• Latest news

Պատվաստումը Ալցհեյմերի բուժման ապագան է. պատմում է պրոֆեսոր Մ.Աղաջանյանը

5 հուլիսի, 2015  17:20

Ալցհեյմերի հիվանդությունը սարսափելի հիվանդություն է, որը ախտահարում է մարդու կոգնիտիվ գործառույթներն ու հիշողությունը: Միայն ԱՄՆ-ում դրանով տառապում է 5 միլիոն մարդ, իսկ ամբողջ աշխարհում Ալցհեյմերի հիվանդություն ունեցողների թիվը 25-30 միլիոն մարդ է կազմում: Բուժել Ալցհեյմերը ժամանակակից բժշկությունն ու գիտությունն ի զորու չեն, սակայն շատ ընկերություններ այսօր աշխատում են պատվաստանյութերի ստեղծման վրա, որոնք ի զորու կլինեն եթե չկանխել հիվանդության զարգացումը, ապա դանդաղեցնել դրա ընթացքը:

Այդպիսի պատվաստանյութերից մեկի ստեղծման վրա է աշխատում Մոլեկուլյար բժշկության ինստիտուտը ներկայացնող իմունոլոգ Միխայիլ Աղաջանյանը՝ Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսորը: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա պատմեց մշակվող վակցինայի, ինչպես նաեւ Ալցհեյմերի բուժման՝ գոյություն ունեցող մոտեցումների մասին:

Դեղեր, որոնք կարող են բուժել Ալցհեյմերը, ցավոք սրտի, գոյություն չունեն: Կան, տեղեկություններ երկու համակցվող դեղերի մասին, որոնք թույլ են տալիս որոշակի դրական արդյունքներ արձանագրել, սակայն այդ տվյալները դեռեւս շատ չեն: Շատ գիտնականներ այժմ սպասում են այս դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքներին: Կան նաեւ դեղեր, որոնք օգտագործվում են միայն ախտանշային բուժման համար: Որոշ դեպքերում դրանք փոքր ինչ բարելավում են պացիենտների հիշողությունն ու ընդհանուր վիճակը:

Քանի որ հիվանդությունը շատ վտանգավոր է ոչ միայն հիվանդի, այլ նաեւ երկրի տնտեսության համար («Մենք ակնկալում ենք, որ մեկ տրիլիոն 200 մլն դոլար պետք կգա այս հիվանդությամբ տառապող մարդկանց բուժման համար 25 տարի հետո, դրանք լուրջ գումարներ են, որոնք կարող են քայքայել երկրի տնտեսությունը», - նշեց բժիշկը), շատ ընկերություններ հիվանդությունը հաղթահարելու ու Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց հաշմանդամությունը կանխելու միջոցներ են փնտրում:

Ինչպես նշեց Միխայիլ Աղաջանյանը, 2000 թվականից սկսած Ալցհեյմերի հիվանդության դեմ պատվաստանյութի մշակման աշխատանքներ են տարվում: Առաջին հերթին գիտնականները պարզել են, որ այս հիվանդության զարգացմանը մասնակցում են երկու սպիտակուց՝ փոքր ամիլոիդ, որը կազմված է ընդամենը 42 ամինաթթուներից, եւ TAU՝ միկրոտուբուլյար սպիտակուցը, որը սկսում է ֆոսֆորիլացվել եւ դադարեցնում է իր գործառույթները:

Այսօր ընդունված է կարծել, որ, եթե ամիլոիդը յուրահատուկ տրիգեր է հանդիսանում, այն ակտիվացնում է Ալցհեյմերը: Սակայն հիվանդության ախտանիշները ի հայտ են գալիս միայն այն պահից, երբ պացիենտի մոտ սկսում են ակումուլացվել TAU սպիտակուցները: Հենց այդ ժամանակ է սկսվում հիշողության կորուստը:

Այսպիսով, այսօր շատ խոշոր ընկերություններ աշխատաում են Ալցհեյմերի հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման վրա: Ինքը Աղաջանյանը մասնակցում է Լումբեկ դանիական ընկերության՝ այդպիսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքներին:

«Մենք պատվաստանյութը ավելի բարդ ու ավելի հետաքրքիր ենք դարձրել: Այն ինդուցում է հակամարմիններ, որոնք էլ հեռացնում են այդ սպիտակուցներն ուղեղից», - բացատրում է գիտնականը:

Այս հակամարմինների աշխատանքի ստույգ սկզբունքներն առայժմ հայտնի չեն, սակայն, հավանաբար, դրանք, հայտնվելով ուղեղում, հեռացնում են այնտեղից պաթոլոգիկ մոլեկուլները, իսկ արդյունքում կոգնիտիվ գործառույթները բարելավվում են:

Այժմ նաեւ կլինիկական փորձարկումներ են իրականացվում ամիլոիդի դեմ, սակայն դրանք այնքան էլ հաջող չեն: Խնդիրն այն է, որ պատվաստումն արվում է հիմնականում բավականին ուշ, երբ հիվանդությունն արդեն կա, եւ կան TAU սպիտակուցներ, եւ հիշողության կորուստ, եւ այդ պատճառով դրական արդյունքներ առայժմ ոչ մի ընկերություն չի արձանագրել: Շատ ընկերություններ արդեն դադարել են աշխատանքները, սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք շարունակում են աշխատաել պատվաստանյութի ստեղծման վրա:

Ինչպես նշեց բժիշկ Աղաջանյանը, ամիլոիդների դեմ պատվաստանյութերի հիմնական բարդությունը կայանում է նրանում,  որ վակցինացիան պետք է վաղ սկսել՝ մինչեւ հիվանդության զարգանալը: Իսկ ահա TAU սպիտակուցների դեմ պատվաստվել կարելի է նաեւ ավելի ուշ, այդ պատճառով այս պատվաստանյութը բավականին խոստումնալից է թվում։

Բացառված չէ, սակայն, որ մոտ ապագայում գիտնականները հնարավորություն կստանան ավելի դրական արդյունքներ արձանագրել նաեւ ամիլոիդների դեմ պատվաստանյութերի ստեղծման գործում: Ինչպես նշեց բժիշկ Աղաջանյանը, բիոմարկերներն այսօր շատ բան են փոխել: Նախկինում բժիշկները չէին կարողանում ախտորոշել Ալցհեյմերը եւ ախտորոշում էին այն՝ հիմնվելով պացիենտի հետ զրույցի վրա, իսկ այժմ կան բիոմարկերներ, որոնց միջոցով կարելի է որոշել վերոնշյալ սպիտակուցների քանակն ու հասկանալ, որ փուլում է գտնվում հիվանդությունը:

Այս ամենի հետ կապված՝ հիվանդության փուլերի ընկալումը եւս փոխվել է: Նախկինում դրանք երեքն էին՝ mild, moderate, severe, իսկ հիմա իրավիճակը փոխվել է, եւ գիտնականներն արդեն գիտեն հիվանդության ապախտանիշային փուլի մասին, երբ ախտանիշներ դեռ չկան, սակայն բիոմարկերներով կարելի է որոշել սպիտակուցների, ամիլոիդների քանակը եւ հասկանալ, որ հիվանդությունը կա եւ զարգանում է:

Ճիշտ է, այս մեթոդները, բժիշկների պնդմամբ, դեռեւս շատ բարդ են: Սակայն դրանց զարգացումը կարող է օգնել պատվաստումը սկսել հնարավորինս շուտ, ինչն էլ պատվաստանյութերն ավելի արդյունավետ կդարձնի: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է