Մեջքի ցավի մասին թյուր պատկերացնումներ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել: Օրինակ՝ քանի՞ անգամ լսած կլինեք, որ ֆիզիկական վարժությունները կարող են մեջքի ցավ պատճառել: Կամ՝ եթե սպինալ վիրաբույժի մոտ խորհրդատվության եք ուղեգրվել, բանը միայն վիրահատությամբ կարող է ավարտվել: Ու քանի որ մեջքի ցավը բոլորովին էլ հազվադեպ հանդիպող բարդություն չի համարվում, հարկ է փաստերն առասպելներից առանձնացնելու հնարավորություն ունենալ: Սպինալ վիրաբույժ Թոդ Ֆրանսիզը երեւույթին առնչվող հետեւյալ առասպելներն է առանձնացրել:
Եթե սպինալ վիրաբույժի մոտ եք հայտնվել, ուրեմն Ձեզ վիրահատություն է սպասվում
Իրականում այդպես չէ: Մեջքին վերաբերող խնդիրների մեծ մասն, ընդհակառակը, առանց վիրաբուժական միջամտության են վերացվում, թեեւ երբեմն այն անխուսափելի կարող է դառնալ: Ամեն ինչ հիվանդի առողջական վիճակից է կախված:
Ֆիզիկական վարժությունները կարող են վնաս պատճառել մեջքին
Արհեստավարժ, որակավորում ունեցող ֆիզիոթերապեւտի վերահսկողությամբ իրականացվող վարժություններն իրականում կարող են ամրություն հաղորդել ողնաշարը շրջապատող մկաններին: Ամուր մեջքը, դոկտոր Ֆրանսիզի հավաստիացմամբ, սթրեսի նկատմամբ բարձր դիմադրողականության եւ ողնաշարի աշխատանքի ճիշտ կարգավորման գրավական է հանդիսանում:
Միջողնաշարային սկավառակի ճողվածքը միայն հեռացման է ենթակա
Միջողնաշարային սկավառակները ողնաշարը սթրեսից պաշտպանող «անվտանգության բարձիկի» դերակատարում են ապահովում: Այդուհանդերձ, արտաքին շերտի թուլացման դեպքում, դրանք էլ պատռվելու՝ ճողվածքի ենթարկվելու հատկություն ունեն, ինչի արդյունքում սկավառակի դոնդողանման կենտրոնից շրջակա նյարդերը գրգռող եւ մեջքի ու ոտքերի ցավ առաջացնող արտահոսք կարող է սկսվել: Այդուհանդերձ, ճողվածքի ենթարկված միջողնաշարային սկավառակն ավելի քան 90 տոկոս դեպքերում, հանգստի ռեժիմի, մեղմ ֆիզիկական թերապիայի, ցավի կառավարման եւ հակաբորբոքային դեղամիջոցների ազդեցությամբ, կարող է ինքնավերականգնվելու հնարավորություն ձեռք բերել:
Սկավառակների նստեցումը լուրջ բժշկական խնդիր է ներկայացնում
Սկավառակների նստեցումը, դոկտոր Ֆրանսիզի գնահատմամբ, ծերացմանը հատուկ գործընթաց է համարվում: Ինչպես որ ավտոմեքենայի անվադողն է ժամանակի ընթացքում, օդից զրկվելով, ամրությունը կորցնում, այնպես էլ մարդը, ծերացմանը զուգահեռ, կարող է, միջողնաշարային սկավառակների նստեցման կամ իջեցման արդյունքում, առավել ցածր հասակ ձեռք բերել:
Մագնիսա-ռեզոնանսային պատկերմամբ միշտ էլ կարելի է մեջքի ցավի աղբյուրը գտնել
Մագնիսա-ռեզոնանսային պատկերումը մագնիսական դաշտի եւ ռադիոալիքների օգնությամբ օրգանների եւ հյուսվածքների մանրամասն պատկերներ ստանալու հնարավորություն է ընձեռում: Այն կարող է միջողնաշարային սկավառակի ճողվածքը կամ նյարդային կոմպրեսիան վեր հանել, բայց եւ անօգուտ միջոց է՝ մեջքի ցավին նպաստող թույլ մկանները գտնելու համար:
Մեջքի ցավի լավագույն լուծումը անկողնային հանգիստն է
Որքան էլ ասվածը տարօրինակ հնչի, մեջքի ցավի դեմ պայքարի լավագույն եղանակը մեղմ ֆիզիկական վարժություններն են համարվում: Զբոսանքն, օրինակ, ողնաշարին առավել չեզոք ուղղորդում հաղորդելու լավագույն միջոցն է հանդիսանում:
Ողնաշարի ռեկոնստրուկտիվ՝ առնվազն երկու ոսկրերի համաձուլում ենթադրող վիրաբուժությունը մեկ վիրահատությամբ չի կարող սահմանափակվել:
Շատերը լսած կլինեն, որ այս կամ այն մարդու մոտ մեջքի հերթական անհաջող վիրահատությունն է իրականացվել: Դոկտոր Ֆրանսիզի համոզմամբ, այդուհանդերձ, հմուտ վիրաբույժի գլխավորությամբ իրականացման պարագայում պրոցեդուրան կրկնման կարիք չի ունենա:
Մեջքի ցավի պատճառը կարող է նյարդային բնույթ ունենալ
Ասվածը հազվադեպ է ճիշտ լինում: Գրգռված կամ ճնշված նյարդը սովորաբար ոտքի կամ ոտնաթաթի շրջանում է ցավեր առաջացնում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր