Մեծ Բրիտանիայում հավանություն են տվել արհեստական ենթաստամոքսային գեղձի օգտագործմանը: Այն նախատեսված է շաքարային դիաբետով տառապողների համար, հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:
MiniMed 640g սարքը իր աշխատանքի ընթացքում կրկնօրինակում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը: Դրա սենսորները զգայուն են արյան մեջ շաքարի պարունակության մակարդակի նվազման նկատմամբ եւ հուշում են օրգանիզմին, որ պետք է ինսուլին արտադրել: Այսպիսով, սարքավորումը կարող է կանխարգելել դիաբետ ունեցողների համար մեծ վտանգ ներկայացնող հիպոգլիկեմիկ նոպաները: Ընդ որում՝ սարքավորումը արդյունավետ է դիաբետի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ տիպ ունեցող հիվանդների դեպքում:
Բժիշկների խոսքով՝ £2,995 արժողությամբ սարքավորումը կարող է կանխել 4 հիպոգլիկեմիկ նոպա 5-ից: Նշենք, որ նմանատիպ նոպաների ժամանակ արյան մեջ շաքարի պարունակությունը նվազում է մինչեւ ճգնաժամային ցուցանիշներ: Այս նոպաները կարող են դիաբետիկ կոմայի եւ նույնիսկ մահվան պատճառ դառնալ: Շատ հաճախ այս նոպաները տեղի են ունենում գիշերը: Արտադրողները պնդում են, որ այս սարքավորումը կարող է հատկապես օգտակար լինել առաջին տիպի դիաբետ ունեցող այն մարդկանց համար, որոնք հաճախ են բախվում արյա մեջ շաքարի պարունակության մակարդակի անկման հետ՝ առանց տեսանելի ախտանիշների:
Սարքավորումն արդեն կլինիկական փորձարկումներ է անցել Մեծ Բրիտանիայում, եւ այժմ բժիշկները խորհուրդ են տալիս այն դիաբետի ծանր տարբերակներով տառապող մարդկանց: Լոնդոնի արքայական քոլեջի բժիշկ Պրատիկ Չուդխարիի ավելի քան 20 հիվանդ արդեն օգտագործում են այս սարքավորումը եւ շատ գոհ են, քանի որ այժմ կարող են հանգիստ քնել եւ չանհանգստանալ:
Բուժաշխատողների խոսքով՝ այս սարքավորումը մեծ առաջընթաց է լիարժեք արհեստական ենթաստամոքսային գեղձի ստեղծման ճանապարհին: Այդպիսի սարքավորման կարիք ունեն հազարավոր հիվանդներ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր