• Latest news

Ի՞նչ պետք չէ անել Հայաստանի պոլիկլինիկաներում

27 փետրվարի, 2015  19:20

Սեփական փորձի, ինչպես նաեւ ընկերների եւ գործընկերների՝ պոլիկլինիկաների այցելություններից տպավորությունների հիման վրա NEWS.am Medicine-ի խմբագրությունը  կազմել է այն գործողությունների ցուցակը, որոնք պետք չէ իրականացնել հայրենի պոլիկլինիկաներում:

Զուգարան գնալ

Պոլիկլինիկաների մեծ մասի առաջին հարկը վերջերս վերանորոգվել է, սակայն վերեւի հարկերում շատ քիչ բան է փոխվել: Իսկ զուգարաններում, թվում է, ոչինչ չի փոխվել սովետական տարիներից. տիրում է բացարձակ հակասանիտարիա, փոխարենը այստեղ, իհարկե, չես ձանձրանա, քանի որ անկյուններում վազվզող խավարասերները թույլ չեն տա դա անել: Զուգարանի թու՞ղթ: Ոչ, չկա: Այստեղ ունիտազներ էլ չկան:

Պատուհանները, որպես կանոն, բաց են նույնիսկ ձմռանը, սակայն սարսափելի հոտը, որը, թվում է, պարուրել է շուրջբոլորը, չի ցնդում: Փոխարենը զուգարանի պատուհաններից հիանալի տեսարան է բացվում դեպի հարակից շենքերը, որտեղից էլ հիանալի տեսարան է բացվում դեպի այն, թե ինչ եք անում դուք զուգարանում:

Ամենահետաքրքիրն այն է, որ պոլիկլինիկայում աշխատող բժիշկները տեղյակ չեն, թե ինչ է կատարվում բուժհաստատության զուգարաններում, քանի որ օգտվում են անձնակազմի համար նախատեսված առանձին, շատ ավելի բարեկարգ զուգարաններից:

Հանվել բժշկի կաբինետում

Պոլիկլինիկայի կաբինետների մեծ մասի դռները չեն կողպվում, իսկ հիվանդներից շատերն էլ սովորություն ունեն մտնել առանց հերթի ու դուռը ծեծելու: Շիրմաներ կաբինետներում, բնականաբար, չկան: Արդյունքում ստացվում է, որ բժշկի սենյակ մտնողը կարող է հանդիպել կաբինետի կենտրոնում կանգնած կիսամերկ մարդու, որին զննում է բժիշկը:

Գալ ժամանակին

Եթե նույնիսկ դուք պայմանավորվել եք բժշկի հետ, կասկածից վեր է, որ, պոլիկլինիկա գալով նշանակված ժամին, ահռելի հերթ կտեսնեք նրա կաբինետի դռան առջեւ: Նստած սպասել չի ստացվի, քանի որ աթոռներ չկան, հենվել՝ նույնպես, քանի որ պատերը մաքուր չեն:

Բերել անալիզների էլեկտրոնային պատասխանները

Որոշ ժամանակակից լաբորատորիաներ անալիզների պատասխանն ուղարկում են հիվանդի էլեկտրոնային հասցեին՝ խնայելով վերջինիս ժամանակն ու ազատելով ավելորդ քաշքշուքից: Շատ հարմար այս ծառայությունը գործում է այժմ նաեւ Հայաստանում, բայց ուրախանալ վաղ է: Ամենայն հավանականությամբ, անալիզների այս պատասխանները պոլիկլինիկայի բժիշկը չի ընդունի՝ արհամարհելով նույնիսկ ձեր այն փաստարկները, որ էլեկտրոնային պատասխանը լաբորատորիայի պաշտոնական նամակ է, ստորագրված է եւ փաստաթուղթ է համարվում:

Քաղաքակիրթ սպասարկում ակնկալել

Ցավոք սրտի, շատ հազվադեպ է պոլիկլինիկայում հանդիպում ժպտացող ու բարեհամբույր բժիշկ: Մռայլ, նյարդայնացած եւ զայրացած բուժաշխատողները գերակայում են: Շատերը նույնիսկ կոպտում են հիվանդներին, քանի որ երբեք չեն լսել, ինչ է ծառայությունների քաղաքակիրթ մատուցումը եւ ինչու է այն անհրաժեշտ բժշկության ոլորտում: 

Հ.Գ.

Հանուն արդարության պետք է նշել, որ պոլիկլինիկաներում եւս երբեմն հանդիպում են շատ գրագետ, պարտաճանաչ եւ հաճելի մասնագետներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել