• Latest news

Նոր տիպի լապարոսկոպիկ ուրոլոգիական վիրահատություններ՝ «Իզմիրլյան» ԲԿ–ում

28 հուլիսի, 2015  16:57

«Իզմիրլյան» ԲԿ-ի ուրոլոգիական կլինիկան, լինելով ՀՀ-ում ժամանակակից մասնագիտական ծառայություն մատուցող ստորաբաժանումներից մեկը, կատարեց եւս մեկ քայլ դեպի ժամանակակից ուրոլոգիական վիրաբուժություն: Կենտրոնում կատարվեցին եւ ներդրվեցին լապարոսկոպիկ մեթոդով ավազան միզածորանային սեգմենտի պլաստիկա եւ նեֆրէկտոմիա վիրահատությունները:

Ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման եւ բուժման մեջ լապարոսկոպիկ մեթոդն ունի մեծ նշանակություն: Այն նպաստում է ցավային սինդրոմի ինտենսիվության նվազմանը, հոսպիտալացման շրջանի կրճատմանը, առօրյա կյանքին արագ վերադարձին: Սկզբնական շրջանում լապարոսկոպիան ուրոլոգիայում կիրառվում էր ախտորոշիչ նպատակներով, հետագայում հնարավոր դարձավ այդ մեթոդով հեռացնել օրգաններ, կատարել այլ վիրահատություններ:

Կենտրոնում նախկինում կատարվել են լապարոսկոպիկ վիրահատություններ, եւ բժիշկները բավականին փորձ ունեն: Սակայն ավելի մեծ ծավալով լապարոսկոպիկ վիրահատություններ կատարելու համար բժշկից պահանջվում է ավելի մեծ հմտություն եւ փորձ: Այս անգամ, ի շնորհիվ «Իզմիրլյան» ԲԿ-ի եւ Սանկտ-Պետերբուրգի ակադեմիկոս Պավլովի անվան Պետական Բժշկական համալսարանի համագործակցության, ի դեմս դոցենտ Մկրտիչ Մոսոյանի, որը նաեւ հանդիսանում է da Vinci ռոբոտի պաշտոնական փորձագետ Ռուսաստանի Դաշնությունում, եւ ռոբոտ-ասիստացված վիրաբուժություն սովորեցնելու եւ սերտիֆիկատ տրամադրելու պաշտոնապես իրավունք ունի, հնարավորություն ընձեռնվեց ընդլայնել կատարող վիրահատությունների ծավալը:

Ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, դոցենտ Արթուր Գրաբսկին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թեպետ լապարոսկոպիկ մեթոդով ավազան միզածորանային սեգմենտի պլաստիկան եւ նեֆրէկտոմիան ստանդարտ են համարվում, այնուամենայնիվ «Իզմիրլյանում» կատարվածը պարունակել է ոչ ստանդարտ տարր, առանց լրացուցիչ կտրվածք կամ անցք անելու` երիկամից հեռացվել է երկու քար` օգտագործելով հատուկ ֆիբրոգործիքներ: 

Ըստ Գրաբսկու, «Իզմիրլյան» ԲԿ-ի համար սա մի քայլ առաջ էր, եւ կենտրոնը պլանավորում է շարունակել նմանատիպ վիրահատությունները: «Առաջին քայլերն արել ենք, կշարունակենք առաջ ընթանալ եւ փորձ կուտակել, եւ արդեն համագործակցությունը Սանկտ-Պետերբուրգի բժշկական համալսարանի հետ ավելի ընդլայնելու առաջարկություն ունենք: Եվ եթե օրերից մի օր ռոբոտ տեղադրենք, դոցենտ Մոսոյանը պատրաստակամություն է հայտնել ալցելել եւ կազմակերպել ամբողջ անձնակազմի եւ թիմի համապատասխան ուսուցումը, պարբերաբար այցելություններով կատարելագործել բժշկական թիմի աշխատանքը մինչեւ արհեստավարժ մակարդակը»,- ասաց բժիշկը:

«Իզմիրլյան» Բժշկական Կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը ստեղծվել է 10 տարի առաջ, եւ մատուցվող ծառայությունների որակի շնորհիվ այսօր համարվում է հանրապետության լավագույն բաժանմունքներից մեկը: Սկզբում, 2005թ. բաժանմունքում եղել է միայն Արթուր Գրաբսկին եւ մի բուժքույր, իսկ այսօր այստեղ արդեն աշխատում են 8 բժիշկ, դասընթացներ են անցնում բազմաթիվ ուսանողներ եւ ռեզիդենտներ,  քանի որ «Իզմիրլյան» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքը նաեւ Երեւանի Բժշկական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի ուսումնական բազան է:

Բաժանմունքը հագեցած է նորագույն սարքավորումներով, ունի լազերային սարքեր, նախատեսված էնդոսկոպիկ եղանակով քարափշրման եւ շագանակագեղձի ադենոմայի վիրահատության համար, ընդ որում վերջինս միակն է տարածաշրջանում, որը հնարավորություն է տալիս ներմիզուկային մասնահատումը (տրանսուրեթրալ ռեզեկցիան, ՏՈՒՌ) կատարել արյան նվազագույն կորստով, ինչի շնորհիվ հիվանդները շատ ավելի արագ են ապաքինվում վիրահատությունից հետո: Իսկ STORZ ֆիրմայի հեռահար քարափշրման սարքը հնարավորություն է տալիս միզային քարերը փշրել առանց վիրահատական միջամտության:

«Եվ տեխնիկական հագեցվածությունը, եւ մասնագիտական պատրաստվածությունը մեզ թույլ են տալիս անընդհատ առաջ շարժվել: Միայն լապարոսկոպիան էր դանդաղ առաջ գնում, այն էլ տեղից շարժեցինք, հիմա կարծում եմ ավելի ակտիվ կզարգացնենք», ասաց ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, դոցենտ Արթուր Գրաբսկին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել