• Latest news

Ռուս հայտնի բժիշկը «Մալաթիա» ԲԿ–ում կրծքագեղձի քաղցկեղի հեռացման վիրահատություններ կիրականացնի

26 հունվարի, 2015  16:26

Հունվարի 30-ին «Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա»  բժշկական կենտրոն կժամանի ռուս հայտնի բժիշկ-օնկոլոգ, Ն. Ն. Բլոխինի անվան  ռուսական օնկոլոգիական գիտական կենտրոնի  կրծքագեղձի ուռուցքների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգոր Վորոտնիկովը։


Բժիշկ-օնկոլոգը Երեւանում երկու օր կանցկացնի, որի ընթացքում կիրականացնի օնկոլոգիական հիվանդների խորհրդատվություն եւ կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների հեռացման մի քանի վիրահատություն։

«Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բժշկական կենտրոնի օպերատիվ գինեկոլոգիայի եւ մամոլոգիայի ծառայության ղեկավար Արման Սերգեյի Նազինյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է այն մասին, որ վերջին 3 տարիներին կլինիկան սերտորեն համագործակցում է այլ երկրների առաջատար կլինիկաների, այդ թվում՝ Բլոխինի անվան գիտական կենտրոնի հետ, որն Օնկոլոգների եվրոպական ասոցիացիայի առաջատար հաստատություններից է։

Այդ համագործակցության շրջանակներում  պրոֆեսոր Ի. Վորոտնիկովն արդեն երեք այց է իրականացրել «Մալաթիա» ԲԿ եւ տեղում տասնյակից ավելի բարդ վիրահատություններ կատարել։ Պրոֆեսորի մոտ խորհրդատվություն ստանալ ցանկացողները կարող են նախապես գրանցվել՝ զանգահարելով /010/  77-39-30 հեռախոսահամարով։

Մի քիչ թվեր

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը վերարտադրողական համակարգի բոլոր տեսակի քաղցկեղների մեջ առաջին տեղն է զբաղեցնում, իսկ բոլոր օնկոլոգիական հիվանդությունների շարքում՝ երկրորդը՝ զիջելով միայն թոքերի քաղցկեղին։ Ամեն տարի երկրում կրծքագեղձի քաղցկեղի շուրջ 1000 նոր դեպք է հայտնաբերվում, ընդ որում՝ հիվանդությունը, ցավոք, «երիտասարդանում է», եւ եթե անցյալում հիվանդությանն առնչվող կանանց մեծամասնությունը 40-50 անց է եղել, այսօր բժիշկներին նաեւ երիտասարդ աղջիկներ են դիմում։

Արման Նազինյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրել է, որ առաջին փուլում գտնվող կրծքագեղձի քաղցկեղն 90 տոկոս դեպքերում բուժվում է, ուստի հենց այդ պատճառով արեւմտյան երկրներում, որտեղ շատ հաճախ են կանխարգելիչ  հետազոտություններ իրականացվում, հազվադեպ է երրորդ փուլի քաղցկեղ առաջանում. հիվանդությունը հայտնաբերում եւ բուժում են՝ թույլ չտալով, որ այն խորանա։ Ցավոք, Հայաստանում բարձիթողի դեպքերն ավելի շատ են, քանի որ այստեղ պրոֆիլակտիկ ստուգումներն այդքան էլ տարածված չեն։

 -Կրծքագեղձի քաղցկեղն աստիճանաբար է զարգանում։ 1-15 սմ-ի հասնելու համար ուռուցքն աճում է 2-3 տարիների ընթացքում, այսինքն՝ եթե կինը տարեկան գոնե մեկ անգամ կանխարգելիչ բուժզննում անցնի, մեծ հավանականություն կա, որ ուռուցքը կհայտնաբերվի ավելի վաղ փուլում, եւ մենք հնարավորություն կունենանք բուժումն առավել արդյունավետ իրականացնել,-պարզաբանում է մասնագետը և հիշեցնում, որ պրոֆիլակտիկան ավելի անվտանգ է, ավելի հեշտ եւ էժան, քան բուժումը։

Հոգեկան տրավմա, բայց ոչ անդառնալի կորուստ

Որոշ դեպքերում կրծքագեղձի քաղցկեղի արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է լինում ամբողջությամբ կամ մասնակիորեն հեռացնել կուրծքը, ինչը մեծ հոգեկան տրավմա է առաջացնում կնոջ մոտ եւ թերարժեքության բարդույթ ձևավորում: Այդ դեպքերում օգնության է հասնում ռեկոնստրուկտիվ մամոլոգիան, որը թույլ է տալիս վերականգնել կրծքի արտաքին տեսքը կրծքագեղձերի հեռացումից հետո: Ինչպես նշում է Ա. Նազինյանը՝ Հայաստանում այդպիսի վիրահատություններ արդեն կատարվում են, բայց, ցավոք, սահմանափակ քանակով, թեպետ «Մալաթիա» բժշկական կենտրոնի մասնագետները լուրջ միտում ունեն զարգացնելու ՀՀ-ում նաև այդ վիրահատական ուղղությունը, որպեսզի բուժումից հետո հիվանդները ոչ միայն առողջ լինեն, այլեւ իրենց լիարժեք զգան:

Ինչպե՞ս է տեղի ունենում կրծքի վերականգնումը կրծքագեղձի հեռացումից հետո

Գերմանիայում ուսանած պլաստիկ վիրաբույժ Ալլա Նշանի Հարությունյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ չարորակ ուռուցքի հեռացումից հետո կրծքի վերականգնման երկու հիմնական մեթոդ գոյություն ունի՝ սիլիկոնե իմպլանտների օգտագործման եւ հիվանդի հյուսվածքների օգտագործման մեթոդը:

Գոյություն ունի մեթոդ, որի դեպքում կրծքագեղձի հեռացումից հետո մկանի տակ տեղադրում են հատուկ իմպլանտ՝ էկսպանդեր, որի հիմնական նպատակն է լայնացնել մաշկը եւ պատրաստել այն իմպլանտի տեղադրման համար: Երկու շաբաթը մեկ էկսպանդերի մեջ ներարկում են ֆիզլուծույթ, որպեսզի այն մեծանալով լայնացնի հիվանդի մաշկը: Որոշ ժամանակ անց էկսպանդերը հեռացվում է, եւ տեղադրվում է անհրաժեշտ չափսի սիլիկոնե իմպլանտը: Ամբողջ գործընթացի տեւողությունը կախված է մի շարք հանգամանքներից, բայց որքան էլ տեւի վերականգնումը, կարեւորն այն է, որ արդյունքում հիվանդն ունենում է գեղեցիկ կուրծք:

Որոշ դեպքերում կրծքի վերականգնումն ավելի երկար է տեւում. ամեն ինչ կախված է ուռուցքի տեսակից եւ ընտրված բուժումից: Օրինակ՝ ճառագայթային թերապիայից հետո բժիշկներին անհրաժեշտ է լինում մի քանի ամիս սպասել եւ, միայն հետո, համոզվելով, որ հիվանդի կուրծքն առողջ է, նրանք դիմում են պլաստիկ վիրահատության:

Երբ նոր կուրծքը պատրաստ է լինում, բժիշկները հիվանդի հյուսվածքներից պտուկ են ստանում, կատարում են փոքր պլաստիկ վիրահատություն, իսկ մի քանի շաբաթ անց դաջվածք է արվում՝  նոր պտուկն ու դրա շուրջ գտնվող արեոլան «ներկելու» և բնականին նմանացնելու համար:

Արդյունքում ստացվում են հնարավորինս սիմետրիկ կրծքեր, իսկ հիվանդները սովորաբար շատ գոհ են լինում: Նույնիսկ եթե վերականգնված կուրծքը տարբերվում է մյուս կրծքից, ապա այդ տարբերությունն այնքան էլ էական չէ ու անհամեմատելի է կրծքի ամբողջական հեռացման հետ:

Որքանո՞վ է վտանգավոր նման վիրահատությունը

Որոշ կանայք կրծքագեղձի հեռացումից հետո վախենում են վերականգնողական վիրահատությունից, որովհետեւ վախենում են, որ վիրահատական միջամտությունը կարող է նորից քաղցկեղ առաջացնել:

Իրականում այդ բոլոր վախերը որեւէ հիմք չունեն. բազմաթիվ գիտական հետազոտությունների միջոցով ապացուցվել է, որ օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականությունը կրծքի պլաստիկ-վերականգնողական վիրահատությունից հետո այնքան է, որքան դրանից առաջ կարող է լինել:

-Եթե քաղցկեղածին բջիջներն ամբողջությամբ հեռացվել են, ապա հիվանդի մոտ կրկին չարորակ ուռուցք առաջանալու հավանականությունը ճիշտ այնքան է, որքան յուրաքանչյուր առողջ կնոջ մոտ,-նշում է Ալլա Հարությունյանը:

Բնականաբար, կրծքի վերականգնողական վիրահատության դիմելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ գեղձն առողջ է, եւ որ դրա մեջ հիվանդ բջիջներ այլեւս չեն մնացել: Շատ կարեւոր է, նաև, օգտագործվող իմպլանտների որակը: Նախկինում իմպլանտները «ժամանակավոր» էին, եւ դրանք անհրաժեշտ էր փոխել յուրաքանչյուր 5-7 տարին մեկ: Ներկայում ամբողջ կյանքի համար նախատեսված իմպլանտներ են ստեղծվում, որոնք այլևս պետք չի փոխել:

-«Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բկ-ում միայն այդպիսի իմպլանտներ են կիրառվում-, նշում է բժշկուհին:

Պրոֆեսորի մոտ խորհրդատվություն ստանալ ցանկացողները կարող են նախապես գրանցվել՝ զանգահարելով /010/  77-39-30 հեռախոսահամարով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է