• Latest news

Գյումրիում բոտուլիզմ է արձանագրվել եւս մեկ մարդու մոտ

31 օգոստոսի, 2015  16:41

Գյումրիում օգոստոսի 31–ին բոտուլիզմի ախտանշաններով հոսպիտալացվել է եւս մեկ հիվանդ, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գյումրիում օգոստոսի 30–ին 35-ամյա Քրիստինե Ս.–ն հոսպիտալացվել է բուտուլիզմ աշխտորոշումով: Նրա վիճակը կայուն ծանր է։

Համաձայն Առողջապահության նախարարության հաղորդագրության, համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ թունավորման պատճառը հենց տուժածների կողմից 20 օր առաջ տնային պայմաններում պահածոյացված վարունգի մարինադի օգտագործումն է: Օգտագործումից մի քանի ժամ անց հիվանդներից մեկի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` սրտխառնոց, փսխում, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, շնչահեղձություն, կլման ակտի խանգարում: Հիվանդը հոսպիտալացվել է «Գյումրու» բժշկական կենտրոն, որտեղ նրան անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ: Ներկայումս հիվանդի վիճակը գնահատվում է ծանր: Բուժումը շարունակվում է:

Նույն մարինադից օգտագործել են ընտանիքի եւս երկու անդամ, որոնցից մեկի մոտ օգոստոսի 31-ին սկսել են զարգանալ բոտուլիզմին բնորոշ կլինիկական նշաններ՝ աչքի կոպի իջեցում, անզուսպ փսխումներ: Հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում է ստացիոնար բուժում:

ՀՀ ԱՆ հիշեցնում է, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Այն սպորների ձեւով գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի եւ զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են եւ արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում, բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) եւ ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը եւ տեսքը:

Հիվանդության հիմնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, փորլուծություն կամ փորկապություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, բերանի չորություն, տեսողության խանգարում (աչքերի առջեւ մշուշ, ցանց), երկտեսություն, բբերի լայնացում, կոպի իջեցում, խոսքի խանգարում (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձություն, կլման ակտի խանգարում, հավասարակողմ կաթված:

Բոտուլիզմից` ծանր այս թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

- խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

- տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկեք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

- մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

- առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել