• Latest news

Հայաստանում աղիքի քաղցկեղի վիրաբուժության նոր՝ կյանքի առավել բարձր որակ ապահովող մեթոդներ են գործարկվում

25 հոկտեմբերի, 2014  19:55

Հայաստանում ուղիղ աղիքի դիստալային հատվածի քաղցկեղի բուժմանը միտված երկու նոր վիրահատական մեթոդներ են մշակվել, որոնք կարող են տվյալ հիվանդությունն ունեցող մարդու համար կյանքի առավել բարձր որակ ապահովել: Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Աղավելյանի հեղինակած մեթոդներից առաջինը դեռեւս 1999թ.-ից է գործում, երկրորդը՝ 2009թ.-ից: Հոկտեմբերի 24-ի երեկոյան ուռուցքաբաններն ու պրոկտոլոգները «կլոր սեղանի» շուրջ էին հավաքվել՝ նոր մեթոդների արդյունավետությունը քննարկելու եւ իրականացված վիրահատությունների արդյունքնները գնահատելու նպատակով:

Ինչպես պրոֆեսոր Աղավելյանն է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում մեկնաբանել, ուղիղ աղիքի դիստալային հատվածի կամ հետանցքային ուղու քաղցկեղը արդիական խնդիր է ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ՝ Հայաստանի համար, քանի որ բավականին հաճախ ի հայտ եկող հիվանդություն է հանդիսանում:  «Դրա բուժման նպատակով ողջ աշխարհում ստանդարտ վիրահատություն՝ ուղիղ աղիքի եւ այն փակող ապարատի՝ սֆինկտերի հետ միասին հեռացմամբ բնորոշվող որովայնաշեքային էքստիրպացիա է իրականացվում: Վիրահատությունը որովայնի առաջնային պատին սիգմաձեւ աղիքի՝ սիգմոստոմայի կամ կոլոստոմայի տեսքով արտաբերմամբ է ավարտվում: Նմանատիպ պրոցեդուրայի ենթարկված մարդիկ ողջ կյանքի ընթացքում ստիպված են կղանքընդունիչներ կրել: Սա է ուղիղ աղիքի էքստիրպացիայի «ոսկե ստանդարտը», մինչդեռ կղանքընդունիչները լուրջ խնդիր են դառնում՝ հիվանդների համար», - նշել է նա: 

Քննարկմանը ներկա բժիշկները նույնպես կղանքընդունիչների հարուցած անհարմարություններն են ընդգծել: Ինչպես «Իզմիրլյան» ԲԿ-ի պրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արամ Հակոբյանն է նկատել, դրանք ոչ միայն հոգեբանական, այլ նաեւ՝ զուտ նյութական բնույթի կարող են լինել: «Մեկ կղանքընդունիչի արեժը 800-1000 դրամ է. հացի փող չկա, իսկ մարդն ամեն оր կղանքի հետ ամենաքիչը մոտ երկու հազար դրամ է դուրս մղում, թանկարժեք կղանք է ստացվում», - նշել է պրոֆեսորը:

1999թ.-ին պրոֆեսոր Աղավելյանը ազդրի նազելի մկանների կիրառմամբ աղիքների փակող գործառույթի մասնակի վերականգնում ենթադրող մեթոդ էր առաջարկել: Առաջին՝ դիակների նկատմամբ իրականացված փորձարկումները ցույց էին տվել, որ հիշյալ մկանը կարող է շեքի հատվածում կիրառվել: Նոր մեթոդի գործարկմամբ առաջին վիրահատությունը Երեւանում՝ Պրոկտոլոգիայի ինստիտուտում (ներկայիս «Իզմիրլյան» ԲԿ)՝ 42 տարեկան տղամարդու նկատմամբ է իրականացվել:

Այնուհետեւ մեթոդի կիրառմամբ շուրջ 20 վիրահատություններ են իրականացվել, բոլորն էլ՝ հաջող ելքով: Վիրահատությունների թիվը մեծ չէ այն պատճառով, որ դրանք ոչ բոլոր հիվանդներին են ցուցված: Պրոֆեսոր Աղավելյանի մեկնաբանմամբ, հիվանդի տարիքը մեծ կարեւորություն ունի, քանի որ ծերացմանը զուգընթաց նազելի մկանի թառամում է նկատվում: Բացի այդ, անոթային խանգարումները եւս կարող են լուրջ հակացուցումների տեղիք տալ: Այդուհանդերձ, ցուցման առկայության պարագայում առաջարկվող մեթոդը հիվանդների համար կյանքի առավել բարձր որակ է երաշխավորում. չէ՞ որ ստիպված չեն կղանքընդունիչ կրել եւ կարող են ինքնուրույն զուգարան գնալ: 

Ավելի ուշ՝ 2009թ.-ին, Ալեքսանդր Աղավելյանը հետանցքային քաղցկեղի վիրաբուժության եւս մեկ մեթոդ էր առաջարկել: Այս պարագայում արդեն ոչ թե ազդրի նազելի մկանի, այլ լեւատորների՝ հետանցքը բարձրացնող մկանների կիրառություն է ենթադրվում: «Ես այդ մկանները աղիքին միացնելով՝ նոր սֆինկտեր եմ ստեղծում: Սա առավել ադապտացված վիրահատություն է», - նշել է պրոֆեսորը՝ հավելելով, որ երկրորդ մեթոդի գործարկմամբ վիրաբուժական միջամտության եւս 18 դեպքեր են արձանագրվել: Ընդ որում, վիրահատությունները մեկ հստակ առավելություն ունեն. դրանք կարող են նաեւ տարեց մարդկանց նկատմամբ իրականացվել:

Ինչպես նշվել է կլոր սեղանի ժամանակ, այս եղանակը ստանդարտ էքստիրպացիայի համեմատությամբ ավելի լավ արդյունքներ է ապահովում թե հիվանդի կյանքի որակի առումով, թե ֆունկցիոնալ ցուցիչներով։

Կոլորեկտալ քաղցկեղը ինդուստրիալ աշխարհում մահացության պատճառների առաջատարներից է։ Տարեկան աշխարհում կոլորեկտալ քաղցկեղի 800 000 նոր դեպք է գրանցվում եւ 440 000  մահ։ Հայաստանում հաստ աղիքի քաղցկեղը ուռուցքային հիվանդությունների շարքում մահացության երրորդ պատճառն է, իսկ ընդհանուր մահացության կառուցվածքում՝ 6–րդը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել