• Latest news

Կարո՞ղ է արդյոք «Վստահություն» ՀԿ-ն, կրծքով կերակրման օրենքի ուժով, «Նատալի Ֆարմին» հակազդել

28 նոյեմբերի, 2014  19:04

Ներկայումս կրծքով կերակրման ցուցանիշը Հայաստանում 80-81 տոկոս է կազմում, ինչը բազմաթիվ միջազգային (UNISEF, World Vision) եւ տեղական կազմակերպությունների եւ առողջապահության նախարարության հետեւողական աշխատանքի արդյունքն է: Այս մասին «Երեխաների կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» նոր օրենքի նախագծի քննարկման ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը «Վստահություն» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Հարությունյանն է հայտնել:

Նրա խոսքով, 1988թ.-ին Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժից հետո, երբ երկիրն ամեն տեսակի՝ անվճար բաժանվող սնուցիչ խառնուրդներով էր հեղեղվել, ցուցանիշը կտրուկ նվազել էր (60-ից 20 տոկոսի հասել) եւ միայն 1994թ-ից ի վեր, ԱՀԿ-ի եւ մի շարք միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանի առողջապահության նախարարության նոր քաղաքականության շնորհիվ, աճի միտումներ դրսեւորել: Սուսաննա Հարությունյանի մեկնաբանմամբ, խոսքը մինչեւ չորս ամսական երեխաների կրծքով կերակրման այսպես կոչված լրիվ կամ գրեթե լրիվ (երբ երեխան նաեւ ջուր ու հավելյալ սնուցում է ստանում) ցուցանիշի մասին է:

ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրվող՝ մինչեւ 6 ամսական երեխաների բացառապես կրծքով կերակրման ցուցանիշը, սակայն, Հայաստանում ընդամենը 30 տոկոս է կազմում: Մինչդեռ, մասնագետի հավաստիացմամբ, կանանց 97 տոկոսն ի վիճակի է բացառապես կրծքով կերակրում ապահովել:

«Այստեղ մեծ պաշար ունենք: ԱՀԿ-ի հաշվարկների համաձայն, ցուցանիշի նշանակալի բարելավման պարագայում կարելի է մանկական մահացության մինչեւ 13 տոկոսի չափով կրճատման հասնել, ինչը Հայաստանի համար տարեկան 60-90 երեխայի փրկություն է ենթադրում», - նշել է նա:

Սուսաննա Հարությունյանի վստահեցմամբ, նրա ղեկավարությամբ գործող հասարակական կազմակերպությունը մշտապես բացատրական աշխատանքներ է տանում՝ հանրության շրջանում եւ որոշակի պարբերականությամբ երեխաների կերակրման շուկայի մոնիտորինգ իրականացնում: Վերջինի դեպքում, որը դեռեւս 2011թ.-ին է իրականացվել, մի շարք խախտումներ են վեր հանվել: Մասնավորապես, մանկական խառնուրդների՝ թե հեռուստատեսությամբ, եւ թե տպագիր հրատարակություններում գովազդման դեպքեր են հայտնաբերվել՝ չնայած այն հանգամանքին, որ այդ ժամանակ դրանց գովազդն արդեն արգելված էր: Պիտակների հետ կապված խախտումներ եւս եղել են՝ որոշ դեպքերում դրանք ակնհայտորեն գովազդային եւ խրախուսական բնույթի տեղեկություններ էին պարունակում:

«Վստահություն» ՀԿ-ի ղեկավարի գնահատմամբ, բավականին դժվար էր, առանց համապատասխան օրենքի, արտադրող ընկերություններին եւ ներմուծողներին հակազդել, սակայն մինչ այժմ հաջողվել է զսպել նրանց: Հիմա՝ օրենքի ընդունումից եւ համապատասխան օրենսդրական ակտերի մշակումից հետո արդեն նրանց գործունեության առավել խիստ վերահսկումը հնարավոր կդառնա:

Ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկման, թե արդյոք ակնհայտ գովազդ չէ, երբ «Նատալի Ֆարմ Մալաթիա» ԲԿ-ի ծննդաբերական բաժանմունքի աշխատակիցները HIPP-ի («Նատալի Ֆարմը» HIPP-ի արտադրանքի մատակարարն է հանդիսանում) ապրանքանշանը կրող խալաթներով են շրջում, եւ կարող է արդյոք «Վստահություն» ՀԿ-ն, օրինակ, պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության գործունեությանը հակազդել, փորձագետը նշել է, որ HIPP-ի ապրանքանշանով խալաթները նաեւ միջազգային համաժողովների շրջանակում են քննարկվել եւ քայլող գովազդ ճանաչվել:  «Դա գովազդ է եւ օրենքի կոպիտ խախտում», - նշել է նա:

«Երբ մայրը ծննդատանը մի քանի բաժին կաթնախառնուրդ է ստանում, հատկապես շշով եւ ծծակով, հավանականությունը, որ հետո բացառապես կրծքով կկերակրի երեխային, շատ քիչ է։ Նրանք սովորաբար վստահում են բուժաշխատողներին, եւ եթե ծննդատանն արդեն որեւէ կաթնախառնուրդ են տվել երեխային, հետագայում էլ կշարունակեն տալ։ Այսինքն, ծննդատանը փոքր քանակությամբ կաթնախառնուրդ նվիրելով՝ հասնում են նրան, որ մայրերը մի ամբողջ տարի կախվածության մեջ են ընկնում իրենցից։ Սա շատ վաղուց արգելված է ողջ աշխարհում», – նշել է Սուսաննա Հարությունյանը՝ հավելելով, որ երեւույթը նոր է՝ մեր ծննդատների համար, մայրերն էլ վերջերս շատ են բողոքում կաթնախառնուրդի ագրեսիվ առաջարկից ( ընդ որում դա նկատվում է բոլոր ծննդատներում): Բանախոսը հույս հայտնեց, որ օրենքն այս երեւույթները բացառելու հնարավորություն կարող է ընձեռել։

Ս. Հարությունյանը հավելել է, որ նույն «Մալաթիա» ԲԿ–ում հասարակական կազմակերպության ակտիվիստները դեռեւս հղիության ընթացքում կրծքով կերակրման վերաբերյալ լուրջ աշխատանք են տանում մայրերի հետ: Նույնը, մասնագետի խոսքով, նաեւ այլ ծննդատներում է իրականացվում։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է