• Latest news

LIFE ծրագիր. աշխատանք գտնելու հնարավորություն՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

19 սեպտեմբերի, 2014  15:34

Հայաստանում մոտ երկու տարի գործում է LIFE ծրագիրը, որն իրականացնում են «Save the children International» կազմակերպությունը, «Ինստիգեյթ մոբայլ» ընկերությունը եւ UITE-ն՝ ԱՄՆ-ի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակների եւ իրականացված աշխատանքների մասին լրագրողներին պատմել են UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ «Save the children International» Հայաստանի LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան:

UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, ծրագիրը մի քանի նպատակ է հետապնդում՝

  • Հաշմանդամություն ունեցող մարդկանց ապահովել աշխատանքով,
  • Լրացնել ՏՏ ոլորտում մասնագետների պակասը,
  • Հեռու վայրերում բնակվող մարդկանց աշխատանքով ապահովել:

ՏՏ ոլորտում այսօր ողջ աշխարհում մասնագետների պակաս կա, իսկ դա հենց այն ոլորտն է, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են բավական մեծ արդյունքների հասնել եւ նույնիսկ տանից աշխատելով՝ ամսեկան, ինչպես նշել է Կարեն Վարդանյանը, առնվազն 200-300 000 դրամ վաստակել:

Ի՞նչ է արվում ծրագրի նպատակներին հասնելու համար

Կարեն Վարդանյանի խոսքով՝ ծրագիրը հիմնականում երկու ուղղություններով է գործում.

1. Աշխատել ցանկացող հաշմանդամություն ունեցող մարդիկ ծրագրի շրջանակներում ստանում են կրթություն եւ գիտելիքներ՝ ՏՏ ոլորտում աշխատելու համար: Վերջերս ընտրվել էին հաշմանդամություն ունեցող 15 երիտասարդ, որոնք ստացել էին գիտելիքներ վեբ-ծրագրավորման ոլորտից, անգլերեն էին սովորել եւ ինֆորմացիա ստացել ՏՏ մարքեթինգի եւ ՏՏ ոլորտում աշխատանք գտնելու մասին: Այդ երիտասարդներից 10-ը վերջերս «Ինստիգեյթ մոբայլ» ընկերությունում աշխատանքի են ընդունվել:

2. Ստեղծվել է նաեւ միջավայր՝ էլեկտրոնային հարթակ, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են տանը՝ համակարգչի մոտ նստած գիտելիքներ ձեռք բերել՝ ինչպես վեբ-ծրագրավորման ոլորտից, այնպես էլ՝ միջազգային շուկա դուրս գալու եւ աշխատանք գտնելու մասին:

Ինչպես իր հերթին նշել է «Save the children International» Հայաստանի LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան, ծրագրի նպատակն է ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի իրավունքն ապահովել, այլեւ երկրում ստեղծել հաշմանդամություն ունեցող մարդկանց զբաղվածության այնպիսի մոդել, որը կիրառելի եւ ընդունելի կլինի թե հաշմանդամություն ունեցող մարդկանց, թե՝ պետական եւ մասնավոր կառույցների համար:

Ինչպես նշել է Ջինա Սարգիզովան՝ ծրագրի շրջանակներում փնտրվում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր աշխատելու ցանկություն ունեն: Նրանց գրանցում են զբաղվածության կենտրոններում, իրենց հետ համապատասխան աշխատանքներ են տարվում, հատուկ դասընթացներ են անցկացվում:

Աշխատանքներ են տարվում նաեւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ, քանի որ այս ոլորտներում որակյալ կադրերի կարիք ունեցող գործատուները նույնպես շատ են: Այսպես, LIFE ծրագրի շրջանակներում Երեւանում, Արարատում, Շիրակի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզերում վերապատրաստվել է 44 միջին մասնագիտական կրթական հաստատությունների անձնակազմը՝ ներառական դասընթացներ անցկացնելու համար: Եւ այժմ այդ հաստատություններում հաշմանդամություն ունեցող 200-ից ավելի մարդ ստանում է երկարաժամկետ միջին մասնագիտական կրթություն (2-3 տարի), իսկ 900-ից ավելի մարդ արդեն ավարտել է կարճաժամկետ դասընթացները, ստացել է որակավորում եւ նույնիսկ անցել է արտադրական պրակտիկա: Ջինա Սարգիզովան նշել է նաեւ, որ երկարաժամկետ միջին մասնագիտական կրթությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար անվճար է:

Ջինա Սարգիզովայի խոսքով՝ աշխատանքներ են տարվել նաեւ բիզնես կառույցների հետ՝ սոցիալական ձեռնարկության տիպի ձեռնարկություններ ստեղծելու համար; նման ձեռնարկություններ Հայաստանում դեռեւս չկան, թեկուզ ամբողջ աշխարհում դրանք շատ են:

Ծրագրի շրջանակներում ստեղծվել է 17 սոցիալական ձեռնարկություն՝ ՀԿ-ների եւ բիզնես կառույցների հետ համագործակցությամբ; հաջողված համագործակցություն է եղել նաեւ Վանաձորի եւ Սպիտակի քաղաքապետարանների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է