• Latest news

PTSD-Ն ու Հայոց ցեղասպանությունը. 20-րդ դարի առաջին ցեղասպանության նոր եզրերը

28 ապրիլի, 2015  21:59

Մեր հայրենակից Լեւոն Բաղդասարյանը՝ հոլանդական «Մետրիս» ընկերության տնօրենի տեղակալը, արդեն մի քանի տարի շարունակ զբաղվում է հետվնասվածքային սթրեսային խանգարման (ՀՎՍԽ, PTSD) ուսումնասիրմամբ Ցեղասպանությունը վերապրածների մոտ: Հարկ է նշել, որ ընկերությունը գիտական սարքեր է մշակում, որոնք կիրառվում են կենդանիների վարքագիծն ուսումնասիրելու համար։ Նրանք օգտագործվել են նաեւ մկների վրա իրականացրած փորձարկումների ժամանակ՝ հենց հետվնասվածքային սթրեսային խանգարման վերաբերյալ հետազոտությունների ժամանակ։

Ֆրանսիայի եւ Հոլանդիայի արխիվներում պահպանված 180 հայերի բժշկական տվյալներն ուսումնասիրելուց հետո նա եկել է այն եզրակացության, որ այս փաստաթղթերում նկարագրված ախտանիշները խոսում են ՀՎՍԽ առկայության մասին: Ավելին՝ այս մարդկանց բժշկական փաստաթղթերը հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն բժշկական տեսանկյունից, դրանք Ցեղասպանության հետեւանքների ուսումնասիրման համար փաստացի նյութ են հանդիսանում:

Ապրիլի կեսերին գիտնականը մի շարք դասախոսություններով հանդես է եկել ԼՂՀ-ում՝ Ստեփանակերտում, իսկ այնուհետեւ այցելել Երեւան՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Լեւոն Բաղդասարյանն, այդուհանդերձ, կարծում է, որ, չնայած միջոցառումների լայնածավալ բնույթին եւ այն փաստին, որ Հայաստանն այս օրերին հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, մեկ հարցում Հայաստանը թերացել է: Ցեղասպանությունը, բավականաչափ ուսումնասիրված լինելով պատմական տեսանկյունից, ուսումնասիրված չէ գիտական տեսանկյունից: Ստեփանակերտում դասախոսությունների ընթացքում  Լ.Բաղդասարայանը ներկայացրել է Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների մոտ ՀՎՍԽ-ի ուսումնասիրմանը նվիրված աշխատությունը, ինչպես նաեւ այն, թե ինչ է արվել է Ցեղասպանության գիտական ուսումնասիրության տեսանկյունից։ Նա ներկայացրել է նաեւ իրավիճակը շտկելու մասին սեփական պատկերացումները:

Սկզբում ՀՎՍԽ-ի մասին

Լ.Բաղդասարյանի ուսումնասիրած հայերի բժշկական պատմությունները խոսում են այն մասին, որ այս մարդկանց մոտ զարգացել է ՀՎՍԽ՝ ընդ որում՝ քրոնիկ տեսակը, ինչը նշանակում է, որ հիվանդությունը գենետիկական հետեւանքներ է ունեցել: Մկների վրա նախկինում իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ քրոնիկ ՀՎՍԽ-ն հանգեցնում է գենետիկական փոփոխությունների, եւ սթրեսը փոխանցվում է ժառանգաբար:

Մկների վրա իրականացված փորձարկումը հետեւյալն էր. Որոշակի ձայնային ազդանշանից հետո մկներն էլեկտրահարվում էին, իսկ մի քանի փորձարկումից հետո մկները արձագանքում էին ձայնային ազդանշանին, եթե նույնիսկ այն չէր ուղեկցվում էլեկտրահարմամբ: Ընդ որում՝ ազդանշանով, բայց առանց էլեկտրահարման փորձարկումը անցկացվել էր մկների չորորդ սերնդի վրա, եւ այդ սերնդի մկները եւս արձագանքում էին ձայնային ազդանշանին, ինչն էլ ապացուցում է, որ տվյալ գրգռիչի մասին բացասական տեղեկությունները փոխանցվում են սերնդեսերունդ:

ՀՎՍԽ գենետիկական հետեւանքները ուսումնասիրվել են վիետնամական եւ իրաքյան պատերազմների մասնակիցների, ինչպես նաեւ Ռուանդաի ցեղասպանությունը վերապրածների մոտ: Մենք որեւէ հնարավորություն չունենք նմանատիպ հետազոտություն իրականացնել նաեւ հայերի ներգրավմամբ, քանի որ չի պահպանվել այն մարդկանց գենետիկական նյութը, որոնք զոհ են գնացել Ցեղասպանության, սակայն դեռեւս երկրորդ աշխարհամարտի ընթացքում Հոլոքոստի զոհերի ԴՆԹ-ի անալիզ է իրականացվել: Եվ եթե ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ հետվնասվածքային խանգարումները ազդում են գենետիկայի վրա, դրանց արդյունքներն ինքնաբերաբար կիրառելի են նաեւ հայերի նկատմամբ:

Ուսումնասիրելով պրոֆեսոր Մարիո Կապեկիի աշխատությունները՝ Լ.Բաղդասարյանը համեմատել է դրանցում զետեղված տվյալները հայերի բժշկական պատմություններում առկա տվյալների հետ եւ եկել այն եզրակացության, որ Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը այդ ոճրագործության մասին գենետիկական հիշողություն է պահպանում:

ՀՎՍԽ հիմնական պատճառ են պատերազմները, ցեղասպանություններն ու բռնությունները, եւ վիճակագրական տվյալների հիման վրա Լ.Բաղդասարյանի իրականացրած վերլուծությունը ցույց է տվել, որ ամենաուժեղ տրավման ստանում են ցեղասպանություն վերապրածները: Այս ցուցանիշով պատերազմները երրորդ տեղում են:

Հեղինակի երկրորդ կարեւոր եզրակացությունն այն է, որ Ցեղասպանությունը հետեւանքներ է ունեցել ոչ միայն զոհերի, այլ նաեւ այն ի կատար ածողների դեպքում, ինչի մասին են վկայում Եվրոպա գաղթած բարձրաստիճան թուրք զինվորականների տվյալները: Պարզապես հետեւանքներն այս դեպքում համադրելի չեն, քանի որ ամբողջ ազգին դա չի վերաբերվում, այլ միայն Ցեղասպանությունն իրականացնողներին:

Ուսումնասիրելով բժշկական փաստաթղթերը՝ Լ.Բաղդասարյանը հանդիպել է ազգությամբ հայ քրոջ եւ եղբոր հետաքրքրաշարժ մի պատմության: Այդ երեխաները, 1918 թվականին, գտնվելով հոլանդական որբանոցում, բժշկին մի պատմություն են պատմել՝ Իզմիրում կատարվածի մասին: Հետագայում Ֆրանսիայում գտնվել է Եվրոպա գաղթած թուրքական մի գեներալի դոսյե: Այդ փաստաթղթերում նա ներկայացնում է Իզմիրի նույն այդ պատմությունը: Երբ որեւէ մարդ իր մասին ինչ-որ բան է պատմում, դա նրա անձնական պատմությունն է, սակայն երբ երկու իրարից անկախ մարդիկ են այդ մասին պատմում, դա արդեն փաստ է, որը կարող է համալրել Ցեղասպանությունն հաստատող այլ փաստերը:

Ցեղասպանության ուսումնասիրությունը.ինչն արվել է, իսկ ինչը՝ ոչ

Լ.Բաղդասարյանի խոսքով՝ Ցեղասպանության եւ դրա հետեւանքների ուսումնասիրությունները պետք է տարվեն մի քանի ուղղությամբ՝ պատմություն, տնտեսություն, էկոլոգիա, էթիկա, իրավունք, մեդիա եւ PR, միջազգային հարաբերություններ, միջազգային իրավունք, կրոն եւ մշակույթ:

Մինչ այժմ Ցեղասպանությունն ուսումնասիրվել է միայն պատմության, քաղաքականության, մեդիայի եւ միջազգային հարաբերությունների տեսանկյունից, մնացած բոլոր կողմերը դեռեւս ուսումնասիրված չեն: Օրինակ, Լ.Բաղդասարյանի կարծիքով, Արեւմտյան Հայաստանի՝ 1915 թվականից հետո գյուղատնտեսության ոլորտի ուսումնասիրումը կարող է բազում տվյալներ տրամադրել երբեմնի բերրի հողերի ամայացման մասին:

Գիտնականի կարծիքով՝ Ցեղասպանության ճանաչումը մի քանի փուլից է բաղկացած, որոնք իրենց մեջ ներառում են պատմական փաստերի ուսումնասիրում, քաղաքական ակցիաներ՝ ընդհուպ մինչեւ ահաբեկչական ակտեր եւ այլն: Այս փուլը մենք արդեն անցել ենք: Դրան պետք է հետեւեր լուրջ գիտական աշխատանք տարբեր ուղղություններով, բայց դա տեղի չունեցավ: Սկզբում այն պատճառով, որ ԽՍՀՄ-ում դա հնարավոր չէր, իսկ թե ինչու դա չի արվում այսօր, այս հարցին Լ.Բաղդասարյանը պատասխան չունի: Նրա խոսքով՝ թուրքական դեսպանատների առջեւ պաստառներով բողոքի ցույցերի ժամանակն անցել է, այժմ մեզ ավելի հարիր է տարբեր ֆորումներին լուրջ գիտական զեկույցներով եւ վարկանիշային միջազգային գիտական ամսագրերում հոդվածներով  հանդես գալը, սակայն այսպիսի աշխատանք այս պահին նա չի տեսնում:

Լ.Բաղդասարյանը կարծում է, որ դրա համար Հայաստանը պետք է շատ լուրջ, համակարգված աշխատանք իրականացնի՝ պետական տարբեր կառույցների, գիտական հաստատությունների, դեսպանատների, միջազգային կառույցների ներգրավմամբ: Եվ պետք է շտապել, քանի որ, ըստ Լ.Բաղդասարյանի, ինչքան շատ ժամանակ ենք մենք կորցնում, այդքան քիչ հնարավորություններ են մնում այդ աշխատանքն իրականացնելու:

Անահիտ Սարգսյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է