• Latest news

Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը մեկնարկեց Հայկ Դեմոյանի դասախոսությամբ (ֆոտո)

2 հուլիսի, 2015  12:56

Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը մեկնարկեց «Հայ ու օտարերկրյա բժիշկների առաքելությունը 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ ու դրանից հետո» զեկույցով, որը ներկայացրեց Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նա ներկայացրեց Արեւմտյան Հայաստանի բժիշկների, հայերի կողմից ստեղծված հիվանդանոցների քանակը, ինչպես նաեւ ներկայացրեց Արեւմտյան Հայաստանի տարածքում օտարերկրյա առաքելությունների աշխարհագրությունը:

Հայկ Դեմոյանը Համագումարի մասնակիցներին ցուցադրեց այդ տարիների հիվանդանոցների ու բժիշկների լուսանկարները, որոնք հրաշքով պահպանվել են մինչեւ մեր օրերը: Նա ներկայացրեց նաեւ հիվանդանոցների կնքիներն ու փաստաթղթերը: Ընդհանուր առմամբ, Դեմոյանի խոսքով, հայերը մեծ դեր են խաղացել Օսմանյան կայսրությունում բժշկության ու բժշկական գիտության զարգացման գործում:

1880-ական թվականներից սկսած՝ նրա խոսքով, լույս են տեսել բազմաթիվ հոդվածներ ու մենագրություններ՝ բժշկությանը նվիրված, որոնք հիմնականում բարձրացնում էին առողջ ապրելակերպի, մարմնամարզության, ինչպես նաեւ դրանում կանանց մասնակցության դերը:

Կային այդ տարիներին նաեւ մի շարք բժշկական պարբերականներ՝ ներառյալ «Բժիշկ» պարբերականը: Պահպանվել են նաեւ բժիշկների հայտարարությունները, որոնք երբեմն նաեւ ծիծաղաշարժ են:

Պատմեց Հայկ Դեմոյանը եւ  օտարեկրյա առաքելությունների բժիշկների մասին, որոնց գործունեությունը այս տարիներին կարելի է հերոսական համարել: Պատմեց նաեւ օսմանյան բժիշկների մասին, որոնքց մի մասը երիտթուրքերի գաղափարախոսներն էին: Այդ բժիշկները հայերի բնաջնջումը հիմնավորող հատուկ տերմինաբանություն էին օգտագործում՝ հայերը համաճարակ են, ինֆեկցիաների հարուցիչ, եւ այլն:

Հայոց Ցեղասպանության թանգարանում պահվում է նաեւ բացառիկ մի նմուշ, որը պահպանվել է եւ փոխանցվել թանգարանին Սիրիայի հայերի կողմից: Դա երիտթուրքերի առոջնորդներից մեկի՝ Բեհաէդդին Շաքիրի՝ օսմաներեն լեվով մենագրությունն է այն մասին, թե ինչ միջոցներով է պետք սպանել պաթոլոգիաներ ունեցող նորածիններին: Գիրքն ընծայագրված է Գրիգոր Զոհրապին, որին նա կսպանի մեկուկես տարի անց:

Ցեղասպանության տարիներին հայերին օգնություն մատուցած բժիշկներից էր նաեւ ԱՄՆ Կարմիր խաչի հիմնադիրը՝ Կլարա Բարտոնը, որը ժամանել էր Թուրքիա 1898-ին՝ համիդյան ջարդերից հետո հայերին օգնելու համար:  Այդ բժիշկների թվում էին նաեւ մեզ քաջ հայտնի Կլարենս Աշերն ու Արմին Վագները: Ռուս-թուրքական ճակատում որպես բուժքույր էր եղել նաեւ Լեւ Տոլստոյի դուստրը՝ Ալեքսանդրա Տոլստայան, եւ նրա հիշողությունները կարեւոր են նրանով, որ նա պատմում է դեռեւս 1914 թվականին իրականացվող հայերի բնաջնջման մասին:

Հայկ Դեմոյանը նաեւ ամերիկյան թերթում լույս տեսած մի հոդված ցույց տվեց, որը պատմում էր այն մասին, թե ինչպես մի հայ կին գտավ իր երեխային թուրքերի մոտ: Նրան ստիպեցին ապացուցել, որ դա իր երեխան է, եւ այդ ժամանակ նա օրորոցային երգեց հայերենով, ինչից հետո երեքամյա երեխան, որին նա կորցրել էր երկու տարի առաջ, մոտ գնաց նրան՝ ծանոթ ելեւէջներ լսելով:

Հայ ժողովրդին մեծ ծառայություն մատուցած մեկ այլ բժիշկ էլ Յակոբ Կյունցլերն էր: 1922 թվականին նա Հալեպ տեղափոխեց 8000 հայ որբերի, իսկ երբ անապատում նրանց վրա փորձեցին հարձակվել, հարձակվողներից մեկը տեսավ Կյունցլերին եւ հիշեց, որ բժիշկը փրկել էր իր դստեր կյանքը: Հայ որբերը շարունակեցին իրենց ճանապարհը:

Այնուհետեւ կադրերում Ալեքսանդրոպոլն է, որը մամուլում անվանում էին որբերի քաղաք: Այստեղ աշխատում էին ամերիկյան առաքելությունները: Հայկ Դեմոյանը ցույց տվեց մանկատան լուսանկարը: Դրա մուտքի մոտ հերթ է: Տեսարանը սարսափազդու է, որովհետեւ հերթում կանգնած երեխաներին կընդեւնեն որբանոց, եթե այնտեղ ինչ որ մեկը մահանա:

Հիշեցնենք, որ Երեւանում տընթանում է 4-րդ միջազգային բժշկական համագումարը: Այն տեղի է ունենում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի տարում: Համագումարի մասնակիցները այսօր՝ 16:00-ին կայցելեն Ցեղասպանության թանգարան ու Ցեղասպանության զոհ գնացած բժիշկների կամ Ցեղասպանությունից տուժածներին օգնություն մատուցած բժիշկների ծառուղի կբացեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է