• Latest news

Ինչպե՞ս հետագայում խուսափել մանկապարտեզներում թունավորումներից

27 մայիսի, 2015  13:57

Մի քանի պարզ քայլերի օգնությամբ հնարավոր է մանկապարտեզներում հետագա թունավորումներից խուսափել: Այդ քայլերի մասին լրագրողներին պատմեց «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով, դեռ 2014 թվականի ամռանը Նորքում փչացած հավեր հայտնաբերելուց հետո, երբ դեռ թունավորման ոչ մի դեպք չէր գրանցվել, հասարակական սեկտորը առաջարկել էր եւ ՀՀ կառավարությանն էր ներկայացրել մի պարզ մեխանիզմ, որը կօգներ հնարավորինս կառավարելի եւ անվտանգ դարձնել երեխաների՝ մանկապարտեզում սննդի մատակարարման ոլորտը: Սակայն ներկայացված քայլերից դեռ ոչ մեկը կյանքի չի կոչվել, իսկ այդ դեպքից ամիսներ առաջ գրանցվել էին Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման դեպքերը, իսկ հիմա էլ նման դեպքեր գրանցվել են Ալաշկերտում:

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել.

1. Բաբկեն Պիպոյանի խոսքով, պետք է նախեւառաջ ունենալ տնտեսվարող սուբյեկտների ամբողջական բազա: Եթե ինչ-որ տեղ թունավորման դեպքեր գրանցվեն, հնարավոր լինի արագ պարզել, թե որ կազմակերպությունն է այս մանկապարտեզին սննդամթերք մատակարարել եւ ինչ այլ մանկապարտեզների է այն մթերք մատակարարում: Հնարավոր է նաեւ, որ խնդիրը լինի արտադրողի մոտ, եւ նման բազան հնարավորություն կտա պարզել, թե էլ որ ընկերություններն են այդ արտադրողից սննդամթերք գնում եւ ինչ մանկապարտեզների են նրանք այն մատակարարում:

Սա, Բաբկեն Պիպոյանի խոսքով, հետագծելիության սկզբունքի առաջին տառն է:

2. Սննդամթերքի անվտանգության ծառայությունը պետք է տենդերները շահող ընկերությունների մոտ ուսումնասիրությունների իրականացնի եւ պարզի, արդյոք դրանք ունեն սննդամթերքի պահպանման պայմաններ: Ընդ որում, դա պետք է անել կազմակերպության՝ տենդերը շահելուց հետո, երբ արդեն պարզ կլինի, թե ինչ քանակությամբ սննդամթերք է այն մատակարարելու:

3. Քանի որ պետական միջոցներով մանկապարտեզների սննդամթերքի վերահսկում իրականացնելը գրեթե անհնար է, այդ վերահսկման լծակները պետք է տրվեն երեխաների ծնողներին, ում պետք է զինել նաեւ համապատասխան գիտելիքներով:

Այս ամենը, Բաբկեն Պիպոյանի խոսքով, տարրական գործողություններ են, որոնք պետք է իրականացնել՝ մանկապարտեզում սննդի անվտանգություն ապահովելու համար, սակայն ՀՀ-ում որեւէ կառույց վերոհիշյալ բազան չունի, եւ մնացած քայլերը նույնպես չեն իրականացվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել