• Latest news

Տենդեր հայկական ձեւով. տեղական ու հնդկական դեղերի պայքարում հաղթեց հնդկականը

1 մարտի, 2015  20:05

Օրերս ՀՀ ԱՆ-ն հանդես էր եկել դիաբետով տառապողների համար ուրախալի լուրով. պետգնումների տենդերում կրկին հաղթել է ֆրանսիական Servier-ն իր Դիաբետոնով։ Նշվում էր, որ ընկերությունը համաձայնվել է իր դեղորայքը Հայաստան ներմուծել իջեցված գներով, ինչը կառավարությունում որակել էին որպես մեծ ձեռքբերում, իսկ ահա դիաբետիկները որպես մեծ ձեռքբերում որակել էին այն, որ պոլիկլինիկաներում այլեւս կասկածելի որակի հնդկական դեղեր չեն ստանա։ Բայց սա, պարզվում է, դեռ սկիզբն էր։

Հակադիաբետային դեղամիջոցների տարբեր տեսակներից  Servier-ի Դիաբետոնը հաղթել է իր տեսակի դեղերի մեջ, իսկ ահա մյուս երկու հայտով կրկին հաղթող է ճանաչվել նույն հնդկական ընկերությունը՝ շրջանցելով տեղական արտադրողին՝ «Արփիմեդին»՝ վերջինիս ներկայացրած Մետֆորմինով։ 

Հայաստանի Դեղ արտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ երկու տարի առաջ հայկական շուկայում հայտնված հնդկական այս ընկերության հետ գործարքն ի սկզբանե կասկածելի էր։ Մեր զրուցակցի գլխավորած Միությունը անցած երկու տարիների ընթացքում բազմիցս բարձրացրել է այս ընկերության արտադրանքի որակի հարցը, ուշադրություն է հրավիրել Հայաստանում դրա գրանցման՝ անհասկանալի պատճառներով արագացված գործընթացին, եւ ի վերջո կարողացել է հասնել ՀՀ ԱՆ-ում հանձնաժողովի ստեղծմանը, բայց դրա անցկացրած ստուգումների արդյունքները դեռեւս անհայտ են։

Իսկ վերջին տենդերի արդյունքները, Սամվել Զաքարյանի խոսքով, պարզապես խայտառակություն են. հնդկական դեղերը հայկականից էժան էին մի քանի լումայով կամ դրամով։ «Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր նպատակներից մեկը սպառողին որակյալ եւ անվտանգ դեղեր հասցնելն է։ Իսկ պետությունը, ինչպես հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պետք է ամեն կերպ աջակցի տեղական արտադրողին։ Բայց իրականում մեր դեղագործական ընկերությունները, որոնք ունեն GMP հավաստագիր, եւ որոնց արտադրանքի որակը բարձր է գնահատվում արտերկրում, չեն հաղթում տենդերը իրենց իսկ երկրում։ Սա խայտառակություն է, սա անընդունելի է», - նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ԴԱՆ միությունը պատրաստվում է խնդիրը բարձրաձայնել ֆինանսների նախարարությունում։

Պատասխանելով այն հարցին, որ հնդկական այդ ընկերությունը գրանցված է Հայաստանում եւ դրա արտադրանքը փորձաքննության է ենթարկվել, Ս.Զաքարյանը նշեց, որ այդ ընկերության դեղորայքի մոտ 20 անվանում գրանցվել է չափազանց կարճ ժամկետում՝ մեկ ամսվա ընթացքում, իսկ փորձաքննությունն էլ ենթադրում է դեղի իրական եւ ընկերության ներկայացրած փաստաթղթերով նախատեսված պարունակության համապատասխանության ստուգում։ Այս կերպ անցկացրած փորձաքննությունը թույլ չի տալիս պատկերացում կազմել դեղորայքի կլինիկական հատկությունների մասին։ Ս. Զաքարյանը հայտնեց, որ իր մոտ բժիշկներից եւ հիվանդներից բավական շատ բողոքներ են հավաքվել, որոնք էլ նա  ներկայացրել է համապատասխան ատյաններին եւ պատրաստ  է ներկայացնել կրկին։

Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավար Հակոբ Թոփչյանը, սակայն, բողոքների մասով տեղեկատվությունը հերքեց՝ նշելով, որ էնդոկրինոլոգներից բողոքներ չեն եղել, իսկ հիվանդների բողոքներն անհիմն էին։  Նրա խոսքով՝ բոլոր այն բարդացումները, որոնց մասին խոսվում էր, փաստացի չէին արձանագրվել եւ հիմնականում կապված են եղել  դիաբետի յուրահատկությունների, հիվանդների կողմից ճիշտ սննդակարգը չպահպանելու եւ մի շարք այլ խնդիրների հետ։ Ավելին՝ Թոփչյանը կարծում է, որ հնդկական, ինչպես նաեւ հայկական հակադիաբետիկ դեղերի մուտքը շուկա նպաստեց նրան, որ Servier-ն 4 անգամ իջեցրեց իր Դիաբետոնի գինը Հայաստանում, եւ սկսեց մեր երկրում առողջապահական ծրագիր իրականացնել։

Անահիտ Սարգսյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է