• Latest news

Ի՞նչ փաստաթուղթ է առոչինչ ճանաչվել «Ռ եւ Պ Սկէնառ»–ի լիցենզիայի կասեցման գործով

6 մայիսի, 2015  20:31

«Ռ եւ Պ Սկէնառ առողջության վերականգնողական կենտրոն» ՍՊԸ-ի լիցենզիայի եւ դրա կասեցման շուրջ վերջին ամիսներին բազմաթիվ խոսակցություններ եւ վեճեր էին ծավալվում եւ իրար հակասող մի շարք կարծիքներ էին հնչում:

Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատը ներկայացնող իրավաբաններ Մուրադ Ասրյանի եւ Գեւորգ Մկրտչյանի խոսքով՝ կազմակերպության «բժշկական ընդհանուր պրակտիկա» բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու լիցենզիան կասեցվել էր լիցենզավորման պահանջների խախտման պատճառով: Իսկ կազմակերպության տնօրեն Ռուբեն Հարությունյանը մայիսի 4-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նշել էր, որ ՀՀ առողջապահության նախարարը լիցենզիայի կասեցումը օրեր առաջ առ ոչինչ էր ճանաչել:

Ռուբեն Հարությունյանի խոսքով՝ ՀՀ Առողջապահության նախարարությունը ժամանակավոր կասեցրել էր կազմակերպության լիզենցիան, որովհետեւ կենտրոնը տեղափոխվել էր այլ վայր, եւ դրա հետ կապված փաստաթղթերը պատշաճ կերպով չէին ներկայացվել, ինչի պատճառով, Ռուբեն Հարությունյանի խոսքով, «նախարարը ժամանակ էր տվել՝ 15 օրվա ընթացքում այդ բացը վերացնելու համար»: Ըստ տնօրենի՝ առողջապահության նախարարի վերջին հրամանը լիցենզիայի կասեցման ակտը ճանաչել էր առ ոչինչ:

NEWS.am Medicine-ի թղթակիցը որոշեց պարզել, թե որն է իրականությունը եւ ինչ կարգավիճակում է հիմա կազմակերպության լիցենզիան:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման բաժնի պետ Քրիստինե Աբրահամյանը, «Ռ եւ Պ Սկէնառ առողջության վերականգնողական կենտրոն» ՍՊԸ-ին 2004 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է  «բժշկական ընդհանուր պրակտիկա» այսիքն թերապեւտիկ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու լիցենզիա, որը բոլորովին կապ չունի «սկենառ մեթոդի» իրականացման  հետ, լիցենզիայի կասեցումն իրականում հանված չէ, իսկ առ ոչինչ է ճանաչվել բոլորովին  մեկ այլ  կարգադրագիր:

Փորձենք պարզել, թե ինչ է տեղի ունեցել:

Ինչու՞ էր կազմակերպության բժշկական ընդհանուր պրակտիկա (թերապեւտիկ) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու լիցենզիան կասեցվել

ՀՀ ԱՆ 2015 թվականի հունվարի 16-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում հունվարի 16-ից 27-ը կազմակերպությունում իրականացվել էր զննություն, որի ընթացքում լիցենզավորման պահանջների եւ պայմանների էական խախտումներ էին հայտնաբերվել: 2015 թվականի փետրվարի 25-ին ՀՀ առողջապահության նախարարի 383-Ա հրամանով «Ռ եւ Պ Սկէնառ առողջության վերականգնողական կենտրոն»-ին 2004 թվականին տրված բժշկական ընդհանուր պրակտիկա (թերապեւտիկ)  բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու լիցենզիան կասեցվել էր:

Մասնավորապես՝ խախտվել էին լիցենզավորման մասին ՀՀ օրենքի հոդված 36-ի 1 մասի 2-րդ, 5-րդ եւ 8-րդ կետերի պահանջները, քանի որ վարչական վարույթի ժամանակ տնօրենը չէր ներկայացրել համապատասխան փաստաթղթեր: Բացի այդ, նա չէր ներկայացրել նաեւ կենտրոնի բժիշկների համապատասխան հետդիպլոմային կրթության եւ վերջին հինգ տարիների ընթացքում վերապատրաստում անցնելու վերաբերյալ փաստաթղթեր, ինչպես նաեւ միջին եւ կրտսեր բուժաշխատողների տվյալները: Այդ պատճառով կենտրոնի լիցենզիայի գործողությունը կասեցվել է՝ մինչեւ խախտումների պատճառները վերացվեն: Խախտում է համարվում նաեւ այն, որ տնօրենը բժշկական կազմակերպության գործունեության իրականացման հասցեի (վայրի)  փոփոխման մասին լիազոր մարմնին պատշաճ կերպով չի տեղեկացրել:

Քրիստինե Աբրահամյանի խոսքով՝ «Lիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարվել է փոփոխություններ եւ լրացումներ, որը ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին եւ ուժի մեջ մտել 2011 թվականի հունվարի 1-ից:   Սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության  տեսակների աղյուսակում ավելացել է «Վ» տառը, այսիքն «վայրի պահանջը»: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո օրենքի 43-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար նոր պայմաններ եւ պահանջներ առաջանալու դեպքում տրամադրված լիցենզիաները ենթակա են վերաձեւակերպման` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում: 2011 թվականի հուլիսի 1-ից ներառյալ «Ռ եւ Պ Սկէնառ»-ՍՊԸ կատարել է հասցեափոխություն (գործունեության վայրի փոփոխություն), սակայն ՀՀ առողջապահության նախարարությանը  այդ մասին տեղեկացված չի եղել:

Այդ դեպքում ի՞նչ հրաման էր առ ոչինչ ճանաչվել

Ինչպես բացատրեց Քրիստինե Աբրահամյանը, տվյալ դեպքում առոչինչ է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության պետի պաշտոնակատարի 2015 թվականի փետրվարի 12-ի թիվ 217902-15 կարգադրագիրը, որով պահանջվում էր դադարեցնել «Ռ եւ Պ Սկէնառ առողջության վերականգնողական կենտրոն»-ի բժշկական ընդհանուր պրակտիկա բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու լիցենզիայի գործունեությունը: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով այդ կարգադրագիրը առ ոչինչ էր ճանաչվել, քանի որ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները եւ լիցենզավորման  հետ կապված հարաբերությունները կարգավորվում են  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով: 

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ  հոդվածի` 3-րդ մասի համաձայն` լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմիններն ստեղծում են հանձնաժողովներ, ինչպես նաեւ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձեւակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հարցերը քննելու եւ համապատասխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիցենզիա տրամադրող մարմինները: Կարգադրագրի առոչինչ  ճանաչվելը ազդեցություն չի ունենա լիցենզավորման հանձնաժողովի քվեարկության արդյունքում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կազմակերպության բժշկական ընդհանուր պրակտիկա (թերապեւտիկ)  բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու լիցենզիայի կասեցման վրա, քանի որ խախտումները վերացնելու մասին հիմնավորող փաստաթղթեր` այլ կերպ ասած խախտումը վերացնելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր դեռ չեն ներկայացվել, ուստի կասեցումը ուժի մեջ է մնում:

Պարզվում է, Ռուբեն Հարությունյանը, ասելով, որ իր կլինիկայի լիցենզիայի կասեցումն առ ոչինչ է ճանաչվել, լրագրողներին ներկայացրել էր հենց այս կարգադրագիրը առ ոչինչ ճանաչելու մասին հրամանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել