• Latest news

Չափից շատ ջո՞ւր եք խմում

30 սեպտեմբերի, 2014  21:20

Դեռ մանկության տարիներին հաճախ ենք ծնողներից կամ մարզչից լսել, որ օրական հարկավոր է երկու լիտր (կամ ութ բաժակ) ջուր խմել, հիշեցնում է FoxNews-ը: Վերջերս գիտնականները սկսել են փորձված ու թրծված կանոնը կասկածի տակ առնել՝ պնդելով, թե նույնիսկ սեփական առողջությամբ խիստ մտահոգված մարդիկ օրվա ընթացքում չափազանց մեծ ծավալով ջուր են խմում: 

«Այդ թվերը չեն կարող գիտական որեւէ մեթոդի վրա հիմնվել: Օրական ութ բաժակի վերաբերյալ խորհուրդն առանց գենդերային տարբերությունը, շրջակա միջավայրի ազդեցությունը, բնակության վայրի՝ ծովի մակարդակից բարձրությունը, կոնկրետ մարդու կազմվածքը հաշվի առնելու է տրվում: Իսկ դրանք գործոններ են, որոնք կարող են էական դերակատարում ունենալ՝ հիդրատացման համար անհրաժեշտ հեղուկների ծավալի որոշման հարցում», - նշել է Սթենֆորդի համալսարանը ներկայացնող ֆիզիոլոգ, հիդրատացման մասնագետ դոկտոր Սթեյսի Սիմսը:

Մասնագետի համոզմամբ, հեղուկների սպառման ծավալի վերաբերյալ խորհուրդների հիմքում մարքեթինգային գործիքներ կան, որոնք կարող են վտանգավոր հետեւանքների հանգեցնել: «Չափից շատ հեղուկ ընդունելու արդյունքում հիպոնատրեմիա կարող է առաջանալ. սա այն դեպքն է, երբ արյան մեջ նատրիումի բաղադրության նոսրացնում է նկատվում», - մեկնաբանել է դոկտոր Սիմսը:

Հիվանդության ախտանշաններն են գլխացավը, սրտխառնոցը, վքնածությունը եւ խառնաշփոթությունը, որոնց առաջացման պատճառը հաճախ հակառակ երեւույթի՝ ջրազրկման հետ են շփոթում: Ծանր դրսեւորման դեպքում հիպոնատրեմիան կարող է ցնցումային նոպայի առաջացման, որեւէ օրգանի անբավարարության եւ նույնիսկ մահվան ելքի հանգեցնել:

Բացի այդ, զարմանալիորեն, չափից դուրս մեծ ծավալներով հեղուկ ընդունելու արդյունքում էլ կարելի է ջրազրկման առաջացում հրահրել: «Երբ ըմպելիքը մեծ քանակությամբ շաքար կամ այլ հավելումներ է պարունակում՝ ավելի մեծ բաղադրությամբ, քան արյան մեջ կարող է լինել, օրգանիզմը ստիպված է «պահեստային» հեղուկներից օգտվել՝ անհրաժեշտ նոսրություն ապահովելու համար: Չմոռանանք նաեւ նշել, որ միանգամից մեծ քանակությամբ ջուր խմելով էլ հիդրատացման անհրաժեշտ մակարդակ չեք ապահովի, քանի որ օրգանիզմը որոշակի ծավալային շեմից հետո արտանետման արձագանք դրսեւորելու հատկություն ունի. այսինքն՝ հեղուկն առանց ներծծվելու միզելու կարիք կառաջացնի»,- նշել է մասնագետը:

Իսկ ինչպե՞ս որոշել, թե որքան հեղուկ ընդունելու կարիք ունեք: Նախ եւ առաջ, դոկտոր Սիմսի համոզմամբ, միայն ծարավի զգացման վրա հույսը դնել չի կարելի: «Բավական է՝ ջուրը լեզվին հասնի, ծարավի մեխանիզմի անջատում է հրահրվում», - նշել է նա՝ առաջարկելով հետեւյալ միջոցառումները ձեռնարկել.

1. Մեկ շաբաթ շարունակ ամեն օր կշեռքին կանգնեք՝ հիդրատացման մակարդակը ստուգելու համար: «Կշռի լուրջ տատանումներ չպետք է լինեն», - զգուշացնում է մասնագետը:

2. Ուշադրություն դարձրեք, թե որքան եք առավոտյան միզում եւ ինչ գույնի մեզ է գալիս: Դոկտոր Սիմսի հավաստիացմամբ, նորմալ հիդրատացման պարագայում անգույն եւ առատ հոսք պետք է լինի:

3. Առավոտյան ծարավի զգացում չպետք է լինի: Եթե անկողնուց վեր կենալուն պես ջուր խմելու ցանկություն եք զգում, հավանաբար նախորդ օրվա ընթացքում քիչ եք հեղուկ ընդունել:

4. Սպորտային ըմպելիքներ ընտրելիս շաքարի բաղադրությունը ստուգեք: Յուրաքանչյուր 100 գրամ հեղուկի մեջ առավելագույնը 2,2 գրամ շաքար պետք է լինի: «Նույնիսկ բնական հյութերը, օրինակ՝ կոկոսինը, նորմալ հիդրատացման համար չափազանց մեծ ծավալով շաքար եւ կալիում են պարունակում», - զգուշացրել է դոկտոր Սիմսը: ՝

5. Սուրճը, թեյը, ինչպես նաեւ հյութալի մրգերն ու բանջարեղենը եւս պետք է հաշվի առնվեն:

6. Օրը դանդաղ սկսեք: «Գիշերը 6-8 ժամ «պահքի» վիճակում ենք մնում, այնպես որ առավոտյան չի կարելի միանգամից 3 բաժակ հյութ կամ ջուր խմել, թե չէ՝ արտանետման ծավալային արձագանք կհրահրեք», - մեկնաբանել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է