• Latest news

Ինչպե՞ս թողեցի ծխելը. պայքար, որից ամեն վայրկյան հետաձգված հաճույք եմ ստանում

20 նոյեմբերի, 2014  19:14

Ծխելու սովորության շուրջ մորս նախատինքներին միշտ կատակով՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի հանրահայտ ստեղծագործության՝ պատեհաբար վերափոխված առաջին տողերով էի պատասխանում, թե «կանցնի մի հարյուր տարի, երբ, որեւէ լուրջ հիվանդության ախտորոշումը ձեռքիս, հեռավոր այն իրիկունը կմտաբերեմ, երբ առաջին անգամ սիգարետը բերանս տարա…»:

Իրականությունն այն է, որ բոլոր ծխող մարդիկ գրեթե նույն կերպ են մտածում: Երբեք չեմ հանդիպել ծխող մեկի, ով առնվազն լսած չլինի սովորության վնասակար հատկությունների եւ հրահրվող հիվանդությունների մասին ու չհավատա դրանց: Պարզապես նախ այն, թե ինչ կլինի «մի 100 տարի անց», իմ օրինակով, չափազանց քիչ է մտահոգում երիտասարդ մարդուն: Եւ բացի այդ, երբ բանը վիճակագրությանն է հասնում, թե, օրինակ՝ 3-ից 2 դեպքում կարող է այս կամ այն մահաբեր հիվանդությունն առաջանալ, անմիջապես սկսում ենք մեզ երրորդի՝ հաջողակի դերում պատկերացնել, որին ոչինչ չի սպառնում: Դրան էլ գումարած պատմությունները մինչեւ խոր ծերություն ապրած մարդկանց մասին, որոնք ողջ կյանքը «սիգարետի հետ» են անցկացրել: Ուստի պատահական չէ, որ թե ծնողներիս, եւ թե իմ առողջությամբ մտահոգված մարդկանց հորդորները, ծխելու սովորության վնասակարության մասին պատմող՝ տարատեսակ միջոցառումների շրջանակում տրամադրվող տեղեկատվական նյութերն ու հոդվածները միայն կատակի ու ցինիզմի էին վերածվում ականջիս:

Հետո էլ ցինիզմը պարտվողականության վերածվեց: Որպես ամենավառ օրինակ, որի մասին ամաչելով եմ հիշում, ծխելու դեմ՝ տեղական ընկերությունների մեկի աշխատակիցների համար նախաձեռնված ակցիան էր, որի կազմակերպիչն էի հանդիսանում: Գեղեցիկ ձեւավորված տեղակատվական նյութերն ու դասախոսություններն անպակաս էին, սակայն մեծ լսարանի՝ անձիս հանդեպ ուշադրությունը հաշվի առնելով, դժոխային չարչարանքներ էի կրում՝ ժամերով առանց ծխելու մնալու ընթացքում. չէ՞ որ ենթադրվում էր, որ ես աշխարհի ամենաչծխող մարդկանցից մեկը պետք է լինեմ: Իսկ հետո ինչպես էի հարձակվում գլանակի վրա…

NEWS.am Medicine-ի խմբագրություն աշխատանքի անցնելուց հետո՝ առաջին ամիսներին, գրեթե ոչինչ չէր փոխվել: Ճիշտ է՝ գոնե երկու օրը մեկ նյութ էինք թողարկում՝ վնասակար սովորության եւ դրա հետեւանքների մասին, բայց բաղձալի պահը հերթական կիրակի օրերից մեկի հետ եկավ, երբ, նախընթաց շաբաթվա նյութերը մտովի վերլուծելիս, անպատեհ մի միտք որդի նման գիտակցությանս մեջ սողոսկեց.

ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԵՍ ՉԼԻՆԵՄ ՀԱՋՈՂԱԿՆԵՐԻ ԹՎՈՒՄ:

Հաջորդ օրն իսկ աշխատավայրում պայմանավորվածություն ձեռք բերեցի՝ հերթական արձակուրդի վերաբերյալ, ու 6-օրյա պայքարս սկսվեց, որից հիմա էլ՝ արդեն մեկ ամիս անց, ամեն վայրկյան հետաձգված հաճույք եմ ստանում:

Պետք է ասեմ, որ նախկինում մեկ անգամ փորձել եմ ոչ թե հրաժարվել սիգարետից, այլ՝ մի փոքր սահմանափակել դրա օգտագործման ծավալները (օրական 3-ից 2 տուփի հասցնել)՝ հաշվի առնելով, որ տասներկումատնյա աղիքի խոց ունեի, ինչն արդեն ամեն օր անհանգստացնում էր ինձ:

Ինչեւէ, միտքս այն է, որ 18 տարվա համար ծխելուց հրաժարվելու ջանքերի այնքան էլ մեծ փորձ չունեի եւ չգիտեի՝ որտեղից սկսել: Պարզապես, հասկանալով, որ ծխախոտից կախվածությունը թե ֆիզիկական, եւ թե հոգեբանական բնույթ ունի, 7-օրյա արձակուրդը երկու մասի բաժանեցի՝ առաջինը ֆիզիկականի, երկրորդը՝ հոգեբանականի համար: Հավատացեք, դժվար չէր իբր 2-3 օրով 2 տուփը 3 գլանակի հասցնել: Իսկ հետո էլ՝ համոզել ինքս ինձ, որ եթե կարողացա 40-ը 3-ի իջեցնել, ապա ինչո՞ւ 3-ն էլ չի կարող զրո դառնալ: 7-րդ օրն արդեն սկսվեց զրույցս ինչ-որ տեղ՝ գիտակցությանս խորքերում ապրող հրեշի հետ, ով այդքան հեշտությամբ 18 տարի խաբել էր ինձ եւ վիճակագրական տվյալների՝ իրականությունից հեռու լինելու եւ իմ՝ հաջողակ երրորդը լինելու մասին համոզմունքը հաղորդել:

Հիմա ես ամեն օր վայելում եմ պայքարիս պտուղները, ավելին՝ հենց պայքարս եմ հետաձգված կարգով վայելում՝ պատկերացնելով, թե ինչպես էր փոքրիկ հրեշը գալարվում ինչ-որ տեղ՝ մտքիս խորքերում ու աղաչագին «Հարյուր տարվա մենությունից» կատակը հիշեցնում:

Հիմա նա այնքան փոքր է, որ շուտով կսպառվի: Ափսոսանքս այն 18 տարիներն են, որ կարող էի ավելի առողջ ապրել:

Իսկ Դո՞ւք արդեն քանի տարի եք թույլ տվել, որ Ձեզ խաբեն: Մի՞թե այդքան անկարեւոր բանի մասին է խոսքը, որ պատրաստ եք իրականության՝ վիճակագրությունից հեռու լինելու եւ քաղցկեղից ապահովագրված լինելու մասին հեքիաթներին հավատալ:

Ես չեմ սիրում խաբված եւ կարճ ու անառողջ ապրել: Իսկ Դո՞ւք, սիրելի ընթերցող:

Վահե Մխիթարյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է