• Latest news

Հայաստանի դեղարտադրողներն ու ԵՏՄ-ն

4 մարտի, 2015  19:51

Հայաստանի դեղարտադրողները մեր երկրի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո բախվել են նոր բարդությունների հետ, քանի որ հումքի ներկրումն այլեւս ենթակա է մաքսատուրքի: Ինչպես նշել է NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Արփիմեդ» ընկերության ղեկավար Վաչագան Ղազարյանը, եթե դեղորայքի ներմուծման մաքսատուրքը հետաձգվել է մինչեւ 2018-2020 թվականները, ապա հումքի պարագայում այն գործում է արդեն այսօր: Ընդ որում՝ մաքսատուրքը տարածվում է հումքի բոլոր տեսակների վրա՝ ոչ միայն դեղորայքային հումքի, այլեւ փաթեթավորման եւ այլն: Մեր զրուցակցի խոսքով՝ հումքը շատ մեծ տոկոս է կազմում դեղորայքի ինքնարժեքի մեջ, եւ այս մաքսատուրքը հանգեցնելու է դեղերի թանկացմանը:

Վ.Ղազարյանն այս ամենը պայմանավորում է հայրենի իշխանությունների անհեռատես քաղաքականությամբ, քանի որ, նրա խոսքով, մեր կառավարությունը ԵՏՄ-ում համատեղ կյանքի սկզբունքները քննարկելիս պետք է մտածեր առաջին հերթին տեղական արտադրողների, այլ ոչ միայն ներմուծողների մասին:

Մեր զրուցակիցը նշել է, որ առանց այդ էլ տեղական արտադրողներին դժվար է մրցակցել ԵՏՄ դեղագործական ընկերությունների հետ, քանի որ վերջիններս, ելնելով ինչպես աշխարհագրական դիրքից, այնպես էլ արտադրության ծավալներից, հումքն ավելի էժան գնով են ձեռք բերում, ինչպես նաեւ տրանսպորտային փոխադրման համար հավելյալ գումարներ չեն ծախսում («Արփիմեդը» շատ հաճախ ինքնաթիռով է ներմուծում հումքը): Այստեղ կա մի նրբություն եւս. GMP սերտիֆիկատ ունենալով՝ «Արփիմեդը» կարող է գնել հումքը միայն սերտիֆիկացված եվրոպական ընկերություններից, ընդ որում, պայմանագրի համաձայն՝ իրավունք չունի հրաժարվել այդ ընկերությունների հումքից պայմանագրի կնքման պահից 5 տարվա ընթացքում: Պատասխանելով մեր թղթակցի այն հարցին, թե հնարավոր է արդյոք բանակցություններ վարել հումքի ներկրողների հետ, որպեսզի Հայաստան հումքը ներկրվի նույն պայմաններով, որոնցով ներկրվում է ԵՏՄ այլ երկրներ, ինչպես դա արվում է պատրաստի դեղերի ներկրման համար, Վ.Ղազարյանը նշեց, որ առայժմ այդ մասին որեւէ խոսք չկա:

Ընդհանրապես, նրա խոսքով, չնայած այն բանի, որ կառավարությունը առաջնահերթություն է համարում տեղական արտադրողին աջակցելը, այդ աջակցությունը ոչ միշտ եւ ոչ բոլոր տեղերում է տրամադրվում: Այսպես, կառավարությունը հեշտացրել է տեղական արտադրողի դեղորայքի գրանցումը՝ հատուցելով դեղորայքն արտասահմանում գրանցելու հետ կապված ծախսերի մի մասը եւ վերադարձնելով ծախսերի մի մասը դեղորայքը Հայաստանում գրանցելու դեպքում: Սակայն պետական գնումների եւ այլ տենդերների դեպքում տեղական արտադրողները ոչ մի առավելություն չունեն:

«Ելնելով GMP սերտիֆիկատի պահաջներից՝ մենք հումք չենք գնում Հնդկաստանում, սակայն պատրաստի հնդկական արտադրանքը մասնակցում է պետգնումների տենդերին եւ շրջանցում է մեր ընկերությանը», - նշել է մեր զրուցակիցը:

Իսկ բժիշկներին դրամական պարգեւ տրամադրել, ինչպես անում են ներմուծողներից եւ արտասահմանյան դեղագործական ընկերություններից ոմանք, տեղական արտադրողը պարզապես չի կարող: Ներմուծված թանկ դեղի եւ դրա ավելի մատչելի հայրենական անալոգի միջեւ ընտրոթյուն պետք է անի ինքը հիվանդը, իսկ բժիշկը պետք է ճշգրիտ տեղեկություն տրամադրի տվյալ դեղորայքի հատկությունների մասին, այլ ոչ թե ղեկավարվի նրանով, որ արտադրողը կամ ներմուծողը իրեն մեծ տոկոսներ է հատկացնում: Կան նաեւ, հավելում է Վ.Ղազարյանը, շատ հայրենասեր բժիշկներ, որոնք աջակցում են տեղական արտադրողին այն դեպքում, երբ դա հնարավոր է: Պետությունն էլ պետք է անի ամեն ինչ ինչպես իր եւ իր վերստուգիչ մարմինների, այնպես էլ տեղական արտադրանքի նկատմամբ բնակչության վստահությունն ամրապնդելու համար:

Ինչպիսի՞ն է լինելու խնդրի կարգավորման հետագա ընթացքը ԵՏՄ–ում: Վ. Ղազարյանի խոսքով՝ 2016 թվականին պետք է ստեղծվի կարգավորման միասնական մարմին եւ միասնական չափանիշների պետք է բերվեն դեղագործական բոլոր ընկերությունները: Իրենց արտադրանքը միասնական այդ մարմնում գրանցելուց հետո արտադրողն իրավունք կստանա իրացնել իր արտադրանքը ԵՏՄ բոլոր երկրների շուկաներում:

Հնարավո՞ր է արդյոք, որ այս դեպքում մեր արտադրողները գնային տեսանկյունից մրցունակ չլինեն: Այո, պատասխանում է Վ.Ղազարյանը, եւ սա շատ մեծ վտանգ է, բայց ՌԴ-ի դեմ կիրառած էմբարգոյի պատճառով այս վտանգը դեռեւս շատ իրական չէ, քանի որ այժմ Ռուսաստանը մեծ դժվարությամբ կարողանում է ինքնուրույն ապահովել իր ներքին շուկան: «Բայց երբ շուկան արդեն հագեցած լինի, այս վտանգը իրական կդառնա», - նշել է Վ.Ղազարյանը:  

Հայրենական դեղագործների համար ԵՏՄ միակ առավելությունը այս պահին այն է, որ այն ազատում է բյուրոկրատական քաշքշուկից Ռուսաստանում, ինչպես նաեւ սահմանը հատելիս: «ԵՏՄ-ն այժմ ձեռնտու է ՀՀ տնտեսության միայն այն ճյուղերի համար, որոնք այդքան էլ զարգացած չեն Ռուսաստանում, քանի որ այդ դեպքում մեր արտադրանքը պահանջարկ ունի: Օրինակ, հայկական գյուղատնտեսական արտադրանքը միանշանակ պահանջված է: Բայց մրցակցային այնպիսի ոլորտներում, ինչպիսին է դեղագործությունը, ԵՏՄ-ին անդամակցելը հակառակ արդյունքների է բերել», – ասել է Վ. Ղազարյանը։

Անահիտ Սարգսյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել