• Latest news

Շոկոլադի ֆլավանոլը՝ հիշողության տարիքային կորստի վերականգնման միջո՞ց

27 հոկտեմբերի, 2014  21:46

Եթե շոկոլադ ուտելու պատճառների թվում եւս մեկի կարիքն ունեք, ապա խնդրեմ՝ ինչպես վերջերս իրականացված հետազոտության արդյունքում է պարզվել, կակաոյի գլխավոր բաղադրիչը համարվող ֆլավանոլը տարեց մարդկանց պարագայում կարող է նաեւ հիշողության տարիքային կորստի վերականգնման միջոց ծառայել: Կոլումբիայի համալսարանին կից գործող բժշկական կենտրոնը ներկայացնող փորձագետների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները, Medical Daily-ի հաղորդմամբ, Nature Neuroscience ամսագրում են նկարագրություն գտել: 

Որքան էլ որ մոռացկոտությունը տարիքի հետ կապված լինի, այն չպետք է ծերունական թուլամտության եւ, առավել եւս, Ալցհեյմերի հիվանդության հետ շփոթել: Հիշողության տարիքային կորուստը 65 տարեկանից բարձր մարդկանց մոտ ի հայտ գալու 40 տոկոսանոց հավանականությամբ է գնահատվում: Եվ որքան բարձր է տարիքը, այնքան խանգարումն առավել ակնհայտ է դառնում: Մարդը սկսում է, մասնավորապես, ոչ շատ վաղուց տեղի ունեցած խոսակցության մանրամասներ եւ ծանոթների անուններ մոռանալ: Իսկ ծերունական թուլամտության պարագայում ուղեղի այնպիսի խանգարումներ են նկատվում, որոնց հրահրմամբ շատ ավելի մոտ ժամկետներին վերագրվող հիշողությունները, մինչեւ անգամ՝ ընտանիքի անդամների անունները եւ կարեւոր իրադարձությունները կարող են մոռացության մատնվել: 

Հիշողության տարիքային կորուստը գլխուղեղի կոնկրետ հատվածի՝ հիպոկամպում տեղակայված՝ նոր հիշողությունների ձեւավորման համար պատասխանատու ատամնավոր գալարի աշխատանքի հետ է կապված: Գիտնականները վկայություն են ձեռք բերել առ այն, որ ֆլավանոլի ազդեցությամբ հիշյալ օրգանի աշխատանքի բարելավման կարելի է հասնել:

Ֆլավանոլը կարելի է, բնական տեսքով, մի շարք բանջարեղենների եւ մրգերի բաղադրության մեջ գտնել: Բացի այդ, խնդրո առարկա բիոակտիվ միացությամբ նաեւ կանաչ թեյն է հարուստ: Ու թեեւ նախընթաց հետազոտությունների արդյունքում բազմիցս են դրա օգտակար հատկությունների եւ, մասնավորապես, ուղեղի գործառույթները պահպանելու կարողության մասին վկայություններ ձեռք բերվել, միայն ընթացիկ հետազոտության շրջանակում է պարզվել, որ ան ատամնավոր գալարի մեջ առկա նեյրոնային կապերը վերականգնելու հնարավորություն է ընձեռում:

Այդուհանդերձ, ասվածը դեռեւս չի նշանակում, թե, օրինակ, պարբերաբար տաք շոկոլադ ըմպելով, կարելի է հիշողության հետ կապված խնդիրների հաղթահարման միջոց գտնել, քանի որ կակաոյի հատիկները վերամշակման փուլում զրկվում են ֆլավանոլի բաղադրության մեծ մասից: Հետազոտության շրջանակում շոկոլադի արտադրությամբ զբաղվող Mars ընկերությունը ֆլավանոլի հարուստ բաղադրությամբ՝ 900 մգ եւ 10 մգ չափաբաժիններով փորձարկային ըմպելիք է տրամադրել գիտնականներին: Խմիչքի ազդեցությանը ամեն օր՝ երեք ամիս շարունակ թվով երեսուն՝ 50-69 տարեկան, համապատասխանաբար երկու խմբերի բաժանված առողջ կամավորներ են ենթարկվել:

Նախքան փորձարկման մեկնարկը եւ դրա ավարտից հետո իրականացած հետազոտությունների եւ թեստերի արդյունքների վերլուծությունը ապշեցնող արդյունքներ է տվել:  «Ատամնավոր գալարի գործառույթի բարեկարգման տեսանկյունից առաջընթացն անհամեմատելիորեն ակնհայտ է այն մասնակիցների մոտ, որոնք ֆլավանոլի բարձր բաղադրությամբ ըմպելիքն են ընդունել», - նշել է հետազոտության ավագ հեղինակ դոկտոր Ադամ Բրիկմանը:

Մասնավորապես, հիշողության կորստի՝ 60 տարեկան մարդկանց համար տիպիկ մակարդակով գնահատվող մասնակիցներից մեկի մոտ փորձարկման ավարտին 30-40 տարեկան մարդուն հատուկ հիշողության ձեռքբերում է արձանագրվել: Այդուհանդերձ, գիտնականները մեկ անգամ եւս զգուշացրել են, որ շոկոլադը չի կարող վերը նկարագարված նպատակով կիրառվել, քանի որ ֆլավանոլի անհամեմատ փոքր ծավալներ է պարունակում: Փոխարենը խորհուրդ է տրվում ֆիզիկական ակտիվությունը պատշաճ մակարդակի վրա պահել: Նախընթաց հետազոտությունների արդյունքում ստացված տվյալները ֆիզիկական ակտիվության եւ ատամնավոր գալարի գործառնականության միջեւ կորելյացիոն կապի առկայության մասին են վկայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել