• Latest news

«Իսկ դու ունե՞ս աղջիկ». ընտրություններից ավելի հետաքրքիր ֆլեշմոբ

24 հոկտեմբերի, 2014  16:10

«Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆլեշմոբը այս տարվա օգոստոսին ցնցել էր համացանցը. չորս օրվա ընթացքում ֆլեշմոբին նվիրված ֆեյսբուքյան էջը մոտ 120 000 դիտում էր ունեցել, ինչը, մեդիա ոլորտի մասնագետների գնահատմամբ՝ նույնիսկ ավելի մեծ ակտիվություն է, քան՝ ընտրությունների ժամանակ:

Այս ակտիվությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի կարծիքով, եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ հանրությանը սելեկտիվ աբորտների եւ դրանց դեմ պայքարի հարցը այսօր շատ է հետաքրքրում: Իրոք, հազարավոր մայրեր եւ հայրեր ֆլեշմոբի շրջանակներում համացանցում են տեղադրում իրենց աղջիկ երեխաների նկարները՝ փորձելով տարածել այն միտքը, որ աղջիկներով նույնպես կարելի է հպարտանալ, եւ որ աղջիկներն ընտանիքին նույնքան ուրախություն են պարգեւում, որքան տղաները:

Այսօր ֆլեշմոբը շարունակում է զարգանալ եւ տարածվել. նոր մարդիկ ամեն օր տեղադրում են համացանցում իրենց եւ իրենց դուստրերի նկարները եւ գրում, թե ինչ հպարտ են իրենց աղջիկներով:

Արամազդ Ղալամքարյանը՝ ֆլեշմոբի նախաձեռնողներից մեկը, պատմել է NEWS.am Medicine-ի թղթակցին այն մասին, որ այսօր միջազգային կազմակերպություններն էլ են հետեւում այս խնդրին, կա նաեւ պետության ուշադրությունը, իսկ վերջերս նույնիսկ հայ առաքելական եկեղեցին է միացել: Սակայն դեռ որոշ ժամանակ պետք է անցնի, որ իրավիճակը Հայաստանում փոխվի եւ սելեկտիվ աբորտների թիվը նվազի:

«Բոլորս պետք է հասկանանք, որ մտածելակերպի փոփոխությունը, որը հետո կբերի վարքագծի փոփոխության, շատ բարդ գործընթաց է», - ասել է Արամազդ Ղալամքարյանը: - «Պետք է հասնենք նրան, որ մարդիկ հասկանան, որ դա սխալ քայլ է, եւ չգնան այդ սխալ քայլին»:

Վահան Արծրունու, Արտյոմ Այվազյանի եւ շատ այլ անձանց հետ մեկտեղ ֆլեշմոբին էր միացել նաեւ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ Ֆեյսբուքում տեղադրելով իր աղջկա լուսանկարը՝ «Միանում եմ ֆլեշմոբին: Իմ գեղեցկուհի Լիլիթը մեր ընտանիքի ջերմությունն է եւ հոգին: Երանի իր պես քույրիկներ ունենար...» խորագրով:

Ինչպես նա նշել է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, ֆեյսբուքում նա տեսել էր, որ իր ծանոթներից շատերը տեղադրել էին իրենց դուստրերի նկարները, եւ որոշել էր տեղադրել նաեւ իր աղջկա նկարը, ով հիմա Գերմանիայում է սովորում:

 «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆլեշմոբը սկսել էր այն բանից, որ Արամազդ Ղալամքարյանը համացանցում էր տեղադրել իր դստեր լուսանկարը եւ հարց ուղղել այլ հայրերին՝ մի՞թե նրանք էլ չեն ցանկանում նման դուստր ունենալ:

Իսկ Դուք ունե՞ք աղջիկ: Եթե այո՝ միացեք ֆլեշմոբին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է