• Latest news

Հեպատիտներ B ու C. յուրահատկություններն ու վարակման ճանապարհները

28 հուլիսի, 2015  12:49

Ժամանակակից բժշկությունը տարբերակում է A, B, C եւ E հեպատիտները, սակայն դրանցից առավել տարածված են B եւ C հեպատիտները: Այս հեպատիտների որոշ յուրահատկությունների մասին կպատմի հեպատիտոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

Հեպատիտ B-ն ու հեպատիտ C-ն փոխանցվում են արյան միջոցով: Այսինքն՝ վարակվել կարելի է արյան փոխներարկման, տարբեր բժշկական պրոցեդուրաների ժամանակ, ինչպես նաեւ գեղեցկության սրահներում՝ մանիկյուրի, պեդիկյուրի, տատուաժի ժամանակ: Հեպատիտներով կարելի է վարակվել նաեւ անպաշտպան սեռական ակտի ժամանակ: Գոյություն ունի նաեւ փոխանցման այսպես կոչված հորիզոնական համակարգ՝ վարակված մորից երեխային ծննդաբերության ժամանակ:

Իսկ ահա արտահայտվում են այս հիվանդությունները տարբեր կերպ; Հեպատիտ B-ն հիմնականում դրսեւորվում է որպես սուր հիվանդություն, իսկ ահա մարդը, որը վարակված է հեպատիտ C-ով, կարող է երկար տարիներ չիմանալ իր հիվանդության մասին՝ մինչեւ լյարդի ցիրոզի կամ ուռուցքի ի հայտ գալը:

Ինչպես նշեց մասնագետը, հեպատիտ B-ի՝ քրոնիկ հիվանդության վերածվելը կախված է վարակման ժամանակից: Երեխաների մոտ 95 տոկոս դեպքերում այն քրոնիկ բնույթ է ստանում, մեծերի մոտ՝ 5 տոկոս դեպքերում: Իսկ ահա հեպատիտ C-ի հետ ամեն ինչ մի փոքր այլ է: Անկախ տարիքից՝ այն դեպքերի 80 տոկոսում քրոնիկ բնույթ է ստանում:

Բուժել հեպատիտ B-ն առայժմ հնարավոր չէ, կարելի է միայն վերահսկել: Իսկ հեպատիտ C-ն բուժելի է, սակայն դրա բուժման դեղորայքը շատ թանկարժեք է:

Ինչ վերաբերվում է կասեցմանն ու կանխարգելմանը, հեպատիտ B-ի դեպքում դա ավելի հեշտ է՝ հեպատիտ C-ի համեմատ: Հեպատիտ B-ից կարելի է պատվաստվել, եւ այդ պատվաստումը 153 երկրների՝ նաեւ Հայաստանի, ազգային ծրագրերում է: Նորածիններն այստեղ պատվաստում են ստանում կյանքի առաջին ժամերին, ինչը նվազեցնում է վարակման հավանականությունը: Ինչպես նշեց Հասմիկ Ղազինյանը, շնորհիվ այս պատվաստումների՝ վերջին տարիներին չի արձանագրվել մինչեւ 14 տարեկան երեխաների մոտ հեպատիտի եւ ոչ մի դեպք:

Հեպատիտ C-ի դեմ պատվաստումներ չկան, ապահովագրվել դրանից կարելի է միայն ուշադրությամբ եւ զգուշությամբ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել