• Latest news

Սրտի բաց վիրահատության նոր մեթոդ՝ ոտքի կամ ձեռքի ուղղությամբ արյան հոսքի դադարեցումով

25 հոկտեմբերի, 2014  13:53

Եթե առասպելին (կամ Վիկիպեդիային) հավատալու լինենք, սրտի առաջին վիրահատությունը 1895թ.-ին՝ նորվեգացի բժիշկ Աքսել Կապելենի նախաձեռնությամբ է իրականացվել: Ավելի քան մեկ հարյուրամյակի ընթացքում անմիջապես սրտի նկատմամբ իրականացվող վիրաբուժական միջամտությունը բազմաթիվ փորձարկումներ, նորարարական մեթոդների կիրառություն եւ կատարելագործում է տեսել: Դրա վառ օրինակը վերջերս Նորվեգիայի Թրոնդհեյմ քաղաքում գործող Սբ. Օլավսի հիվանդանոցում իրականացված հետազոտությունն է, որի շրջանակում նախքան սրտի վիրահատության մեկնարկը ոտքի կամ ձեռքի ուղղությամբ արյան հոսքի դադարեցման արդյունավետությունն է հաստատվել:

Գիտնականները, մասնավորապես, պարզել են, թե ինչպես է սրտի վիրահատության պարագայում կիրառման ենթակա՝  վերջույթներից մեկի ուղղությամբ արյան հոսքի դադարեցում ենթադրոող «հեռակա իշեմիկ նախապատրաստման» (Remote ischemic preconditioning, RIPC) մեթոդը օրգանի ձախ փորոքի մկանների վրա անդրադառնում եւ այն եզրահանգմանն եկել, որ խնդրո առարկա միջոցառման օգնությամբ կարելի է վիրաբուժական միջամտության արդյունքում սրտին վնաս հասցնելու ռիսկի նշանակալի նվազեցման հասնել, հաղորդում է Medical Daily-ին: 

«Վիրահատության ընթացքում սրտի ուղղությամբ արյան հոսքի դադարեցում է նախաձեռնվում: Վիրաբուժական միջամտության ընթացքում թարմ արյունից եւ թթվածնից զրկված օրգանը կարող է էներգիա արտադրելու կարողության կորստի ենթարկվել: Սակայն երբ բոլորովին այլ մկանուտ օրգանի՝ ձեռքի կամ ոտքի ուղղությամբ արյան հոսքի դադարեցում է իրականացվում, օրգանիզմը սկսում է, առաջիկա մարտահրավերներին դիմակայելու նպատակով, իր ողջ պաշտպանական համակարգը մոբիլիզացնել», - մեկնաբանել է հետազոտության ավագ հեղինակ դոկտոր Քեթրին Հորդնես Սլագսվոլդը:

Թեեւ RIPC-ի մեթոդը բավականաչափ վաղուց է սրտի վիրաբույժներին հայտնի, օրգանի ձախ փորոքի նկատմամբ դրա ազդեցությունը խնդրո առարկա հետազոտության շրջանակում առաջին անգամ է ստուգվել: Դոկտոր Սլագսվոլդի գլխավորությամբ գործող գիտնականների նախաձեռնությամբ իրականացված փորձարկումները աորտակորոնար շունտավորման ենթակա՝ պատահականության սկզբունքով երկու խմբի բաժանված 60 հիվանդների նկատմամբ են իրականացրել: Առաջին խմբում ներառված կամավորների նկատմամբ խցանված զարկերակի՝ առողջ հատվածով փոխարինում ենթադրող վիրահատությունը, ի տարբերություն երկրորդ խումբը կազմող հիվանդների, RIPC-ի մեթոդի կիրառմամբ է իրականացվել:

Նախքան վիրահատությունը RIPC-ի մեթոդի կիրառմանը ենթակա հիվանդները երեք անգամ 5-ական րոպե տեւողությամբ ձեռքի ուղղությամբ արյան հոսքի դադարեցման են ենթարկվել: Այնուհետեւ էլ, յուրաքանչյուր վիրահատության ավարտից հետո, գիտնականները սրտի հյուսվածքների հետազոտություն եւ հավաքագրված տվյալների համեմատական վերլուծություն են իրականացրել:

«Ձեռքի ուղղությամբ արյան հոսքի դադարեցմանը ենթարկված հիվանդների սրտի մկանները վիրաբուժական միջամտության ողջ ընթացքում էներգիայի արտադրության անփոփոխ մակարդակ են ապահովել՝ ի տարբերություն այն հիվանդների, որոնք սովորական՝ առանց RIPC-ի մեթոդի կիրառության են վիրահատվել», - մեկնաբանել է դոկտոր Սլագսվոլդ՝ նկատելով, որ մեթոդի՝ սրտի նկատմամբ պաշտպանիչ ազդեցության հարցում ամենավճռորոշ նշանակությունը Akt անվամբ հայտնի սպիտակուցների ակտիվացումն է ապահովում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է