Թրոմբոզը արյունատար անոթներում արյան մակարդուկների ձեւավորման բժշկական անվանումն է: Խորանիստ երակների թրոմբոզը (ԽԵԹ) սովորաբար տեղի է ունենում ոտքի խոշոր երակներից մեկում: ԽԵԹ կարող է առաջացնել ցավ եւ այտուցվածություն արյան մակարդուկի գոյացման հատվածում: Այդ հատվածը կարող է նաեւ կարմրել եւ շոշափման ժամանակ տաք լինել:
ԽԵԹ-ի ամենահաճախակի բարդությունը թոքային էմբոլիան է (խցանում), դա տեղի է ունենում, երբ մակարդուկը կամ նրա մի մասը պոկվում է եւ հայտնվում է թոքերի մեջ: Թոքային էմբոլիայի ախտանիշները ներառում են հեւոց եւ հանկարծակի ցավ կրծքավանդակում, որն ավելի է սրվում խորը շնչառության ժամանակ:
Ահա խորանիստ երակներից խուսափելու մի քանի մեթոդ, որոնք առաջարկում է Քլիվլենդի կլինիկան:
Թողնել ծխելը, առողջ քաշ պահպանել եւ կանոնավոր մարզվել:
Եթե դուք երկարատեւ թռիչք եք իրականացնում կամ ժամերով նստած եք մնում՝ հատուկ զուգագուլպաներ կրեք, եւ հնարավորության դեպքում կանգնեք, տեղաշարժվեք կամ ֆիզիկական վարժություններ կատարեք:
ԽԵԹ ունեցող որոշ հիվանդներին բժիշկները արյունը ջրիկացնոց դեղեր են նշանակում՝ հետագա մակարդումը կանխարգելելու համար: Վարֆարինը կամ Կումարինը տասնամյակների ընթացքում օգտագործվող դեղամիջոցներ են, բայց դրանց կիրառման ժամանակ դեղաչափի հսկողության համար անհրաժեշտ են արյան հաճախակի անալիզներ:
«Հիվանդները պետք է զրուցեն իրենց բժշկի կամ դեղագետի հետ՝ իմանալու համար սննդամթերքների եւ դեղամիջոցների հնարավոր փոխազդեցությունների մասին»- ասաց անոթաբանության մասնագետ Նաթալի Էվանսը:
Կանաչեղենի եւ այլ մթերքների մեջ պարունակվող վիտամիկն К կարող է խանգարել Կումադինի ազդեցությանը: Կա սննդամթերքների մեծ ցուցակ, որոնք դուք պետք է ուտեք միայն չափավոր քանակություններով, քանի դեռ ընդունում եք այդ դեղամիջոցները:
Լոռամրգին եւ նրանից պատրաստված տարբեր մթերքները, օրինակ, հյութը, կարող են ուժեղացնել Կումադինի ազդեցությունը, այդ պատճառով ավելի լավ է խուսափել դրանցից, քանի դեռ դուք ընդունում եք այդ դեղամիջոցը:
Արյունը ջրիկացնող նոր սերնդի դեղամիջոցները՝ ռիվարոքսաբանը (Xarelto), ապիկսաբանը (Eliquis) եւ դաբիգատրանը (Pradaxa) կարող են օգտագործվել ԽԵԹ կանխարգելման համաիր եւ չեն պահանջում արյան հաճախակի անալիզներ, ինչը նրանց ավելի հարմար է դարձնում:
Արյան մակարդման այս նոր սերնդի դեղամիջոցները նաեւ ավելի քիչ բացասական փոխազդեցություն ունեն սննդամթերքների եւ այլ դեղամիջոցների հետ: Բայց եւ ավելի թանկ են, քան վարֆարինը, եւ չունեն սպեցիֆիկ անտիդոտ արյունահոսությունների ժամանակ: Հիվանդները պետք է զրուցեն իրենց բուժող բժիշկների հետ այս դեղամիջոցների կիրառության առավելությունների մասին:
Եթե դուք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ եք ընդունում, դուք չպետք է շատ ինտենսիվ սպորտով զբաղվեք, քանի որ դա կարող է վտանգավոր արյունահոսությունների հանգեցնել:
Բացի դրանից, կտրվածքներ եւ կապտուկներ ստանալու վտանգն առկա է անգամ այնպիսի սովորական գործողությունների ժամանակ, ինչպիսիք են սափրվելը կամ այգում աշխատելը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր