• Latest news

Առողջապահության նախարարի մոտ քննարկել են ԵՏՄ անդամակցության եւ դեղերի գների հարցը

23 մայիսի, 2015  16:35

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ  հերթական հանդիպման ժամանակ դեղ ներկրող, արտադրող խոշոր ընկերությունների, ինչպես նաեւ օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներին նախ տեղեկատվություն տրվեց հուլիսի 1-ին Երեւանում մեկնարկվող Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասին։

Համագումարի համանախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ առաջիկա համագումարին կկազմակերպվի 14 սաթելիտային սիմպոզիում եւ մեկ կլոր սեղան, ինչը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի եւս 1500 բժիշկների եւ բուժքույրերի մասնակից լինել աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ հանրաճանաչ մասնագետների դասախոսություններին, ծանոթանալ իրենց ոլորտում աշխարհի նորագույն մոտեցումներին։

Դեղ ներկրող, արտադրող, ինչպես նաեւ  օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներին հորդերվեց օգտվել ստեղծված հնարավորությունից եւ ներկայացված լինել համագումարում։

Արմեն Մուրադյանը հավելեց, որ այս տարի Հայաստանի բուժաշխատողի օրը կնշվի համագումարի շրջանակում` մասնակից դարձնելով հայրենիքում գտնվող սփյուռքահայ մեծաթիվ բժիշկներին։ 

Արա Բաբլոյանը նաեւ նշեց, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարությունից ուղարկվել է Ազգային ժողով` վստահեցնելով, որ ստեղծվող աշխատանքային խումբն ակտիվ  կաշխատի` քննարկումներում ընդգրկելով շահագրգիռ բոլոր կողմերին։ Նպատակն այնպիսի օրենքի ընդունումն է, որը կնպաստի ոլորտի ճիշտ զարգացումներին։ 

Այնուհետեւ նախարար Մուրադյանը ներկայացրեց հանդիպման օրակարգը` նշելով, որ, ինչպես միշտ, քննարկվելու են անցած հանդիպումից հետո ընկած ժամանակաշրջանում ծագած հարցերը` փոխադարձ կարծիքների արդյունքում օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով։ Այս անգամ քննարկվեցին  ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող դեղերի շրջանառության հետ առնչվող հարցեր։ Դեղ ներկրողները բարձրացրել էին նաեւ դեղերի եւ կենսաակտիվ հավելումների ներկրման գործում որոշ կանոնակարգումների անհրաժեշտության հարցը։ Այս ուղղությամբ Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարականներ տվեց գործող օրենսդրական դաշտում դրանք կանոնակարգելու ուղղությամբ։

ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը ներկայացրեց Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության շրջանակում  դեղերի շրջանառությանը վերաբերող քննարկումների արդյունքում  նախանշված  նորմատիվները, որոնք կգործեն 2016 թվականից։ Քննարկվեցին հայկական դեղարտադրողների եւ ներկրողների պատշաճ մուտքը ԵՏՄ շուկա ապահովելու նպատակով դրանց նախապատրաստվելու հարցերը։

Ինչպես միշտ, նախարարը կարեւորեց բնակչությանը որակյալ, անվտանգ  եւ մատչելի դեղերով ապահովումը։ «Այս առումով մեր մոտեցումները խիստ են լինելու»,-ասաց Արմեն Մուրադյանը։

Անդրադարձ կատարվեց նաեւ փետրվարից մինչեւ այժմ անցած ժամանակաշրջանում օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների կողմից նախարարի  հորդորով դեղերի գների կանոնակարգման հարցին։  Արմեն Մուրադյանը կարեւորեց հատկապես առավել շատ օգտագործվող, սրտանոթային դեղամիջոցների, հակաբիոտիկների գների իջեցումը։ Նշվեց, որ մի քանի օրից առավել նկատելի կլինեն հատկապես «Bayer» կազմակերպության կողմից վերանայված գները։ 

«Մենք շարունակելու ենք բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի խոշոր ներկայացուցչությունները որակյալ դեղերը մատչելի գներով ներկրեն Հայաստան»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը` կարեւորելով նաեւ տեղական արտադրության խրախուսումը:

Քննարկվեցին նաեւ դեղերի գրանցմանը, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությունից հետո դեղանյութերի, ռեագենտների եւ դեղագործական ոլորտում կիրառվող այլ նյութերի ՀՀ տարածք ներմուծմանը վերաբերող եւ այլ հարցեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել