• Latest news

Հակաբիոտիկների՝ մանկական տարիքում կիրառությունը կարող է ճարպակալմա՞ն հանգեցնել

1 հոկտեմբերի, 2014  11:20

Չնայած մինչ այժմ էլ հակասական կարծիքներ են հնչում առ այն, թե արդյոք լույս աշխարհ գալիս երեխաների աղիքներն արդեն իսկ գաղութացված են լինում հարյուրավոր մանրէների կողմից, գիտնականները միակարծիք են դրանց այն դերակատարման շուրջ, որ մարդու ողջ կյանքի ընթացքում կարող են ունենալ: Խոսքը, մասնավորապես, իմունային համակարգից մինչեւ նյութափոխանակության գործընթացի վրա ազդեցությանն է վերաբերում: Այնպես որ, հետագա առողջության համար անչափ կարեւոր է, որ, հատկապես կյանքի առաջին երկու տարիներին, երբ մի շարք բարդությունների, մասնավորապես՝ ալերգիաների եւ ասթմայի առաջացումը կանխարգելող մեխանիզմներ կարող են գործի դրվել, փոքրիկի աղիքներում միայն «ճիշտ» մանրէներ գտնվեն: Եվ, ինչպես Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներն են վերջերս պարզել, նախանշված արդյունքին հասնելու լավագույն լուծումներից մեկը կրծքով կերակրումն է, իսկ ահա հակաբիոտիկների կիրառությունը կարող է լուրջ բարդությունների առաջացման պատճառ դառնալ, մեկնաբանում է Medical Daily-ն:

Հետազոտությամբ պարզվել է, որ կյանքի առաջին երկու տարիներին հակաբիոտիկներ ընդունած երեխաների մոտ մինչեւ 5-րդ տարեդարձի լրանալը ճարպակալման առաջացման բարձր ռիսկ է գործում: Բանն այն է, որ հիշյալ տարիքը չափազանց զգայուն մարսողությամբ եւ թույլ իմունային համակարգով է բնորոշվում, ինչի արդյունքում ականջի եւ քթի հարակից ծոցերի ինֆեկցիաներ կարող են առաջանալ: Հիվանդությունների բուժման համար նշանակված լայնասպեկտր հակաբիոտիկներն էլ զուգահեռաբար փոքրիկի աղիներում առկա մանրէները սպանելու հատկություն են դրսեւորում, ինչը կարող է բակտերիալ անհավասարակշռության եւ նյութափոխանակության գործընթացի շեղման հանգեցնել: 

Հետազոտության շրջանակում գիտնականները կյանքի առաջին երկու տարիներին առաջնային բուժօգնության դիմած ավելի քան 64 հազար երեխաների առողջական վիճակն են ուսումնասիրել՝ մինչեւ 5-րդ տարեդարձի լրանալը: Հավաքագրված տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ երեխաների 41 տոկոսն առնվազն մեկ անգամ լայնասպեկտր հակաբիոտիկների ազդեցությանն է ենթարկվել: Նեղ սպեկտրի՝ մանրէների կոնկրետ ընտանիքների դեմ գործող հակաբիոտիկներով բուժում ստացած երեխաների մասնաբաժինն էլ 62 տոկոս է կազմել:

Հետատոզության տվյալների ամփոփմամբ պարզվել է, որ ցանկացած տիպի հակաբիոտիկներով առնվազն 4 անգամ բուժում ստացած երեխաների մոտ մինչեւ 5-րդ տարեդարձի լրանալը ճարպակալման ենթարկվելու 11 տոկոսի չափով բարձր ռիսկ է գործում: Լայնասպեկտր հակաբիոտիկներով բուժում ստացածների պարագայում ռիսկն առավել բարձր է՝ 16 տոկոսի չափով: Այդուհանդերձ, գիտնականների մեկնաբանմամբ, ֆիզիոլոգիական, բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական գործոնները եւս կարող են երեխաների մոտ ճարպակալման առաջացման պատճառ դառնալ:

Նախորդ տարի իրականացված մեկ այլ հետազոտությամբ պարզվել էր, որ վաղ մանկական տարիքում հակաբիոտիկների ազդեցությանը ենթարկված երեխաների մոտ կյանքի 7-րդ տարեդարձին նշանակալիորեն բարձր մարմնի զանգվածի ինդեքս է նկատվում:

Այդուհանդերձ, փորձագետների պնդմամբ, աղիներում պահանջվող բակտերիալ հավասարակշռությունը վերականգնելու եղանակ գոյություն ունի. հարկավոր է ընդամենը ճիշտ սննդակարգ սահմանել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել