայքային բուժման կողմնակի հետեւանքների մասին էր խոսվում: Վերջերս իրականացված հետազոտության արդյունքում գիտնականները հաստատումն են գտել հիշյալ գաղափարի, թե արյան ոչ նշանակալիորեն բարձր ճնշման դեպքում առաջարկվող դեղորայքային թերապիան հիվանդներին ավելի շատ վնաս հասցնելու հատկությամբ է աչքի ընկնում: Բացի այդ, փորձագետներն այն եզրահանգման են եկել, որ հիպերտենզիայի ախտորոշման չափանիշների վերանայման կարիք է զգացվում:

Հետազոտության՝ British Medical Journal ամսագրում հրապարակում գտած արդյունքները հիպերախտորոշման կանխարգելմանը միտված՝ սեպտեմբերի 15-ին մեկնարկած գիտաժողովի ուշադրությանն են ներկայացվելու: Միջոցառման մասնակիցները, Medical Daily-ի հաղորդմամբ, ավանդաբար ողջ աշխարհում իրականացվող անհարկի բուժման թերություններն են վեր հանում:

Ընդհանուր առմամբ, հիպերտենզիայի բուժումը հիմնական եւ երկրորդական կանխարգելման գաղափարների վրա է հենվում: Հիմնական կանխարգելումն այն պարագայում է նախընտրություն ստանում, երբ ակնկալվող օգուտները վնասներից գերակշիռ կարող են գտնվել, իսկ երկրորդականը՝ երբ հիվանդը ինֆարկտ կամ ինսուլտ է տարել: Սակայն արյան ճնշման ո՞ր մակարդակի պարագայում է պետք բուժում նշանակել: Ներկայումս ԱՄՆ բժիշկների համար առողջապահական ազգային հանձնախմբի ցուցումներն են հիմք հանդիսանում, մասնավորապես՝ առ այն, թե որ մակարդակից է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկ առաջանում:

Աշխարհի բնակչության շուրջ 40 տոկոսը՝ ներառյալ ԱՄՆ 67 մլն բնակիչներ, հիպերտենզիային հատուկ ախտանշաններ են դրսեւորում: Այդուհանդերձ, հիշյալ մարդկանց շուրջ 50 տոկոսը թույլ հիպերտենզիա ունեն, որոնց կեսից ավելին, սրտանոթային հիվանդությունների եւ ինսուլտի առաջացումը կանխելու նպատակով, արյան ճնշման մակարդակը կարգավորող դեղամիջոցների օգնությանն է դիմում: Հետազոտության հեղինակները որեւէ վկայություն չեն գտել առ այն, թե հիշյալ դեղամիջոցները սրտի կաթվածի առաջացման ռիսկի նվազեցման են հանգեցնում: Մինչդեռ միայն ԱՄՆ-ում թերապիայի տարեկան արժեքը 32 մլրդ դոլարի է հասնում: Այնպես որ, ավանդական դեղորայքային բուժում ստանալու փոխարեն, փորձագետները խորհուրդ են տալիս կենսակերպի փոփոխություն նախաձեռնել՝ ֆիզիկական վարժություններ կատարել, հրաժարվել ծխելու սովորությունից եւ ալկոհոլի սպառման ծավալները նվազեցնել: Բացի այդ, բուժհաստատություններին արյան ճնշման մակարդակը չափող գործիքների ճշտությունը բարելավելու կոչ է արվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել