• Latest news

Մի հիվանդության պատմություն Քաջարանի իրադարձությունների լույսի ներքո կամ կրկին հեպատիտ Ց–ի մասին

27 հունվարի, 2015  21:35

Արթուր Հարությունյանը 49 տարեկան է: Արդեն երկու ամիս է, ինչ նա չի կարողանում աշխատել, քանի որ նրան անչափ թուլացրել է հեպատիտ Ց-ն, իսկ բազմազավակ ընտանիքին հիմա նրա կինն ու դուստրը՝ Լուսինեն են կերակրում: Ցավոք, ընտանիքն ի վիճակի չէ վճարել հոր բուժման համար:

Լուսինե Հարությունյանը կապվել է NEWS.am Medicine-ի խմբագրության հետ այն բանից հետո, երբ կարդացել է Քաջարանում 9 մարդու՝ հեպատիտ Ց-ով վարակվելու եւ նրանց բուժումը պետպատվերի շրջանակում իրականացնելու մասին հրապարակումները: Լուսինեի հոր՝ պետպատվերի շրջանակում բուժում ստանալու խնդրանքը մերժել են, քանի որ նրա հիվանդությունը ոչ թե սուր, այլ քրոնիկ փուլում է:

Քրոնիկ հեպատիտ Ց-ի բուժումը շատ թանկ եւ միայն ապահովված մարդկանց հասանելի «հաճույք» է: Դեղամիջոցի մեկ չափաբաժինը, որը պետք է ամեն շաբաթ ընդունել, մոտ 140 000 դրամ  արժե: Արթուրը պետք է այդ դեղամիջոցը վեց ամսվա ընթացքում ընդունի, սակայն նրա ընտանիքը դեռեւս ի վիճակի չէ  նույնիսկ մեկ չափաբաժին գնել: Իսկ քանի որ Արթուրի վիճակը վատթարանում է, բուժող բժիշկը նրան այլ դեղամիջոցներ է նշանակել, որոնք կկարողանան ինչ-որ կերպ օգնել հիվանդին, մինչեւ ընտանիքը կարողանա թանկարժեք դեղամիջոցը գնելու միջոց հայթայթի:

Ընտանիքը նույնիսկ փորձել է տունը գրավ դնել՝ հիվանդի բուժման ծախսերը ինչ-որ կերպ հոգալու համար, սակայն բանկերն ամանորյա տոներից հետո վարկ չեն տրամադրում:

Լուսինեն օգնության համար նաեւ փորձել է առողջապահության նախարարություն դիմել, սակայն այնտեղից հստակ պատասխան չի ստացել: Մինչեւ ընտանիքը փորձում է 49-ամյա տղամարդու բուժման համար ինչ-որ կերպ միջոցներ գտնել, հեպատիտի վիրուսը դանդաղորեն, բայց հաստատակամորեն ոչնչացնում է նրա լյարդը, իսկ հիվանդի վիճակն օրեցօր վատթարանում է:

Շատ մասնագետների կարծիքով հեպատիտ Ց-ն ՄԻԱՎ-ից որոշ առումներով ավելի վտանգավոր է: Որոշ երկրներում այն մի քանի անգամ ավելի շատ է տարածված, քան ՄԻԱՎ վարակները, դրանով պայմանավորված հաշմանդամության եւ մահացության դեպքերն անգամ ավելի շատ են: Չնայած այս փաստին, ՄԻԱՎ-ի ուսումնասիրությանը շատ ավելի ռեսուրսներ եւ միջոցներ են տրամադրվում, ինչպես նաեւ ՄԻԱՎ վարակների բուժումը զարգացած եւ զարգացող երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) իրականացվում է տարբեր ծրագրերի կամ պետպատվերի շրջանակում, եւ հիվանդի համար այն անվճար է:

Միեւնույն ժամանակ հեպատիտ Ց-ի բուժման ֆինանսական բեռն ամբողջությամբ հիվանդի եւ նրա ընտանիքի ուսերին է ընկած: Իսկ բեռը շատ լուրջ է, քանի որ մենք վերեւում նշել ենք, որ բուժման ընթացքում ընդունվող դեղամիջոցի մեկ չափաբաժինը մոտ 140 000 հազար դրամ արժե:

Ամեն շաբաթ հիվանդին մեկ չափաբաժին է հարկարվոր, եւ այդպես մի քանի ամիսներ շարունակ: Ամսական կտրվածքով դեղի արժեքն արդեն 560 000 դրամ է կազմում, որը բավական մեծ գումար է մի երկրում, որտեղ միջին աշխատավարձը մոտ 100 000 դրամ է:

Շատ երկրներում պետպատվերի շրջանակում բուժվում է ոչ միայն հեպատիտ Ց-ի սուր, այլեւ քրոնիկ ձեւը: Բացի դրանից, միջազգային հիմնադրամներ էլ գոյություն ունեն, որոնք կարող են օգնել երկրին առողջությունը եւ այդ հիվանդությունից աշխատունակությունը կորցրած հիվանդների բուժման հարցում: Չէ՞ որ հեպատիտը ՄԻԱՎ վարակներից պակաս վտանգավոր չէ: Քաջարանի դեպքը մեծ հրապարակայնություն է ձեռք բերել, եւ այդտեղ վարակված մարդկանց կա´մ պետպատվերի շրջանակում, կա´մ էլ անհրաժեշտության դեպքում երրորդ անձի ֆինանսական ներդրումների հաշվին կբուժեն:

Սակայն քաղաքացիները, որոնք հեպատիտով վարակվել են ոչ թե Քաջարանում, այլ ինչ-որ այլ քաղաքում (բացառված չէ, որ մեկ այլ կլինիկայում), նույնպես բուժման կարիք ունեն:

Եվ ցանկալի կլիներ, որ պատասխանատու մարդիկ այդպիսի հիվանդներին օգնելու համար ձեռնարկեին բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի վերջիններս կարողանան ապաքինվել, վերադարձնել սեփական առողջությունը, աշխատել եւ ուրախացնել իրենց հարազատներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել