• Latest news

Երեւանում 13-րդ միջազգային ակնաբուժական համաժողովն է մեկնարկել (ֆոտո)

22 սեպտեմբերի, 2014  16:38

Խորհրդանշական է, որ Հայաստանում մեկնարկած 13-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի բացման հետ է համընկնել: Վերջինս Հայկական ակնաբուժության նախագծի (Armenian EyeCare Project, AECP), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) եւ ՀՀ ԱՆ կարեւորագույն համատեղ ձեռքբերումներից մեկն է համարվում: Այս մասին է նշվել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ գիտաժողովի մասնակիցներին հասցեագրված ուղերձի տեքստում, որը միջոցառման բացման արարողությանը Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանն է ընթերցել: Նույն այդ ինստիտուտի բազայի հիման վրա էլ ժամեր առաջ՝ նշանավոր արտասահմանյան մասնագետների ներկայությամբ, կենտրոնի բացման արարողությունն էր կազմակերպվել:

Ողջույնի խոսքում ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ Հայկական ակնաբուժության նախագծի հիմնական առաքելությունը ձեռքբերովի կուրության կանխարգելումն ու 21-րդ դարի ակնաբուժության՝ յուրաքանչյուր հայի համար հասանելիության ապահովումն են հանդիսանում: Նախարարը նաեւ անհասության ռետինոպաթիայով հիվանդության դեպքերի վերհանմանը միտված սքրինինգային ծրագրի ձեռքբերումներն է ընդգծել. 2010թ.-ին մեկնարկած միջոցառման ողջ ընթացքում հետազոտվել են 2370 երեխաներ, որոնցից 90-ը լազերիային վիրահատության են ենթարկվել: 

Արմեն Մուրադյանի բարձր գնահատականին է արժանացել նաեւ Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որի խորհրդանիշը 2003թ.-ից ի վեր Հայաստանի մարզերի սոցիալապես անապահով բնակիչներին բարձրակարգ ծառայություններ մատուցող շարժական ակնաբուժական կլինիկան է դարձել: Ծրագրի շրջանակում հետազոտվել է ավելի քան 350 հազար մարդ, 18500-ը՝ վիրահատվել: Բացի այդ, նախարարը նախագծի շրջանակում ողջ հանրապետության տարածքում ակնաբուժական ցանց հիմնելու մտադրության մասին է հայտարարել, ինչը մի շարք մարզերում ժամանակակից սարքավորումներով զինված նոր ակնաբուժական կլինիկաների շինարարություն է ենթադրում: Առաջին նմանատիպ կլինիկան շուտով Իջեւանում է գործարկվելու:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ համաժողովը ակնաբուժության տարբեր ոլորտներում տեղեկությունների փոխանակմանը եւ հետագա համագործակցությանն է նպաստելու:

Միջոցառման մասնակիցներին ուղղված ելույթի խոսքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայկական գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը նշել է, որ գործակալության եւ Հայաստանի միջեւ համագործակցությունն արդեն ավելի քան 10 տարվա պատմություն ունի, որի ընթացքում USAID-ն, տարատեսակ առողջապահական ծրագրերի իրականացման նպատակով, 45 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել: Նոր՝ մինչեւ 2015թ.-ի ավարտը իրականացվելիք ակնաբուժական նախագծի մասով ներդրումների չափը եւս մեկ միլիոն է կազմում:

Երեւանում ընթացող 13-րդ միջազգային ակնաբուժական երկօրյա համաժողովն այսօր՝ սեպտեմբերի 22-ին է մեկնարկել: Միջոցառմանն իրենց մասնակցությունը եւրոպական եւ նախկին ԽՍՀՄ երկրները, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ներկայացնող ակնաբույժներ են բերել: Համաժողովի առաջին օրը մասնագետները մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի բացման արարողությանն են մասնակցել, այնուհետեւ էլ՝ անհասության ռետինոպաթիայի բուժման ժամանակակից մեթոդները քննարկել: Վաղը՝ սեպտեմբերի 23-ին, համաժողովի հյուրերը եւս մեկ անգամ նորաբաց կենտրոն կայցելեն, կծանոթանան շարժական ակնաբուժական կլինիկայի աշխատանքներին, ինչպես նաեւ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կհյուրընկալվեն: Համաժողովի երկրորդ օրը ոլորտի՝ Հայաստանում գրանցած ձեռքբերումներին է նվիրվելու:

Ֆոտո՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել