• Latest news

Հազվագյուտ վիրահատություն Հայաստանում. փոքրիկ երեխայի որովայնից չզարգացած զույգին են հեռացրել

18 դեկտեմբերի, 2014  17:24

Օրեր առաջ «Արաբկիր» բժշկական կենտրոնում եզակի վիրահատություն է տեղի ունեցել, որի ընթացքում 2 ամսեկան երեխայի որովայնից հեռացվել է նրա չզարգացած զույգը: Այս դեպքի մանրամասների մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը վիրահատությունն իրականացրած մանկական վիրաբույժ Սահակ Առաքելյանի հետ է զրուցել:

Ինչպե՞ս էր ամեն ինչ սկսվել

Տարօրինակ կիստոզ գոյացությունը երեխայի որովայնում հայտնաբերվել էր դեռ հղիության վերջին շաբաթների ընթացքում: Սակայն երեխայի ծնվելուց հետո գոյացությունն իր մասին գրեթե իմաց չէր տալիս. երեխան չէր ջերմում, ուտում, քնում եւ նորմալ զարգանում էր: Քանի որ նման դեպքերում խորհուրդ չի տրվում ոչ մի ակտիվ գործողություն կատարել, բժիշկները միայն հետեւում էին երեխայի վիճակին եւ ամեն շաբաթ սոնոգրաֆիկ հետազոտություն էին իրականացնում:

Մի քանի շաբաթ շարունակ գոյացության մեջ գրեթե ոչ մի փոփոխություն չկար, սակայն երբ երեխան մեկ ամսեկան դարձավ, մասնագետներն այդ գոյացության ինտենսիվ աճ նկատեցին: ՄՌՏ հետազոտություն անցկացվեց եւ ըստ այդմ որովայնի խոռոչի ուռուցք ախտորոշվեց: Քանի որ ուռուցքն արագորեն աճում էր, բժիշկները որոշեցին վիրահատել այն: Նրանք մտավախություն ունեին, որ դա չարորակ գոյացություն է, քանի որ աճը բավական ինտենսիվ էր, իսկ շոշափելիս գոյացության մակերեսը անհարթ էր՝ ագրեսիվ ուռուցքի տպավորություն էր թողնում:

Ի՞նչ է պարզվել հետո

Վիրահատության ժամանակ պարզվել է, որ երեխայի մոտ ոչ թե չարորակ ուռուցք է, այլ՝ բժշկության մեջ շատ հազվադեպ հանդիպող մի երեւույթ, երբ թերզարգացած պտուղը հայտնվում է իր զույգ եղբոր կամ քրոջ մարմնում: Անհաս պտուղը, որի երկարությունը մոտ երկու բռունցք էր եւ որը գրավում էր երեխայի որովայնի խոռոչի մեծ մասը, ուներ ոտքեր, մատներ, հետույքային մաս եւ թերզարգացած աղիքների գալարներ:

Սահակ Առաքելյանի փոխանցմամբ՝ վիրահատությունը 3.5 ժամ է տեւել, եւ անհաս զույգը հեռացվել է երեխայի որովայնից:

Ի՞նչ պաթոլոգիա էր երեխայի մոտ

Այս երեւույթը, վիրաբույժի խոսքով, երկու անվանում ունի՝ fetus in fetu՝ այսինքն՝ պտուղը պտղի մեջ, եւ տերատոիդ ուռուցք:

Հղիության առաջին շաբաթների ընթացքում, երբ զույգ մոնոզիգոտ պտուղներ են լինում՝ մեկ պլացենտայով, կա չնչին հավանականություն, որ զույգերից մեկը կարող է «փաթաթվել» մյուսի շուրջ եւ սկսել սնվել նրա հաշվին:

Նման պաթոլոգիաներ հանդիպում են 500 000 նորածնից մեկի մոտ. ըստ այլ տվյալների դրանք էլ ավելի հազվադեպ են եւ 1 միլիոնից մեկի մոտ են հանդիպում:

Նման դեպք իր աշխատանքային պրակտիկայում մինչ այսօր չէր ունեցել ոչ բժիշկ Առաքելյանը, եւ ոչ էլ նրա ավագ ընկերները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել