• Latest news

Հայաստանի բժիշկները կվերապատրաստվեն Աթենքում

25 մայիսի, 2015  23:04

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ Աթենքի «Մետրոպոլիտան հոսպիտալի» փոխնախագահ Ստեֆանոս Յակումակիսն այսօր ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի Հայաստանի բժիշկները մեկամսյա մասնագիտական վերապատրաստումներ կանցնեն Աթենքում։

«Մեզ համար սա շատ կարեւոր համագործակցություն է։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր մոտեցում է ցուցաբերում հատկապես մարզերում աշխատող երիտասարդ մասնագետների լավագույն կլինիկաներում վերապատրաստումներին»,-ասաց Արմեն Մուրադյանը` հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի փոխշահավետ։

Ստեֆանոս Յակումակիսն ընդգծեց, որ Հուշագրի ստորագրումը կարեւոր համագործակցության առաջին քայլն է, ինչի հիմքում երկու ժողովրդի երկարամյա բարեկամությունն ու փոխադարձ սերն է։ «Մենք ուրախ ենք, որ հայ բժիշկներին կարող ենք փոխանցել այն ամենը, ինչ այսօր կիրառվում է Հունաստանում»,-ասաց նա։

Ներկայացնելով Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները` նախարարը կարեւորեց, որ առաջին անգամ ՀՀ պետական բյուջեով միջոցներ են հատկացվել արտասահմանյան առաջատար կլինիկաներում մասնագետների վերապատրաստումները կազմակերպելու եւ այդ կլինիկաների առաջավոր փորձը Հայաստանում ներդնելու համար։ «Մենք պատրաստ ենք այս տարի մեր մասնագետներին` մարզերում աշխատող երիտասարդ բժիշկներին հնարավորություն ընձեռել, որ իրենց վերապատրաստումները եւ նեղ մասնագիտացման ծրագրերն անցնեն նաեւ միջազգային ճանաչում ունեցող Ձեր կենտրոնում»,-ասաց նախարարը` առաջարկելով մասնակից դառնալ մասնագետների ընտրությանը։ Նա շեշտեց վերապատրաստումից հետո բժիշկների հետագա գործունեության կարեւորությունը մարզերի արդիականացված հիվանդանոցներում։

«Մետրոպոլիտան հոսպիտալի» փոխնախագահն առաջարկեց համագործակցության շրջանակում կազմակերպել նաեւ հույն մասնագետների այցեր` տեղում Հայաստանի գործընկերներին իրենց փորձն ու հմտությունները փոխանցելու նպատակով։ Արմեն Մուրադյանը նշեց, որ Հայաստանում եւս կան ծառայություններ, որոնք կարող են հետաքրքրել հույն մասնագետներին։ «Ունենալով բավականին առաջավոր մասնագետներ եւ առանձին զարգացած ուղղություններ, մենք առաջնորդվում ենք ապացուցողական բժշկությամբ»,-ասաց նախարարը` առաջարկելով մոտիկից ծանոթանալ առանձին կլինիկաների հնարավորություններին։

«ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով Հայաստանում ներդրվելու է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգը։ Մեր մասնագետներն առաջնորդվելու են միջազգային ուղեցույցներով եւ չափորոշիչներով»,-ասաց Արմեն Մուրադյանը` շեշտելով որ տարբեր ազգերի համար բժշկագիտական լեզուն նույնն է։

Նախարարն անդրադարձավ նաեւ 2015 թվականից մեկնարկած եւս երկու ծրագրի` սոցփաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությանը եւ արյան գերճնշման, շաքարային դիաբետի, ինչպես նաեւ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ու վաղ ախտորոշմանն ուղղված սկրինինգային ծրագրին: «Այս եւ հանրային առողջապահական մի շարք ծրագրեր, այդ թվում` ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը, միտված են ոչ վարակիչ հիվանդությունների կառավարմանը»,-նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ համակարգում ներդրվում է միասնական էլեկտրոնային համակարգ, որով առավել արդյունավետ կդառնա թե՛ ֆինանսական, թե՛ մասնագիտական ու նյութատեխնիակական ներուժի կառավարումը։

Երկուստեք վստահություն հայտնվեց, որ Հուշագիրը փոխհամագործակցության լավ հիմք կհանդիսանա։

Նշենք, որ Աթենքի «Մետրոպոլիտան հոսպիտալը» Հունաստանի խոշորագույն մասնավոր բժշկական կենտրոններից է, որտեղ տարեկան շուրջ 25.000 հիվանդ ստանում է հիվանդանոցային բուժում եւ շուրջ 150.000 մարդ օգտվում ամբուլատոր ծառայություններից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է