• Latest news

Աղի՝ մկաններում եւ մաշկի մեջ առկա ավելցուկները կարող են հիպերտո՞նիա առաջացնել

2 հոկտեմբերի, 2014  17:48

Կարո՞ղ է արդյոք մարդու մկաններում եւ մաշկի մեջ բնական եղանակով պահպանվող աղը արյան բարձր ճնշում հրահրել: Հարցի պատասխանը գտնելու նպատակով ամերիկացի գիտնականները հատուկ փորձարկում են նախաձեռնել՝ արյան թեթեւակի բարձր ճնշում ունեցող 200 կամավորների շրջանում:

Հայտնի է, որ աղը կենսական նշանակություն է ապահովում՝ օրգանիզմում ընթացող բազմաթիվ գործընթացների համար: Սակայն բարձր խտության պարագայում, երբ օրգանիզմը ստիպված նորման գերազանցող ծավալով ջուր է պահպանում, այն կարող է նաեւ արյան ճնշման աճի հանգեցնել: Բանն այն է, որ հավելյալ ծավալով հեղուկները սիրտն ու արյունատար անոթները ճնշելու հատկություն ունեն: 

Ավելի վաղ ԱՄՆ-ում գործող Էմորիի համալսարանի գիտնականները պարզել էին, որ մկանային եւ մաշկային բջիջների միջանկյալ տարածքում աղի գլխավոր բաղադրիչը հանդիսացող նատրիումի որոշակի ծավալներ են պահպանվում: Ասել է, թե՝ հիշյալ միջակայքերը օրգանիզմի համար որպես աղի պահեստարան են ծառայում:

Երկրում գործող մեկ այլ կրթօջախը՝ Վանդերբիլտի համալսարանը ներկայացնող գիտնականներն էլ, իրենց հերթին, այն գաղափարն են առաջ քաշել, թե արյան բարձր ճնշմանը ոչ միայն սննդամթերքի հետ օրգանիզմ ներթափանցող աղը, այլ նաեւ հիշյալ պահեստարաններում առկա նատրիումի ծավալներն են նպաստում:

Ներկայումս բացահայտման հեղինակները փորձում են պարզել, թե արդյոք այդ պահեստարանների դատարկումը կարող է արյան ճնշման նվազեցման հանգեցնել, հաղորդում է The Daily Mail-ը:

Առաջիկա 8 շաբաթների ընթացքում կամավորները սրտի անբավարարության դեմ ցուցված դեղամիջոց կամ պլացեբո են ընդունելու: Գիտահետազոտական խմբի անդամները հույս ունեն, որ սպիրոնոլակտոնի օգնությամբ հնարավոր կլինի օրգանիզմը ոչ միայն հեղուկից ազատել, այլ նաեւ աղի պահեստարանները դատարկել: Փորձարկման ավարտին մասնակիցների մկաններում եւ մաշկի մեջ առկա աղի ծավալները կստուգվեն:

Գիտնականները նաեւ փորձում են պարզել, թե արդյոք աղի՝ օրգանիզմի նախաձեռնությամբ իրականացվող կուտակումը կարող է բորբոքային գործընթացներ հրահրել: Ավելի վաղ Յորքի համալսարանականները ենթադրություն էին հայտնել, թե աղի հրահրմամբ աուտոիմուն հիվանդությունների հետ կապ ունեցող բորբոքումներ կարող են ի հայտ գալ: Խոսքն այն բարդությունների մասին է, որոնց պարագայում իմունային համակարգը սկսում է սխալմամբ սեփական օրգանիզմի հյուսվածքների ուղղությամբ հարձակում գործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել