• Latest news

Հայաստանում 18 000 չափահաս եւ 6 000 երեխա պալիատիվ օգնության կարիք ունի

26 փետրվարի, 2015  20:15

Հայաստանում տարեկան մոտավորապես 18 000 անբուժելի հիվանդ իր տանջանքները մեղմացնող  պալիատիվ օգնության կարիք է զգում:

Այս օգնության կարիքն ունեցող երեխաների թիվը ստույգ հայտնի չէ, սակայն, ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի խոսքով, նրանք 6-8 հազար են կազմում, իսկ ավելի ճշգրիտ տվյալներ կունենանք տարվա ավարտին, երբ կամփոփվեն վերջերս ձեռնարկված ուսումնասիրության արդյունքները:

Պալիատիվ օգնության նախաձեռնության միջազգային ծրագրի գլխավոր փորձագետ Սթեֆեն Քոնորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ տոկոսային հարաբերությամբ պալիատիվ օգնության կարիք ունեցող երեխաները չափահասներից հիմնականում ավելի շատ են: Բացի այդ՝ պալիատիվ օգնության կարիք ունեցող չափահասների թիվը որոշելիս հիմնականում հաշվի է առնվում ցավ պատճառող հիվանդություններից մահացած մարդկանց քանակը: Երեխաների դեպքում հաշվի է առնվում ոչ միայն մահացությունը, այլ նաեւ որոշ հիվանդությունների տարածվածությունը:

Արա Բաբլոյանի խոսքով՝ այս փուլում շատ կարեւոր է հասնել պալիատիվ օգնության՝ որպես բժշկության առանձին ճյուղի օրենսդրական ամրագրմանը: Դա մասնագետներին հնարավորություն կընձեռի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել՝ մեղմելով անբուժելի հիվանդների տանջանքները: Միեւնույն ժամանակ, մասնագետները պաշտպանված կլինեն մի շարք խնդիրներից, որոնք կարող են ի հայտ գալ հոգեմետ ցավազրկող նշանակելու դեպքում: Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Երկրորդ ընթերցումն անցնելուց հետո այն ուժի մեջ կմտնի:

«Մենք աշխատում ենք նաեւ առողջապահության մասին օրենքի նախագծի վրա, որտեղ առանձին գլուխ է հատկացված պալիատիվ օգնությանը», - նշեց Արա Բաբլոյանը:

Պալիատիվ օգնության օրենսդրական ամրագրումն, իհարկե, շատ կարեւոր է, բայց Հայաստանում այս ոլորտում ուրիշ խնդիրներ էլ կան: Սթեֆեն Քոնորի խոսքով՝ մեր երկրում անբուժելի հիվանդ մարդկանց անհրաժեշտ որոշ կարեւոր դեղամիջոցների պակաս կա դեռեւս (օրինակ, մորֆինի հաբերը): Այդ պատճառով շատերը շարունակում են մահանալ տանջանքների պայմաններում՝ այդպես էլ չստանալով անհրաժեշտ ցավազրկողները:

Նա նշեց նաեւ, որ շատ կարեւոր է ուշադրություն դարձնել անբուժելի հիվանդների հետ աշխատող բժիշկների, բուժքույրերի, սոցիալական աշխատողների վերապատրաստման խնդրի վրա: Բացի այդ՝ առանձին ուշադրության կարիք ունի երեխաների պալիատիվ օգնության հարցը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել