• Latest news

Ինչո՞ւ են հայկական կլինիկաները հիվանդասենյակների համար տարօրինակ գներ սահմանում

17 սեպտեմբերի, 2014  13:47

Եթե ձեզ կամ ձեր ծանոթներից մեկին երբեւէ «բախտ է վիճակվել» հայկական բուժհաստատություններից որեւէ մեկի հիվանդասենյակում պառկել՝ անշուշտ ուշադրություն դարձրած կլինեք այն հանգամանքի վրա, թե որչափ տարօրինակ գներ են դրանց համար գործում՝ առաջին երեք օրերի համար համեմատաբար ոչ մեծ վճար կարող են պահանջել, սակայն չորրոդ օրվանից սկսած կլորիկ գումարներ են ստացվում:

Վերջերս NEWS.am-ի թղթակիցներից մեկի ազգականուհին հիվանդանոց էր «ընկել»՝ ինսուլտի կասկածով: Որոշ ժամանակ անց պարզվել էր, որ N2 հիվանդանոցում մնալու առաջին օրվա համար հարկավոր է 20 հազար դրամ վճարել, իսկ հաջորդող երկու օրերի համար՝ 15 հազարական դրամ: Սակայն ամենահետաքրքիրը չորրորդ օրվանից է սկսվում. անկախ այն հանգամանքից, թե որչափ հավելյալ ժամանակով՝ մեկ օրով թե եւս երկու շաբաթով եք հիվանդասենյակը զբաղեցնելու, ստիպված եք 150 հազար դրամ վճարել: Նկատի առեք, որ հիշյալ գումարը միայն հիվանդասենյակի դիմաց վճար է ենթադրում՝ ոչ մի հատուկ հետազոտություններ կամ ծառայություններ դրա մեջ չեն մտնում: 

Այսինքն, եթե հիվանդի՝ կլինիկայում գտնվելու երրորդ օրը, ասենք, շաբաթ է ընկնում, իսկ նա էլ բավականաչափ չի ապաքինվել՝ դուրս գրվելու համար (չնայած այդ օրը դժվար էլ՝ որեւէ բժշկի տեղում գտնեք), ստիպված է լինելու մինչեւ երկուշաբթի սպասել, իսկ եթե երկուշաբթին ոչ աշխատանքային է՝ նույնիսկ մինչեւ երեքշաբթի եւ ընդամենը մեկ մահճակալ զբաղեցնելու դիմաց մի ամբողջ 150 հազար դրամ վճարել: 

Ի միջի այլոց, համալսարանական կլինիկական հիվանդանոցում սահմանված գները եւս նմանատիպ են. առաջին երեք օրերի համար այնտեղ հարկավոր է 7 հազարական դրամ վճարել, իսկ չորրորդ օրվանից սկսած՝ 125 հազար դրամ՝ անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակ ստիպված կլինեք հիվանդասենյակի բնակիչը մնալ:

Համաձայնեք, որ միջին վիճակագրական երեւանցու, եւ հատկապես՝ մարզերի բնակիչների համար այնքան էլ հեշտ չէ հավելյալ մի քանի օրվա դիմաց նման կարգի գումար վճարել:

Ի պատասխան հարցի, թե ինչու են գներն այդչափ տարօրինակ եւ ինչու չի կարելի հիվանդասենյակի դիմաց օրավարձ սահմանել, որպեսզի առաջարկվող բուժումը մեր հայրենակիցներից մեծ մասի համար հասանելի դառնա, բոլոր կլինիկաներում նույն պատասխանն են տալիս՝ օրենքն է այդպես:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը ցանկանում է բոլոր նրանց դիմել, ովքեր պատասխանատու են «այդպիսի օրենքի» ընդունման համար, հետեւյալ հարցով. «Ինչո՞ւ չի կարելի հիվանդասենյակի շահագործման դիմաց օրավարձ սահմանել»: Եթե 150 հազար դրամը երկու շաբաթվա համար է նախատեսված, ստացվում է՝ օրական վարձը շուրջ 10 700 դրամ է կազմում: Մենք համոզված ենք, որ հիվանդների մեծ մասը առավել հաճույքով ասենք՝ 15 հազար դրամ կվճարեն մեկ օրվա, քան 150 հազար դրամ՝ անհայտ թվով օրերի համար: Իսկ եթե որեւէ մեկը նախընտրում է կանխավճար տրամադրել՝ առաջիկա երկու շաբաթների համար, կարելի է գումարի չափը, զեղչի հաշվին, 150 հազարի հասցնել: Եվ բոլորը գոհ կլինեն: Ի՞նչ կասեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել