• Latest news

Նորվեգիան լավագույն վայրն է՝ ծերանալու համար

1 հոկտեմբերի, 2014  21:06

Մարդու կյանքի միջին տեւողությունը ներկայումս 60 տարի է կազմում, ինչը շուրջ 33 տոկոսով բարձր է 20-րդ դարի կեսերին երկրների մեծ մասում գրանցված ցուցանիշից: Այդուհանդերձ, ինչպես HelpAge International կազմակերպության եւ Սաութհեմփթոնի համալսարանի համատեղ նախաձեռնությամբ իրականացված 2014 Global AgeWatch Index ծրագրի արդյունքներն են վկայում, երկրների երրորդ մասում տարեց մարդկանց բարեկեցությանը միտված քաղաքականությունը շարունակում է ոչ համարժեք մնալ: Ասել է, թե՝ «ոսկե տարիները», կախված աշխարհագրական տեղադրությունից, շարունակում են տրամագծորեն տարբեր որակներ դրսեւորել. որոշ երկրներում միլիոնավոր մարդիկ դեռեւս դժգույն ու աղքատիկ, իսկ մեկ այլ երկրում՝ հարմարավետ ու հաճելի կյանք են վարում, մեկնաբանում է Medical Daily-ն:

The Global AgeWatch Index-ի շրջանակում կազմված վարկանիշային ցանկի հիմքում ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերով դեպարտամենտից, Gallup World Poll-ից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, Համաշխարհային Բանկից, UNESCO-ից եւ Աշխատանքի միջազգային կազմակերպությունից ստացված տվյալներն են՝ աշխարհի 96 երկրների տարեց քաղաքացիների սոցիալական եւ տնտեսական բարեկեցության վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, ծրագիրը մոլորակի տարեց բնակիչների 91 տոկոսի կյանքի որակին է անդրադարձել:

Վարկանիշային ցանկի հիմքում այն գաղափարն է, որ եկամուտը, առողջությունը, անձնական կարողությունները եւ սոցիալական միջավայրը տարեց քաղաքացիների ընդհանուր բարեկեցության մակարդակի կարեւորագույն գործոններ են հանդիսանում: Քանի որ հետազոտության շրջանակում երկրները որպես մեկ ամբողջություն են դիտարկվել, հասարակության ներքին շերտավորմանը վերաբերող տվյալներ չեն ներկայացվում: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ.

• Նորվեգիան լավագույն երկիրն է՝ ծեր մարդկանց համար, թեեւ Շվեդիան, Շվեյցարիան եւ Կանադան էլ գրեթե չեն զիջում

• Մեծ Բրիտանիան վարկանիշային ցանկի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում, թեեւ երրորդն է՝ միջավայրի հարմարավետության առումով

• 2050թ.-ի դրությամբ 60 տարեկանից բարձր մարդկանց թիվը երկրագնդի ողջ բնակչության 21 տոկոսն է կազմելու (ներկայումս 12 տոկոս է)

• Վարկանիշային ցանկի առաջին տասնյակում ներառված երկրները, բացի Ճապոնիայից եւ Ավստրալիայից, Արեւմտյան Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում են գտնվում

• Վատագույն վայրը՝ ծերանալու համար, Աֆղանստանն է: Հետնապահների շարքում են Մոզամբիկը, Գազայի հատվածը, Արեւմտյան ափը եւ Մալավին:

Վարկանիշային ցանկի ստորին քառորդ մասը գլխավորապես աֆրիկյան երկրներն է ներկայացնում՝ ցածր եկամուտ եւ թույլ առողջություն ունեցող տարեց մարդկանց 50 տոկոսը կազմող բնակչությամբ: Վենեսուելան, Սերբիան եւ Թուրքիան եւս ցանկի ստորին հորիզոնականներն են զբաղեցնում: Հարավային Ամերիկայում տարեց մարդկանց համար լավագույն երկրների շարքը Չիլին է գխավորում: Հաջորդիվ Ուրուգվայն է, Պանաման, Կոստա Ռիկան, Մեքսիկան, Արգենտինան, Էկվադորը եւ Պերուն:

Իսկ ահա Միացյալ Նահանգները վարկանիշային ցանկի ութերորդ հորիզոնականում են՝ Ճապոնիայից մի աստիճան վեր եւ Իսլանդիայից՝ ցած:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է