• Latest news

Ի՞նչ վտանգ է սպառնում Հայաստանի դեղորայքի շուկային

27 փետրվարի, 2015  21:42

Մի քանի օր շարունակ դեղորայքի ներմուծման եւ այս ոլորտում գնային քաղաքականության կարգավորման խնդիրներին նվիրված քննարկումներ էին ընթանում սկզբում Հայաստանի առողջապահության նախարարությունում, իսկ այնուհետեւ կառավարությունում: ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարար Արմեն Մուրադյանը դեղորայքի արտադրողների, ներմուծողների եւ արտասահմանյան դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հայ սպառողին դեղերը մատչելի գներով մատակարարելու հարցը, իսկ կառավարությունում ԵՏՄ երկրներից դեղերի ներմուծման կարգավորման հարց է բարձրացվել: ՀՀ ԱՆ ղեկավարը այս խնդրի կարգավորման նախագիծ է ներկայացրել՝ նշելով, որ տվյալ որոշման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ ԵՏՄ երկրներից ներմուծվող դեղամիջոցները չեն անցնում մաքսային ստուգում, նաեւ չեն անցում ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված  լաբորատոր եւ փաստաթղթային փորձաքննություն: Այդ հանգամանքը, ըստ նախարարի, անորակ, չլիցենզավորված եւ կեղծ դեղեր ներմուծելու ռիսկեր է պարունակում:

Ո՞րն է այն լրջագույն խնդիրը, որի հետ են բախվել ներմուծողները եւ ինչու՞ է բարձրագույն ատյաններում դրա լուծման անհրաժեշտությունն առաջացել:

Ինչպես նշեցին այս ոլորտի ներկայացուցիչները, խնդիրն այն է, որ ՌԴ-ում սառեցվել են առաջին բուժօգնության դեղորայքի լայն տեսականու գները, ինչի հետեւանքով ռուբլով արտահայտված դրանց գինը չի փոխվել՝ անկախ արտարժույթի փոխարժեքի տատանումներից: Ավելին՝ հանրահայտ արտադրողների դեղորայքը ՌԴ-ի շուկա ի սկզբանե մուտք են գործում ավելի էժան գներով՝ ելնելով, բնականաբար, շուկայի չափերից: Ստեղծվել է այնպիսի իրադրություն, որ, օրինակ, Եվրոպայում արտադրված դեղորայքն ավելի ձեռնտու է Հայաստան ներկրել ոչ անմիջապես արտադրողից, այլ  ՌԴ–ից՝ նամանավանդ, որ ԵՏՄ-ին անդամակցելը  դյուրացրել  է մաքսային ընթացակարգը:

Հենց այս պատճառով էին նախարարի մոտ կայացած հանդիպմանը ներկա արտասահմանյան դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները: Ըստ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավար Հակոբ Թոփչյանի՝ նրանց առաջարկվել է Հայաստանյան ընկերություններին դեղերը տրամադրել ավելի մատչելի գներով:

Ինչպես նշեց Ա.Թոփչյանը՝ ընդհանուր առմամբ դեղորայքի գների կարգավորման մեխանիզմը նախատեսվում է ամրագրել «Դեղերի մասին» օրենքի նոր նախագծով, որի մշակումը կառավարությունում ոչ մի կերպ չեն կարողանում ավարտին հասցնել:

Որպես լուծման տարբերակներից մեկը առաջարկվում է ռեֆերենտ գների մոդելը: Ըստ այդմ, երկիրը արտադրողի հետ առաքման միջինացված գին է քննարկում՝ ելնելով տարբեր շուկաներում (հատկապես հարեւան շուկաներում) առկա գներից: Արտադրող ընկերությունը կարող է Հայաստանի համար դեղերը բաց թողել այդ ռեֆերենտ գնով, կամ դրանից ցածր, բայց ոչ բարձր:

Հայաստանի Դեղ արտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում եւս պարզաբանեց, որ, ինչպես ցույց են տվել ԵՏՄ երկրների դեղորայքի շուկայի հետազոտությունները, միեւնույն դեղն այնտեղ շատ ավելի էժան է, քան Հայաստանում: Օտարերկրյա դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկվել է տեղեկացնել իրենց կենտրոնական գրասենյակները, որ Հայաստանը ցանկանում է ստանալ դեղերը այն նույն գներով, որով ստանում են ԵՏՄ անդամ մյուս երկրները:

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ դեղորայք արտադրող արտերկրի ընկերությունները դեռ ԵՏՄ-ի կազմավորումից առաջ այլ հնարավոր սցենար էին դիտարկում եւ եթե նրանք գնան այդ ճանապարհով, դա աղետալի կլինի տեղական ներմուծողների համար: Մասնավորապես՝ ԵՏՄ շուկան որպես միասնական շուկա դիտարկելիս նրանք կարող են գերադասել աշխատել այդ շուկայում մեկ խոշոր դիստրիբյուտորի հետ միայն եւ դրա միջոցով իրականացնել ներմուծումը: Այդ դեպքում Հայաստանի շուկան ամբողջությամբ կվերահսկվի խոշոր ռուսաստանյան ընկերությունների կողմից: Այս հանգամանքը, Ս.Զաքարյանի խոսքով, իրենից շատ լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն տեղական ներմուծողների, այլ նաեւ արտադրողների համար, քանի որ նրանք էլ իրենց հերթին չեն դիմանա գնային մրցակցությանը ԵՏՄ երկրների խոշոր արտադրողների հետ:

Իսկ ինչ վերաբերում է կառավարություն ներկայացրած որոշման նախագծին, ապա, ինչպես նշեց Հակոբ Թոփչյանը, եթե մինչեւ ԵՏՄ-ին անդամակցելը իր ղեկավարած կենտրոնը դեղերի փորձաքննություն էր անցկացնում հենց մաքսակետում, ապա այժմ ԵՏՄ երկրներից ներմուծվող դեղորայքը մաքսային վերահսկողություն չի անցնում, եւ ԱՆ-ն կորցրել է իր լծակները: Հենց այդ պատճառով է ՀՀ ԱՆ-ն կառավարություն ներկայացրել այս նախագիծը, համաձայն որի դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին կվերադարձվեն սահմանին դեղերի մուտքը վերահսկելու գործառույթները:

Սամվել Զաքարյանն այս առումով նշեց, որ քանի դեռ ԵՏՄ՝ դեղորայքին վերաբերվող միասնական օրենսդրությունը չի մշակվել, այս որոշումը անհրաժեշտ է մեր երկրի շուկան կասկածելի ծագման դեղերից զերծ պահելու համար:

Անահիտ Սարգսյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է