• Latest news

Ամերիկացի մասնագետն առաջարկել է Հայաստանում ցողունային բջիջների տարածաշրջանային կենտրոն ստեղծել

26 հունվարի, 2015  18:40

Հայաստանի առողջապահության նախարար, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը ԱՄՆ-ի «Cryostem» կազմակերպության մասնագետ Ֆադի Ջոզեֆ Բեջանին ներկայացրեց ցողունային բջիջների կիրառման գործում իրենց ձեռքբերումները։ Ամերիկացի մասնագետը տարբեր ոլորտների առաջատար մեր մասնագետներին ներկայացրեց, որ բիոբանկի հատուկ պայմաններում պահպանվող մարդու սեփական ցողունային բջիջները կիրառում են որոշ ծանր հիվանդությունների, նոր օրգանների կամ իմպլանտների պատրաստման, ռեգեներատիվ, հյուսվածքների վերականգնման եւ այլ դեպքերում։

Վկայակոչելով Ջոն Հոպկինսի եւ ամերիկյան այլ համալսարաների ուռուցքաբանության եւ նյարդավիրաբուժության ամբիոնների ուսումնասիրությունների արդյունքները` բանախոսը նշեց, որ առավել արդյունավետ եւ անվտանգ է ցողունային բջիջների ստացումը ճարպային հյուսվածքներից։ Այն լավ աղբյուր է բազմատեսակ ցողունային բջիջների ստացման համար։ Ըստ նրա` այս դեպքում ապահովվում է առավել նպատակային արդյունք, որն ի տարբերություն ոսկրածուծից անջատված ցողունային բջիջների, ունի առավել ցածր ռիսկայնություն։

Ֆադի Ջոզեֆ Բեջանին նաեւ ներկայացրեց, որ «Cryostem»-ը մշակել է ճարպային հյուսվածքից ցողունային բջիջների անջատման կենտրոնի ստեղծման գաղափարը։

Կորպորացիան նման կենտրոններ ունի Հոնկոնգում, Թաիլանդում, Թուրքիայում եւ այլ երկրներում։ Ֆադի Ջոզեֆ Բեջանին իր կազմակերպության անունից հանդես եկավ Հայաստանում եւս տարածաշրջանային նման կենտրոն ստեղծելու առաջարկով` հաշվի առնելով մեր երկրում ցողունային բջիջների անջատման որոշակի փորձը եւ հեռանկարները։ Նա հայ մասնագետներին ներկայացրեց նման կենտրոնի ստանդարտ նախագիծը։

Արմեն Մուրադյանը նշեց, որ գործողությունները նախ եւ առաջ պետք է լինեն մեր երկրում այս ոլորտում գործող իրավական դաշտին, բարոյական եւ հոգեւոր նորմերին համահունչ։ Նա առաջարկեց քննարկումները շարունակել Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի եւ Ոսկրածուծի փոխպատվաստման ռեեստրի նեղ մասնագետների հետ։

Նախարարը նշեց, որ պետք է որոշում կայացնել` հաշվի առնելով բոլոր կարծիքները, առկա հնարավորություններն ու ռիսկերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել