• Latest news

Գիտնականներն արհեստական փայծաղ են ստեղծել

16 սեպտեմբերի, 2014  21:55

Գիտնականներն օրգանիզմը ինֆեկցիաներից (նույնիսկ երբ խոսքն անհայտ պաթոգեններին է վերաբերում) զերծ պահող բարձր տեխնոլոգիական սարք են մշակել: Այն փայծաղից էլ առավետ արդյունավետ կերպով արյունը բոլոր տեսակի մանրէներից եւ վիրուսներից (ներառյալ E. Coli-ն եւ Էբոլան), անհապաղ մաքրելու հնարավորություն է ընձեռում: Սարքի վերաբերյալ բոլոր մանրամասները Nature Medicine ամսագրի սեպտեմբերի 14-ի համարում են հրապարակում գտել:

Արյան ինֆեկցիան չափազանց դժվար բուժելի է համարվում եւ կարող է սեպսիս՝ հաճախ մահվան ելքի հանգեցնող իմունային արձագանք հրահրել: Ընդ որում, ավելի քան 50 տոկոս դեպքերում բժիշկներն անկարող են սեպսիսի առաջացում հրահրած ինֆեկցիայի պատճառն ախտորոշել եւ ստիպված են մեծ թվով մանրէների դեմ պայքարի միտված հակաբիոտիկներ նշանակել: Այս մոտեցումը միշտ չէ ցանկալի արդյունքի հասցնում եւ կարող է մանրէների՝ հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականության աճի հանգեցնել:

ԱՄՆ Բոստոն քաղաքում (Մասաչուսեթսի նահանգ) գործող Վայսի կենսաբանական ինժեներիայի ինստիտուտը ներկայացնող փորձագետները, Դոնալդ Ինգբերի ղեկավարությամբ, արյան՝ բոլոր տեսակի ինֆեկցիաներից ձերբազատումն ապահովող արհեստական «բիոփայծաղ» են մշակել:

Սարքի աշխատանքի հիմքում մաննոզ-կապող լեկտինի գործառույթն է: Խոսքը մի սպիտակուցի մասին է, որը մարդու օրգանիզմ անցած մանրէների, ինչպես նաեւ դրանց մահանալու դեպքում արտազատվող եւ իմունային համակարգի հիպերռեակցիա՝ սեպսիս խնաթող տոքսինների, վիրուսների եւ սնկերի ավելի քան 90 տոկոսի մակերեսին առկա շաքարի մոլեկուլների կապվելու հատկություն է դրսեւորում:

Արհեստական «բիոփայծաղը» հիշյալ սպիտակուցի ձեեւափոխված տարբերակով պատված մագնիսական նանոմասնիկներ է ներառում: Սարքի միջով անցնելիս արյունը դրանց ազդեցությանն է ենթարկվում՝ մագնիսական մասնիկներ ներառող մաննոզ-կապող լեկտիններն անմիջապես պաթոգեններին են ամրանում: Այնուհետեւ բիոփայծաղի մեջ առկա մագնիսի օգնությամբ դրանք, իրենց հետ պաթոգեններին քարշ տալով, դուրս են նետվում եւ մարդու օրգանիզմ մաքրված արյուն վերադարձնելու հնարավորություն ընձեռում:

Փորձարկումների փուլում Ւնգբերի գլխավորությամբ գործող հետազոտական խմբի անդամները լաբորատոր առնետներին E. coli-ով եւ ոսկեգույն ստաֆիլակոկով են վարակել, այնուհետեւ էլ՝ նրանց մի մասի արյունը բիոփայծաղի օգնությամբ զտման ենթարկել: Վարակման պահից 5 ժամ անց արհեստական փայծաղի ազդեցությանը ենթարկված առնետների 89 տոկոսը կենդանի է եղել՝ ի տարբերություն երկրորդ խմբում ներառված կրծողների, որոնց 86 տոկոսը սատկել են: Փորձագետների գնահատմամբ, նորահայտ սարքը առնետների արյան մեջ առկա մանրէները 90 տոկոս արդյունավետությամբ հեռացնելու հատկություն է դրսեւորել: Արդյունքում կենդանի մնացածների մոտ թոքերի եւ այլ օրգանների առավել թույլ՝ սեպսիսի առաջացման տեսանկյունից անհամեմատ նվազ վտանգավոր բորբոքում է նկատվել:

Այնուհետեւ գիտնականները սարքի՝ մարդու օրգանիզմում առկա արյան միջին ծավալը (շուրջ 5 լ) զտման ենթարկելու կարողությունն են ստուգել: Նրանք մանրէներով եւ սնկերով վարակված արյան ՝ ժամում 1 լիտր արագությամբ հոսք են կազմակերպել բիոփայծաղի միջով եւ պարզել, որ վերջինս 5 ժամվա ընթացքում կենարար հեղուկի մեջ առկա պաթոգենների մեծ մասը հեռացնելու ներուժ է դրսեւորում: 

Դոնալդ Ինգբերի հավաստիացմամբ, բիոփայծաղի աշխատանքի արդյունավետության մակարդակը բավարար է՝ ցանկացած ինֆեկցիա վերահսկողության տակ պահելու համար: Քանի որ սարքը արյան մեջ առկա պաթոգենների մեծ մասը հեռացնելու հնարավորություն է ընձեռում, մնացածների դեմ հակաբիոտիկներն ու իմունային համակարգը կարող են պայքարել: Խոսքը, մասնավորապես, այլ օրգաններ անցած մանրէների, վիրուսների եւ սնկերի մասին է:

Հետազոտական խմբի ղեկավարը վստահ է, որ բիոփայծաղի օգնությամբ կարելի է նաեւ այնպիսի վիրուսային հիվանդություններ բուժել, ինչպիսիք ՄԻԱՎ-ն ու Էբոլան են, որոնց պարագայում ապաքինումը արյան մեջ առկա վիրուսների մակարդակի նվազեցմամբ է պայմանավորվում:

Գիտնականները ներկայումս սարքի՝ խոզերի նկատմամբ փորձարկումներ են նախաձեռնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել