• Latest news

Միքայելյան ինստիտուտի տնօրինությունը քայլեր է ձեռնարկում բուժքույրերի աշխատավարձերի պարտքերը վճարելու համար

25 նոյեմբերի, 2014  19:07

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Նախարարը շրջեց հիվանդանոցում, եղավ Ընդհանուր վիրաբուժության, Վերակենդանացման, Օրթոպեդիայի եւ պլաստիկ վիրաբուժության, Ուրոլոգիայի բաժանմունքներում, վիրահատարանում, ընդունարանում: Արմեն Մուրադյանը զրուցեց բժշկական անձնակազմի հետ, հետաքրքրվեց իրականացվող ծրագրերով, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Նախարարին ներկայայցվեց նաեւ ինստիտուտի վերանորոգված նորաբաց հարկաբաժինը, որտեղ տեղակայված են թե մասնագիտական աշխատասենյակներ, եւ թե ուսումնական հատված:

Այնուհետեւ Արմեն Մուրադյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ինստիտուտի բժշկական անձնակազմի հետ: Քննարկվեցին բազմապրոֆիլ հիվանդանոցի ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացմանը, բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, ինստիտուտի զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Նախարարը նկատեց, որ կատարվել է մեծ աշխատանք, վերանորոգվել են առանձին բաժանմունքներ: Անդրադառնալով ինստիտուտի բուժաշխատողների աշխատավարձի պարտքերին՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ հարցը քննարկվել է, կատարվել են մասնակի մարումներ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ տարեվերջ պարտքի մյուս մասը վճարել: «Այս ինստիտուտի զարգացման հեռանկարները հստակ են, իսկ զարգացումը պետք է ապահովենք միասնական ջանքերով՝ յուրաքանչյուրս ունենալով մեր պարտավորությունը»,- ասաց նախարար Մուրադյանը:

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն Արթուր Թամազյանը նշեց, որ խնդիրները հնարավոր է լուծել՝ մեծացնելով հիվանդանոցի աշխատանքային ծավալները: «Նոր բաժանմունքներ են ստեծվել, նոր տեխնիկական ծրագրեր են մշակել, որոնք կնպաստեն հիվանդանոցի արդյունավետ գործունեությանը: Մենք այժմ իրականացնում ենք քայլեր, որպեսզի վճարվեն բուժքույրերի եւ կրտսեր բուժանձնակազմի աշխատավարձերի կուտակված պարտքերը»,-ընդգծեց ինստիտուտի տնօրենը: Նշվեց, որ հիվանադանոցում կատարվում է օրական միջինը 8 վիրահատություն, ամսական այստեղ դիմում է 200-220 այցելու:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ինստիտուտի ֆինանսավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր: Ներկայացվեց նաեւ պետպատվերի տեղադրման խնդիրը: «Պետպատվերը կտեղադրվի այն հիվանդանոցներում, որոնք կունենան նվազագույն ռիսկայնություն, ինչը գնահատելու ենք բուժական աշխատանքի որակով. թե ինչպիսի բուժական ցուցանիշներ է ապահովում այդ հիմնարկը, կատարվո՞ւմ են արդյոք վերլուծություններ, իրականացվում են պաթանատոմիական, կլինիկական կոնֆերանսներ: Այսինքն՝ բժշկական հիմնարկները գնահատվելու են համապատասխան սանդղակով»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նախարարն ընդգծեց, որ այդ չափանիշերի ապահովման դեպքում պետությունը պատրաստ է ավելացնել գնումների ծավալը տվյալ հիվանդանոցի բժշկական ծառայություններից: Ներկայացվեցին նաեւ առողջապահության ոլորտի առաջնահերթությունները: Հաջորդ տարվանից փորձարարական եղանակով կներդրվի էլեկտրոնային առողջապահության համակարգը: «Առանձին մասնագիտությունների համար մենք պետք է ունենանք չափագրված չափորոշիչներ: Մասնավորապես` կան ոլորտներ, որոնք արդեն իսկ պատրաստ են անցնելու այս համակարգին, օրինակ՝ ուրոլոգիան, սրտային վիրաբուժությունը, անեսթեզիոլոգիան: Այս համակարգի ներդրմամբ վերահսկելի կլինեն թե բժշկական ծառայությունների որակը, թե ֆինանսական կարգավիճակը, թե տեղեկատվական դաշտը»,-ընդգծեց նախարար Մուրադյանը:

Բուժանձնակազմի հետ քննարկվեցին նաեւ դատաբժշկությանը, բժիշկների անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում նախարարը շեշտեց չափագրված փաստաթղթերի վարման անհրաժեշտությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել