• Latest news

Ինչպե՞ս պաշտպանվել կարմրուկից

29 հունվարի, 2015  21:33

Կարմրուկը շատ վարակիչ շնչառական հիվանդություն է, որն օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում: Մասնագետների խոսքով, կարմրուկն այնքան վարակիչ է, որ հիվանդությամբ վարակվում է հիվանդին շրջապատող մարդկանց 90 տոկոսը:

Ամերիկացի մասնագետները նախազգուշացնում են, որ կարմրուկի վիրուսը կարող է երկու ժամ ապրել օդի մեջ կամ առարկաների մակերեւույթին, ուստի կարմրուկով հնարավոր է վարակվել նույնիսկ այն բանից հետո, եթե մարդը փռշտացել է սենյակում եւ դուրս եկել: Եթե առողջ մարդը ձեռք տա առարկային, որի մակերեւույթի վրա կենդանի վիրուս կա, այնուհետեւ ձեռք տա իր աչքերին, քթին կամ բերանին, նա եւս կվարակվի:

Ավելին, կարմրուկով հիվանդ մարդը շրջապատողների համար վարակիչ է ցանի կամ հիվանդության այլ ախտանշանների հայտնվելուց դեռ մի քանի օր առաջ:

Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել կարմրուկից:

Ամերիկացի մանկաբույժ-վարակաբան Չարլզ Ֆոսթերը պնդում է, որ հնարավոր պաշտպանող միջոցներից լավագույնը պատվաստումն է, ընդ որում կրկնակի պատվաստումը, որն ԱՄՆ-ում 1989 թվականից է կիրառվում: Երեխան խոզուկի եւ կարմրախտի դեմ պատվաստումների հետ միասին առաջին պատվաստումը մեկ տարեկան հասակում է ստանում: Պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը երեխան պետք է 4 տարեկան հասակում ստանա:

«Պատվաստանյութի մեկ չափաբաժինն արդյունավետ է 95 տոկոսով: Քանի որ այն 100 տոկոսանոց պաշտպանություն չի տալիս, անհրաժեշտ է նաեւ երկրորդ չափաբաժինը»,-ասել է բժիշկը՝ ավելացնելով, որ կրկնակի չափաբաժինը 99 տոկոսանոց պաշտպանություն է ապահովում:

Ամերիկացի մասնագետների խոսքով շատ ծնողներ այսօր վախենում են պատվաստել իրենց երեխաներին՝ կարծելով, որ պատվաստանյութը կարող է վնասել երեխաներին կամ աուտիզմի առաջացման պատճառ դառնալ: Առողջապահության ոլորտի աշխատակիցները պնդում են, որ պատվաստանյութերի եւ աուտիզմի միջեւ կապը չի ապացուցվել, իսկ կարմրուկի հետեւանքները, եթե երեխաները վարակվեն դրանով, կարող են շատ ծանր լինել:

«Իրենց երեխաներին պատվաստում չկատարող ծնողները վիրուսի տարածման համար բարենպաստ պայմաններ են ստեղծում,-ասել է բժիշկ Ֆոսթերը:- Շատ ցավալի է, երբ երեխան կարմրուկով է վարակվում. չէ՞ որ երեխան այնքան խոցելի է, եւ նրա մոտ բարդություններ առաջանալու հավանականությունն ավելի բարձր է: Երեխային պատվաստում չկատարելու որոշումը շրջանում բոլոր մյուս երեխաների համար վտանգ է ստեղծում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ-ում կարմրուկով վարակվել են նաեւ պատվաստում ստացած մարդիկ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել