• Latest news

Հայ դեղագործները առաջարկների մեծ փաթեթով են վերադարձել Մումբայի ցուցահանդեսից (ֆոտո)

18 մայիսի, 2015  20:43

Հայ դեղագործները հնդկական կողմի առաջարկների մեծ փաթեթով են վերադարձել Մումբայում տեղի ունեցած IPHEX -2015 խոշորագույն դեղագործական ցուցահանդեսից: Այժմ սկսվում է աշխատանքների երկրորդ փուլը՝ տվյալների զտումն ու գործընկերների ընտրությունը՝ հայկական շուկա հնդկական հումքի, սարքավորումների եւ պատրաստի դեղորայքի ներկրման համար:


Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց «Նատալի Ֆարմ»–ի (ներմուծող ընկերություն) դեղագետ Կարեն Թոփուզյանը, այժմ նրանք մանրամասն զննելու են առկա առաջարկությունները՝ պարզելու համար, որքանով են դրանք շահավետ եւ արդյունավետ, հետո կանցնեն ներկրումների մասին բանակցություններին: «Հնդկաստանի դեղագործության ոլորտում մեծ առաջընթաց է նկատվում: Մենք պետք է եզրեր գտնենք նրանց առաջարկների եւ մեր պահաջարկի միջեւ: Դրա համար ժամանակ է անհրաժեշտ», - նշեց նա:

«Վագա Ֆարմ»–ի (ներմուծող ընկերություն) ներկայացուցիչ Գոռ Վերմիշյանն էլ նշեց, որ ցուցահանդեսը կազմակերպված էր բարձր մակարդակով, հայ դեղագործները հնարավորություն ստացան շփվել հնդկական խոշոր արտադրողների հետ եւ հետագա համագործակցության հեռանկարներ նշմարել: Նա առանձնակի ընդգծեց ցուցահանդեսի bi to bi meeting մասը, որի ընթացքում հնդկական արտադրողները իրենք էին մոտենում հյուրերին եւ առաջարկում իրենց արտադրանքը: «Այդ օրը ավելի մանրամասն զրույց տեղի ունեցավ այն մասին, թե ինչ կարող ենք անել միասին, այժմ պետք է կոնկրետացնենք նրանց առաջարկների գինը», - նշեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են հայ ներմուծողները ապահովագրվելու հնդկական անորակ դեղորայքի ներմուծումից, քանի որ այդ երկրում, ինչպես հայտնի է, արտադրվում են ինչպես բարձր, այնպես էլ միջին ու ցածր որակի դեղեր, Գոռ Վերմիշյանը հիշեցրեց, որ Հայաստանում անցած տարվանից գործում է GMP ստանդարտը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում կարող են գրանցվել միայն այդ չափանիշին համապատասխանող հումքն ու դեղամիջոցները: 

«Արփիմեդ» (արտադրող ընկերություն) ընկերության մարկետինգի մենեջեր  Ասպետ Թաթոսյանը պատմեց, որ իր ներկայացրած ընկերությունը վաղուց է համագործակցում հնդկական կողմի հետ հումքի ներկրման, փաթեթավորման համար նախատեսված նյութերի եւ սարքավորումների մատակարարման ոլորտում: Ցուցահանդեսի ընթացքում մեր զրուցակիցը համաձայնեցրել է հետագա անելիքները հին գործընկերների հետ, ինչպես նաեւ փորձել է նոր գործընկերներ գտնել: Ա.Թաթոսյանի գլխավոր խնդիրը այս ցուցհանդեսի ընթացքում եղել է հնդկական արտադրողների մոտ GMP սերիտիֆիկատի առկայությունը ստուգելը: Առանց այդ սերտիֆիկատի Հայաստան հումք ներկրելը այլեւս անհնար է:

«ԱրմենՖարմ» ընկերության (արտադրող եւ ներմուծող) ներկայացուցիչ Դավիթ Կարապետյանը հայտնեց, որ հիմնականում զբաղվել է իր ընկերության բացառիկ արտադրանքի առաջխաղացման հարցերով: Այդ արտադրանքն է «Գառնի»՝ հակաճաղատային լոսյոնը: Նրա խոսքով՝ արդեն իսկ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս հնդկական ընկերությունների հետ:

«Ալֆա ֆարմ» ընկերության (ներմուծող) արտաքին կապերի բաժնի աշխատակից Ժենյա Բաբասյանը եւս հայտնեց, որ բազմաթիվ առաջարկներ ունի իր ընկերության համար, այժմ պետք է ուսումնասիրել դրանք, ինչից հետո, նա հույս հայտնեց, որ ընկերությունը կկարողանա նոր համագործակցություն ծավալել հնդկական դեղարտադրողների հետ: Նրա խոսքով՝ ցուցահանդեսը կազմակերպվել էր շատ բարձր մակարդակով, ներկայացված էին առաջատար հնդակական դեղագործական ընկերությունները: Շատ օգտակար էին նաեւ ցուցահանդեսի ընթացքում կազմակերպված սեսիաները, որոնց ընթացքում ներկայացվում էր տարբեր երկրներում դեղերի գրանցման կարգը:

Արտադրող ընկերություն «Մեդիքալ Հորիզոնը» հետաքրքրված էր ակտիվ նյութերով (API), ինչպես նաեւ լաբորատոր ու արտադրական սարքավորումով: Ընկերության ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանը կարողացել է նույնիսկ անմիջապես ցուցահանդեսի ընթացքում ձեռք բերել ընկերությանն անհրաժեշտ մի սարք: Այս ընկերությունը ես պետք է ընտրի, հնդկական որ ընկերությունների հումքն ու սարքավորումը նեկրել:

Երեանի քիմիա-դեղագործական ֆիրմայի (արտադրող) տնօրեն Սիրազ Մաթեւոսյանը NEWS.am Medicine-ին հայտնեց, որ գործընկերներ է փնտրում իր արտադրությաունն ընդլայնելու համար: Որոշակի պայմանավորվածություններ արդեն իսկ ձեռք են բերվել, սակայն հիմնական բանակցությունները դեռեւս առջեւում են:

Հիշեցնենք, որ Հայաստանի դեղագործական ոլորտի ներկայացուցիչները մայիսի 13–15–ը մասնակցել  են IPHEX -2015 դեղագործական ցուցահանդեսին: Այս ցուցահանդեսին հայ արտադրողների մասնակցությունը հնարավոր դարձավ հնդկական կողմի հետ Հայաստանի Զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակներում:

Ցուցահանդեսին մասնակցել են հետեւյալ ընկերությունները՝ «Արփիմեդ», Երեւանի քիմիա–դեղագործական ֆիրմա, «Բիո–Քիմ», «Մեդիկալ Հորիզոն», «Նատալի Ֆարմ, «Ալֆա–Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Ամիկուս»,«Արմենֆարմ»: Ցուցահանդեսին մասնակցել է նաեւ Դեղարտադրողների եւ ներկրողների (ԴԱՆ) միությունը, ինչպես նաեւ ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Ցուցահանդեսի եզրափակիչ օրը Անահիտ Մկրտչյանն ու Գոհար Ղուկասյանը ՀՀ Առողջապահության նախարարությունից եւ Դավիդ Կարապետյանը «ԱրմենՖարմ» –ից Հայաստանում դեղերի շրջանառության կարգավորման ոլորտի մասին շնորհանդես են ներկայացրել: Ներկայացվել են երկրում գործող ընդհանուր կանոնները, դեղագործական շուկայի առանձնահատկությունները, դեղորայքի գրանցման կարգը,ինչպես նաեւ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է ներկայացված հնդկական արտադրանքը հայկական շուկայում, եւ առկա համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է