• Latest news

Դաշտանադադարի փուլում տեստոստերոնը թույլ ազդեցությո՞ւն ունի կնոջ սեռական «դրայվի» վրա

22 նոյեմբերի, 2014  23:35

Էստրոգենն ու տեստոստերոնը կարող են որոշակիորեն դաշտանադադարի փուլում գտնվող կնոջ սեռական «դրայվի» եւ սովորույթների վրա անդրադառնալ, սակայն, ինչպես շուրջ մեկ տասնամյակ տեւած հետազոտության արդյունքում է վերջերս պարզվել, հարաբերություններն ու էմոցիոնալ առողջությունը տվյալ հարցում շատ ավելի մեծ դերակատարում են ապահովում, հաղորդում է FoxNews-ը:

«Թեեւ նախընթաց մի շարք հետազոտությունների շրջանակում վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ տեստոստերոնի եւ այլ վերարտադրողական հորմոնների ու կնոջ ցանկությունների եւ մաստուրբացիայի հաճախականության միջեւ որոշակի կապ է գործում, սույն լայնածավալ ուսումնասիրությամբ սեռական գործառույթի բազմաթիվ ասպեկտների վրա հոգեբանական գործոնների ազդեցության շատ ավելի մեծ կարեւորությունն է վեր հանվում: Կնոջ էմոցիոնալ բարեկեցությունը եւ ինտիմ հարաբերությունների որակը վիթխարի նշանակություն ունեն՝ սեռական առողջության համար», - մեկնաբանել է հետազոտության հեղինակ դոկտոր Ջոն Ռանդոլֆը՝ Միչիգանի բժշկական համալսարանից:

Ձեռք բերված բացահայտումները կարող են ստվեր նետել տեստոստերոնային թերապիայի արդյունավետության վրա, որը հատկապես հեռացված ձվարաններով կանանց սեռական գործառույթի բարելավման նպատակով է նշանակվում:

Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում նկարագրություն գտած հետազոտության հեղինակները, մասնավորապես, դաշտանադադարային անցման փուլում գտնվող կանանց մոտ վերարտադրողական հորմոնների եւ սեռական գործառույթի միջեւ կապն են ուսումնասիրել: Բացի 3 300 մասնակիցների շրջանում կազմակերպված հարզախույզից, որի ընթացքում տվյալներ են հավաքագրվել՝ կանանց սեռական ցանկությունների եւ ակտիվության վերաբերյալ, գիտնականները նաեւ արյան նմուշներ են ձեռք բերել՝ համարժեք հորմոնային ֆոնը պարզելու նպատակով:

Գիտնականների ուշադրության կենտրոնում հատկապես դեհիդրոէպիանդրոստերոնի սուլֆատ (DHEAS) անվամբ հայտնի հորմոնն է հայտնվել, որը տեստոստերոնի, էստրոգենի տեսակներից մեկի՝ էստրադիոլի եւ ֆոլիկուլ խթանող հորմոնի (FSH) վերածվելու հատկություն ունի: Փորձագետների հավաստիացմամբ, դաշտանադադարն առավելապես FSH-ի մակարդակի աճով է զուգորդվում:

Գիտնականները նաեւ հաստատումն են գտել այն տեսության, որ բնականորեն տեստոստերոնի, ինչպես նաեւ դրա նախորդը հանդիսացող DHEAS-ի բարձր մակարդակ ունեցող կանայք առավել հաճախ են սեռական ցանկություններ ունենում: Այդուհանդերձ, դոկտոր Ռանդոլֆի մեկնաբանմամբ, խնդրո առարկա ազդեցությունը բավականին համեստ բնույթ է կրում: Մյուս կողմից էլ բավարարվածությունը՝ առկա սեռական հարաբերություններից, կարող է գործառույթի անհամեմատ ավելի բարեկարգ վիճակում պահպանման հանգեցնել:

«Այնպես որ, դաշտանադադարային փուլում գտնվող՝ իրենց սեռական գործառույթից դժգոհ կանայք մասնագետի հետ բուժման տարբերակները քննարկելիս ոչ-հորմոնային գործոնների ազդեցության վարկածը եւս պետք է առաջ քաշեն», - խորհուրդ է տալիս հետազոտության հեղինակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել