• Latest news

Օրական երեք բաժակ կաթը կանանց մոտ բարձրացնում է մահացության ռիսկը

31 հոկտեմբերի, 2014  10:50

Գաղտնիք չէ, որ կաթը ոսկրերի ամրության պահպանման տեսանկյունից իսկական սպեղանի է հանդիսանում, բայց, ինչպես բոլորովին վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, չարաշահման պարագայում էլ կարող է խիստ անցանկալի ազդեցություն ապահովել:

The British Medical Journal ամսագրում նկարագրություն գտած գիտական աշխատանքի արդյունքների համաձայն, օրական երեք բաժակ կաթ խմող կանանց մոտ, մեկից քիչ ընդունողների հետ համեմատությամբ, առաջիկա 20 տարիներին մահանալու կրկնակի բարձր ռիսկ է նկատվում:

Շվեդ գիտնականները պարզել են, որ Դ-գալակտոզ անվամբ հայտնի՝ լակտոզի բաղադրության շուրջ կեսը կազմող շաքարն օրգանիզմում առկա օքսիդատիվ սթրեսի եւ բորբոքման ծավալներն ավելացնելու հատկություն ունի: Ինչպես տարբեր կենդանատեսակների նկատմամբ իրականացվածն փորձարկումների արդյունքներն են վկայում, գալակտոզի պարբերական ազդեցությամբ արագ ծերացում եւ կյանքի տեւողության կրճատում կարող է նկատվել, հաղորդում է FoxNews-ը:

Մինչդեռ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը, արյան ճնշման կարգավորման եւ սրտանոթային հիվանդությունների ու հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկի նվազեցման, ինչպես նաեւ մկանային զանգվածի համար օգտակար սպիտակուցների արտադրության խթանման նպատակով, խորհուրդ է տալիս օրական երեք բաժակ կաթ ընդունել:

«Մեր նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները նախ եւ առաջ մեծ քանակությամն կաթ ընդունելու օգտակարությունն են կասկածի տակ առնում», - նշում են գիտնականները՝ հավելելով, որ ուսումնասիրության շրջանակում միայն կաթի սպառման ծավալների եւ մահացության ընդհանուր ցուցանիշների միջեւ կապն է ուսումնասիրվել, թեեւ նախընթաց հետազոտությունների արդյունքում բազմիցս են սրտանոթային հիվանդությունների եւ ինսուլտի նկատմամբ կանխարգելիչ ազդեցության մասին վկայող արդյունքներ ստացվել:

Ավելին, ինչպես հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը ներկայացնող փորձագետներն են վստահեցնում, կալցիումով հարուստ, ցածր յուղայնության կամ յուղազերծ կաթը կանանց շրջանում կարող է նաեւ օսթեոպորոզի առաջացումը կանխող միջոց ծառայել:

Գալակտոզի՝ մահացության ցուցանիշների նկատմամբ ազդեցության բացահայտման նպատակով հետազոտության հեղինակները հարցաշար են կազմել 39-74 տարեկան 61 հազար կանանց եւ 45-79 տարեկան 45 հազար տղամարդկանց համար: Գիտական ուսումնասիրությանն իրենց մասնակցությունը բերած կամավորները 96 սննդատեսանկների եւ ըմպելիքների, մասնավորապես՝ կաթնամթերքի սպառման ծավալներին, ինչպես նաեւ կենսակերպի այլ ոլորտներին, իրենց կշռին, հասակին, կրթական ցենզին եւ ամուսնական կարգավիճակին վերաբերող տվյալներ են տրամադրել հարցախույզի հեղինակներին, որոնք էլ այնուհետեւ տարիներ շարունակ (կանանց պարագայում՝ 20 եւ տղամարդկանց դեպքում՝ 11 տարի) նրանց առողջական վիճակն են ուսումնասիրել եւ մահացության ցուցանիշները ֆիքսել:

Հավաքագրված տվյալների վերլուծության արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ օրական երեք բաժակ կաթը կանանց մոտ մահացության նշանակալիորեն բարձր ցուցանիշ կարող է հրահրել: Նույն օրինաչափությունը, թեեւ առավել մեղմ արտահայտմամբ, նաեւ տղամարդկանց շրջանում է նկատվում:

Հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ ձեռք բերված արդյունքներին հարկավոր է զգուշամտությամբ վերաբերվել, քանի որ հետազոտությունը դիտարկային բնույթ ունի եւ երեւույթների միջեւ առկա պատճառահետեւանքային կապերը վեր հանելու նպատակ չի հետապնդում: Ասել է, թե՝ նախքան սննդակարգի փոփոխության վերաբերյալ նոր առաջարկություններով հանդես գալը, հետագա հետազոտությունների կարիք է զգացվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է